«Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀՀ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող ճանաչի «խաղաղության պայմանագրի» տեքստը, ինքը կնախաձեռնի սահմանադրական հանրաքվե եւ հասարակությանը կհամոզի կողմ քվեարկել։
Նա նշեց, որ «խաղաղության պայմանագրի» համաձայնեցված տեքստում դրույթ կա, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը այնպես, ինչպես եղել է ԽՍՀՄ ժամանակներում։ Նախագծում մեկ դրույթ էլ կա՝ կողմերը հայտարարում են, որ միմյանց նկատմամբ չունեն որեւէ տարածքային պահանջներ եւ ապագայում չեն ներկայացնելու որեւէ նման պահանջներ։ Այսինքն, ըստ նրա, Հայաստանն ու Ադրբեջանն արդեն իսկ համաձայնեցրել են նախագծի տեքստում, որ չեն կարող լինել որեւէ տարածքային պահանջներ մյուս կողմի նկատմամբ։
«Պայմանագրի տեքստում կա եւս մեկ կարեւոր դրույթ, որը նախատեսում է, որ կողմերը չեն կարող իրենց ներպետական օրենսդրությունը վկայակոչել որպես հիմնավորում խաղաղության պայմանագիրը չկատարելու համար։ Հայաստանի օրենսդրության համաձայն՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո մենք պարտավոր ենք այն ուղարկել մեր Սահմանադրական դատարան՝ ստուգելու համար պայմանագրի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։ Դա ընտրության խնդիր չէ, դա պարտադիր է, այդ փաստաթուղթը պարտադիր պետք է ուղարկվի ՍԴ։ Մենք երկու տարբերակ ունենք, առաջին տարբերակն այն է, որ եթե ՍԴ-ն որոշում է, որ Հայաստանի ու Արդբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի տեքստը չի համապատասխանում մեր Սահմանարդությանը, մենք կունենանք շատ առաձնահատուկ իրավիճակ, որում պետք է որոշում կայացնել։
Ազնիվ ասեմ՝ ես այդ դեպքում կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ, քանի որ այս խաղաղության գործըթնացը եւ խաղաղության պայամանագիրը չպետք է բաց թողնվեն։ Կհամոզենք մեր հասարակությանը, որ այդ փոփոխությունն արվի տեւական եւ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։
Բայց եթե ՍԴ-ն որոշի, որ պայմանագիրն ամբողջովին համապատասսխանում է Հայաստանի ՀՀ Սահմանադրությանը, ապա որեւէ խոչընդոտ չի լինի փաստաթուղթը մեր ԱԺ վավերացման ուղարկելու ճանապարհին։ Վավերացումից հետո այդ փաստաթուղթը ձեռք կբերի ամենաբարձր իրավաբանական ուժը Հայաստանում։
Սա շատ կարեւոր լուր է, որովհետեւ դա նշանակում է, որ խաղաղության պայմանագիրը կլուծի բոլոր մտահոգությունները, որոնք Ադրբեջանը կարող է ունենալ եւ ունի ներկայումս։ Ուստի, ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից բարձրացված խնդիրների լուծման տարբերակը պայմանագրի ստորագրումն է եւ ոչ թե չստորագրումը։
Շանս չկա, որ չկատարվեն Ադրբեջանի ակնկալիքներն այն դեպքում, երբ ստորագրվի խաղաղության պայամանգիրը։ Այսինքն՝ կարող եք վստահ լինել, որ 100 տոկոսով Ադրբեջանի բոլոր մտահոգությունները կփարատվեն, եւ այդ մտահոգությունները փարատելու համար խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի։ Եվ դա է մեր հիմնական ուղերձը»,- հայտարարեց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը համաժողովի մասնակիցներին ցուցադրեց Տավուշում այսպես կոչված «սահմանազատված» տարածքները, ասաց, որ այդ հատվածներում «ամբողջական 100 տոկոսանոց խաղաղություն է եւ անվտանգության երաշխիքներ»։
Նա նաեւ ներկայացրեց իր «խաղաղության խաչմերուկը» եւ ասաց, որ Ադրբեջանը վանում է այս նախագիծը։
Անդրադարձավ նաեւ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջներին, ասաց, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքի 60 տոկոսը «արեւմտյան Ադրբեջան» է անվանում։ «Արեւմտյան Ադրբեջան չի կարող լինել Ադրբեջանի արեւմտյան տարածքից դուրս, դրա քննարկումը մեզ համար բացառված է։ ՀՀ տարածքում չի կարող լինել Արեւմտյան Ադրբեջան»,- նշեց նա։