Վիտալի և Լիանա Գրիգորյանների ընտանիքն Արցախի Ասկերան քաղաքից տեղահանվելուց հետո բնակություն է հաստատել Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում։ Արցախում նրանք զովացուցիչ ըմպելիքի արտադրությամբ էին զբաղվում․ Ասկերանում ունեին իրենց սեփական արտադրամասը, անգամ շրջափակման ամիսներին այն չէր դադարում գործել և քաղցր ու զովացուցիչ ըմպելիքով բավարարել բնակչությանն ինչպես Ասկերանում, այնպես էլ հարակից բնակավայրերում։
Տեղահանությունից հետո Վիտալին Աբովյան քաղաքում տարածք է վարձակալել և վերսկսել ընտանեկան բիզնեսը։
-Արդեն բավական ժամանակ է, ինչ զբաղվում ենք զովացուցիչ ըմպելիքի արտադրությամբ։ Այդ գործում մենք հմտացել ենք Արցախում և կարելի է ասել, որ մեզ դուր է գալիս ըմպելիք արտադրելու գործընթացը։ Արցախում, երբ շրջափակման ժամանակ քաղցրի պակասն ակնհայտ էր, մեր պատրաստած զովացուցիչ ըմպելիքները կարծես փրկություն լինեին մարդկանց, առանձնապես՝ երեխաների համար։ Դա ոգևորում ու միաժամանակ պարտադրում էր մեզ՝ չդադարեցնել արտադրությունը։ Քանի որ ունեինք փորձ, համապատասխան հմտություններ՝ որոշեցինք շարունակել մեր գործունեությունն այստեղ, որը մեր ընտանիքի եկամտի միակ աղբյուրն է։ Ձեռք ենք բերել համապատասխան սարքավորումներն ու սկսել աշխատել։ Իհարկե, սկզբից դժվարություններ կային, սակայն մենք դրանք կարողացանք հաղթահարել, որովհետև աշխատող մարդը ոչնչից չպետք է վախենա,-ասում է Վիտալին։
Արցախյան առաջին պատերազմում զոհվածների զավակներ են Վիտալին ու Լիանան։ Նրանք, ինչպես ոչ ոք, լավ գիտեն՝ ինչ է ցավը, դժվարությունը և դրանց հաղթահարելու կամքի ուժը։ Ցանկացած խնդիր լուծման ենթակա է, եթե կա դրա լուծման բանալին։ Իսկ Գրիգորյանների հաջողության բանալին իրենց ձեռքին է։ Դա իրենց ընտանիքն է՝ մոր՝ Սուրբիկի գլխավորությամբ և եղբայրների աջակցությամբ
-Փորձություններ հաղթահարելով ենք միշտ առաջ շարժվել ու երբևէ չենք վհատվել։ Մենք սովոր ենք ապրել մեր հալալ քրտինքով ու այդպես էլ մեր երեխաներին ենք դաստիարակում։ Աղջիկս սովորում է Հերացու անվան բժշկական համալսարանում։ Իհարկե, հեշտ չէ, քանի որ ապրում ենք վարձակալությամբ և ունենք մի շարք խնդիրներ, սակայն հույս ունենք, որ Հայաստանում կյանքի կոչված մեր բիզնեսը կտա իր բարի պտուղները, ու մենք ինքներս կկարողանանք օգնել մեր անկարող հայրենակիցներին։ Ես ուզում եմ, որ արցախցիները, ովքեր բնակվում են Աբովյանում կամ մոտակա բնակավայրերում, տեղյակ լինեն մեր արտադրության մասին և ցանկալի է, որ նպաստեն մեր արտադրանքի իրացմանը։ Հավաստիացնում եմ՝ խմելով մեր բազմահամ ըմպելիքները, մեր հայրենակիցները կառնեն Արցախի համը, նրանց մոտ կարթնանան քաղցր հիշողությունները,- հուզմունքը մի կերպ է զսպում Լիանան։
Գրիգորյաններն աշխատանքի ընթացքում չեն դադարում երազել ու հուսալ, որ մի գեղեցիկ օր անպայման կվերադառնան Արցախ, որտեղ նրանց սպասում են հարազատների շիրիմները:
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ