Արցախի հունական համայնքի նախագահ Սոֆի Իվանիդիսը Step1.am-ին պատմեց Հայաստանում գտնվող արցախցի հույների իրավիճակի մասին։
-Տիկին Իվանիդիս, ինչպես գիտենք, Արցախի անբաժանելի մասն էր կազմում փոքրիկ հունական համայքը, որը կոմպակտ բնակեցված էր Մարտակերտի շրջանի Մեհմանա գյուղում: Որպես համայնքի ներկայացուցիչ կարող եք նշել, որքա՞ն էր համայնքի անդամների ընդհանուր թվաքանակը:
-Մի փոքր ավելի հետ պետք է գնանք և նշենք, որ մինչ 90-ակաների պատերազմը Արցախում թվով ավելի մեծ հունական համայնք կար, սակայն առաջին պատերազմի ժամանակ Հունաստանի հանրապետության կողմից հրավեր ստացվեց, և Արցախի հույների մեծ մասը տեղափոխվեց Հունաստան: Արցախում մնաց համայնքի մոտ 10%-ը։ Եվ այստեղ պետք է շեշտել, որ հիմանականում հունա-հայկական ընտանիքները շարունակեցին ապրել Արցախում: 2020 թվականի պատերազմից հետո ես հավաքագրում իրականացրեցի և պարզվեց, որ ընտանիքների թիվը 30 է: Հատկանշական է, որ 2023 թվականի հայրենազրկումից հետո թվի փոփոխություն գրեթե չի եղել:
–Կարո՞ղ եք մի փոքր պատմել, թե ինչպե՞ս է համայնքը տեղահանվել 2023-ին, ի՞նչ դժվարությունների են հանդիպել։
–Ինչպես բոլորի համար՝ շրջափակումը, տեղահանումը դժվար էր, իհարկե մյուսների հետ հավաասար անցել ենք բոլոր զրկանքների, արտագաղթի ֆիզիկական և հոգեբանական դժվարությունների միջով, բայց արդեն Հայաստանում մեծ աջակցություն ենք ստացել հենց Հունաստանի դեսպանատան կողմից՝ թե հոգեբանական, թե նաև սոցիալական՝ սնունդ, հագուստ։ Այս ամենը իհարկե մեզ մի քանի ամսով ապահովության զգացում է տվել։ Այստեղ նաև պետք է առանձնակի նշեմ, որ Արցախի հունական համայանքը, նամանավանդ 2020 թ․ պատերազմից հետո, միշտ ուշադրության կենտրոնում էր Հունական համայնքների միության կողմից՝ Մարիա Լազարևայի գլխավորությամբ, որի հետ մենք միշտ կապի մեջ ենք։ Մենք փորձում ենք այս ամենով գոնե չկտրվել մեր արմատներից, կազմակերպում ենք տարբեր գիտամշակութային միջոցառումներ, փորձելով պահպանել մշակույթը, լեզուն, ավանդույթները:
-Ձեր խոսքի մեջ նշեցիք նաև Արցախի հունական համայնքին բաժին հասած կորուստների մասին, ինչը շատ ցավոտ թեմա է։
-Ցավոք, այո, մեր համայանքը ևս ունեցել է կորուստներ ինչպես պատերազմի, այնպես էլ բենզինի պահեստի հայտնի պայթյունի հետևանքով: Իհարկե այս պահին թիվ նշել չեմ կարող, հաշվի առնելով թեմայի ցավոտ լինելու աստիճանը։
-Որպես հունական փոքրամասնություն արդյո՞ք ձեր համայքն ունի ինչ-որ արտոնություններ, մասնավորապես սոցիալ-տնտեսական տեսանկյունից։
–Եթե խոսենք ՀՀ կառավարության կողմից տրվող աջակցության մասով, ապա, որպես փոքրամասնության, ոչ, մենք օգտվում ենք նույն ծրագրերից, ինչ որ մյուս արցախցիները: Բոլոր ընտանիքները այս պահին սփռված են ամբողջ Հայաստանով, մեծամասնությունը չունի աշխատանք, ապրում են վարձով: Այս ամենը իհարկե դժվարացնում է միասին հավաքվելու, քննարկումներ իրականացնելու միտումները: Եթե 90-ականերին Հունաստանի կողմից հրավեր կար, ապա այս անգամ դա չկա։ Տարբերակներից մեկը՝ որպես աշխատուժ Հունաստան տեղափոխվումն էր, բայց համայնքի կողմից արձագանք չկար:
-Բնակապահովման ծրագրի մեջ նաև նշված է Լոռու մարզի հունական Յաղդան գյուղը և ինչքան տեղյակ ենք, առաջարկ է եղել, որ ձեր համայնքը կարող է բնակություն հաստատել հենց այդտեղ:
-Յաղդանն այսօր գտնվում է հունաթափման վտանգի առաջ և գյուղը սակավանում է, դրական կողմերից այն է, որ այն ընդգրկված է բնակարանային ապահովման ցանկի մեջ, որի համար տրամադրվում է 4 մլն․ դրամ: Ես մեր համայնքին ներկայացրել եմ գյուղը, այն ամենը, ինչով նրանք կարող են զբաղվել գյուղում, բայց բնականաբար վերջնական որոշումն նրանցն է: Իմ կողմից պետք է ավելացնեմ, որ գյուղի տեղակայությունը, բնությունը բավականին լավն է, ամենակարևորը՝ ամբողջը պատված է հունականով, հունական մշակույթով, ավանդույթներով, ինչը եկել է խորը արմատներից և ինչը մոռանալը այդքան էլ լավ չէր լինի: Միևնույն ժամանակ, գյուղում պակասում են ներդրումները, տները գտնվում են խարխլված վիճակում: Այս ամենը իհարկե պետք է հաշվի առնենք, նամանավանդ, երբ հիշում ենք ենթակառուցվածքների թույլ զարգացումը, որոշ դեպքերում նույնիսկ բացակայությունը:
Ալվարդ Գրիգորյան