ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստը, որտեղ պետք է քննարկվեր իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած՝ նվազագույն ժամկետներով ծառայելու օրինագիծը, հետաձգվեց:
Պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանն ասաց, որ դեռ պիտի քննարկվի նախագիծը, և որ նաև հանրային արձագանքն է պատճառը, որ որոշել են նորից քննարկել ու փոփոխություններ անել:
«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հայկ Սարգսյանն ավելի ուշ «Ազատության» հետ զրույցում ասաց․ «Սա կարևոր է, որպեսզի մեր այն քաղաքացիները, ովքեր պլանավորել էին, որ պետք է հրաժարվեն իրենց քաղաքացիությունից մինչև կցագրվելը բանակում, և նրանց երեխաները, որ 9-10 տարեկան էին, և նրանք չէին շտապում հրաժարվելու քաղաքացիությունից, լսելով օրենսդրական նախաձեռնության մասին, կան ազդակներ, որ շատերը փորձում են մինչև օրենքի ուժի մեջ մտնելը հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, ինչը մենք պետք է թույլ չտանք», – ասաց նա:
2020 թվականին՝ 44 օրյա պատերազմին և դրան հաջորդած տարում ավելի քան 10.000 քաղաքացի է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, որից միայն 6278-ը արական սեռի քաղաքացիներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ՝ ամփոփելով գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ ներքին գործերի նախարարությունից ստացված տվյալները:
2020-2024թվականը դադարեցվել է ընդհանուր 21590 անձի ՀՀ քաղաքացիություն. նրանցից 13390-ը հանդիասանում են արական սեռի քաղաքացիներ: Նշված ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիությունը դադարեցրած արական սեռի քաղաքացիներից կրկնակի ավելին՝ 8732-ը, եղել են մինչև 18 տարեկան: