«Երազանքների աշխարհ» բարեգործական կազմակերպությունը հիմնադրվել է 2003 թ․ և ստեղծման օրվանից իրականացնում է բազմաբնույթ աջակցության ծրագրեր։
Հիմնադրամի գործադիր տնօրենն է Հարություն Ղուկասյանը։
«Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում զբաղվել և զբաղվում է բազմապիսի ծրագրերով՝ սոցիալական, իրավական, բնապահպանական, առողջական, կրթական և մշակութային։
Հիմնադրամի գլխավոր ծրագրերից է ցերեկային խնամքի, բուժման և զարգացման կենտրոնը, որը գործում է 2010 թվականից ի վեր։
Այստեղ նեղ մասնագիտական ծառայություններ են ստանում հաշմանդամություն, հատուկ կարիքներ ունեցող, կյանքի դժվարին պայմաններում հայտնված և սոցիալապես անապոհով երեխաները։
Երեխաները ստանում են հոգեբանի, հատուկ մանկավարժի, լոգոպեդի, ֆիզիոթերապիստի, էրգոթերապիստի, արտթերապիստի և կավաթերապիստի անհատական ծառայություններ ՝ըստ պահանջի։
Սրանից զատ հիմնադրամը ողջ տարվա կտրվածքով իրականացնում է բազմապիսի ծրագրեր՝ աջակցելով 650 և ավել երեխաների։
Բռնի տեղահանության սկզբնական շրջանում աջակցության ծրագրերում ընդգրկված էին նաև 180 արցախցի բալիկներ, սակայն բնակավայրը փոխելու պատճառով հետագայում թիվը կրճատվեց։
Հիմնական ծրագրերից է հրատապ պարենային ծրագիրը, որով սոցիալական աջակցություն է ցուցաբերվում անապահով ընտանիքներին:
Ծրագրերի ցանկում են, օրինակ, Դպրոցի ճանապարհ ծրագիրը, որի նպատակն է յուրաքանչյուր սեպտեմբերին ընդառաջ աջակցություն ցուցաբերել առաջին դասարան գնացող երեխաներին։
Քրիստոնյա սերունդ ծրագրի շրջանակներում բազմաթիվ երեխաներ հիմնադրամի և բարի մարդկանց շնորհիվ մկրտվում են Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում։
2023-ից առ այսօր իրականացվել է երկու ծրագիր՝ կոնկրետ արցախցիների համար․ առաջինը՝ «Մասնագիտության վերածնունդ» ծրագիրն է, որի ժամանակ արցախցի 25 կանայք ստացել են նոր մասնագիտություն, ապահովվել համապատասխան գործիքներով, ինչպես նաև ստացել են դիպլոմներ որպես մասնագետներ և մեր միջնորդությամբ լավագույններն անցել են աշխատանքի կամ հիմնել սեփական բիզնեսը։
Ծրագրի շնորհիվ արցախցի մեր հայրենակիցներին հնարավորություն է տրվել հաղթահարել ծառացած խնդիրները և փորձել նոր կյանք սկսել։
Մյուս ծրագիրն իրականացվել է մեր գործենկերներից՝ Շող ՀԿ-ի հետ, որի ընթացքում արդեն եռամսյա ժամկետով թվով 15 արցախցի բարձրագույն կրթություն ունեցող կանայք մեր իսկ կենտրոնում անցել են նեղ մասնագիտական վերապատրաստում և վարձատրվել դրա համար։
Նրանցից մի քանիսը մեզ մոտ մնացել են որպես հիմնական աշխատողներ և կամավորներ»։
Այս մասին Step1.am-ի հետ զրույցում տեղեկացրել են «Երազանքների աշխարհ» բարեգործական կազմակերպությունից։
Արսեն Աղաջանյան