Հայաստանը դիվանագիտական խողովակով խորհրդակցություն է իրականացնում Ադրբեջանի հետ՝ «խաղաղության պայմանագիրը» ստորագրելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Կողմերը հայտարարել էին, որ խաղաղության պայմանագրի տեքստը վերջնականացված է, եւ միայն մնացել է, որպեսզի ստորագրվի պայմանագիրը։ Հիմա մենք դիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար»,- նշեց նա։
Գիրգորյանն ասաց, որ Ադրբեջանը հրապարակային ներկայացրել է իրենց մոտեցումները։ «Մենք էլ ունենք մեր մոտեցումներն այդ հարցերի շուրջ, պարբերաբար խոսում ենք այդ մասին։ Մենք պատրաստակամություն ենք հայտնել խաղաղության պայմանագիրը ստորագրման նույն օրը ստորագրել նաեւ Մինսկի խմբի լուծարման դիմումը։ Ինչպես նաեւ Սահմանարդության մասով գիտեք ՀՀ դիրքորոշումը»,- ասաց նա։
Անդրադառնալով Սյունիքի համայնքների ուղղությամբ արձակվող կրակոցներին՝ Արմեն Գրիգորյանն ասաց, որ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, ինքն ասելիք չունի այդ մասին։
Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությանը, որ հակամարտության իրական ռիսկը պահպանվում է, Արմեն Գրիգորյանն ասաց․ «Ամերիկան ունի իրավիճակին իր գնահատակնները, մենք ունենք մեր գնահատականները։ Երբեմն կարող են այդ գնահատականները համընկնել, երբեմն՝ չհամընկնել»։
Հարցին՝ մինչեւ ե՞րբ են «խաղաղության օրակարգով» խաբելու ժողովրդին, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Մենք մեր խաղաղության օրակարգով չենք խաբել։ Խաղաղություն ասելով՝ դուք ի՞նչ եք ուզում, որ լինի։ Նայեք սահմանազատման գործընթացին, սահմանազատման արդյունքում հիմա մենք ունենք 13,7 կմ սահմանազատված հատված եւ հավելյալ սահմանային գիծ, որտեղ երկու կողմ էլ գտնվում են սահմանապահ զորքերը, եւ վերջին 5 տարվա ընթացքում որեւէ միջադեպ չի եղել, կներեք, մեկ միջադեպ է եղել այն հատվածում, որտեղ սահմանապահ զորքերն են կանգնած։ Եվ մենք շարունակում ենք Ադրբեջանի հետ աշխատել, որպեսզի սահմանազատումը շարունակենք, որպեսզի կայունություն լինի։ Ես կարծում եմ՝ խաղաղության կառուցման գործընթացի տրամաբանության մեջ մենք առաջընթաց ենք ունեցել։ Իհարկե, մեր բոլոր խնդիրները չենք լուծել, չենք կարող ասել, որ ամբողջովին խաղաղության օրակարգն իրագործված է, բայց համոզված կարող եմ ասել, որ մենք այս հարցում ունեցել ենք արդյունքներ»։