«Հունիսի 2-ին Գորիս քաղաքում Ֆրանսիայի հյուպատոսության բացումն է լինելու, ես անձամբ ներկա եմ լինելու եւ մասնակցելու եմ»,- այսօր լրագրողներին ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Նա նշեց, որ Ֆրանսիան վերջին տարիներին աշխատանք է տարել՝ Սյունիքում հյուպատոսություն բացելու ուղղությամբ։
«Արդեն երկու-երեք տարի է՝ այդ գործընթացը գնում է։ Ասեմ ավելին, այդ խոսակցությունները սկսվել են 2022 թվականի սեպտեմբերից հետո, երբ հարձակում եղավ Սյունիքի ուղղությամբ։ Այդ ժամանակահատվածից սկսած այդ խոսակցություններն ու բանակցություններն ընթանում են, որպեսզի Ֆրանսիան հյուպատոսություն ունենա Գորիս քաղաքում»,- ասաց պատգամավորը։
Նա նշեց, որ ֆրանսիական հյուպատոսության բացումը շատ կարեւոր եւ դրական ազդեցություն կունենա ընդհանուր միջավայրի վրա։