Ապարանում Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առիթով անցկացվող միջոցառումներն այսօր մեկնարկել են Արցախին նվիրված մշակութային միջոցառմամբ։
Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանն ասել է, որ Արցախը նաեւ Հայաստանի անկախության հետ անմիջապես առնչություն ունեցող է, որովհետեւ Երրորդ Հանրապետության փիլիսոփայությունը հենց Արցախով է իմաստավորված։ Նրա խոսքով՝ միշտ էլ կորուստներ ու նվաճումներ եղել են, դրան պետք է սառը դատողությամբ նայենք եւ անկախությունը դիտարկենք որպես հնարավորություն՝ կորուստները հետ բերելու համար։ «Այն, ինչ եղել է, անցյալում է, պետք է կենտրոնանալ մեր հետագա քայլերի վրա, որպեսզի կորցրածը հետ բերենք, դա միայն Արցախին չի վերաբերում։ Բայց դա առաջնահերթ պետք է ուժեղ Հայաստանի Հանրապետության միջոցով լինի»,- ասել է նա։
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ մայիսի 28-ը վառ ապացույց է, որ նույնիսկ ամենածանր ու անելանելի թվացող իրավիճակներից միշտ ելք կա։ Հակոբյանը նշեց, որ շատ մեծ խորհուրդ կա նրանում, որ Ապարանում այս օրը դիմավորում են Արցախի մասին միջոցառմամբ։ Սա ուղերձ է, որ ժողովուրդը չպետք է հանձնվի, եւ իշխանությունը չէ որոշողը, թե ժողովուրդն ինչպես պետք է ապրի եւ ինչպիսի հայրենիքում։ «1918 թվականի անկախությունից հետո 1920 թվականին Խորհրդային միությունը օկուպացրեց Հայաստանի Հանրապետությունը, բայց թեկուզ 71 տարի անց Հայաստանը նորից կարողացավ հռչակվել անկախ պետություն։ Այնպես որ, ոչինչ էլ ավարտված չէ»,- հավելել է Մետաքսե Հակոբյանը։