Լույս է տեսել “Ստեփանակերտ” մեդիա ակումբի՝ «Արցախ՝ շրջափակումն ու բռնատեղահանությունը մարդկային պատմություններում» գիրքը

  • 23:13 29.05.2025

“Ստեփանակերտ” մեդիա ակումբի կողմից լույս է ընծայվել «Արցախ՝ շրջափակումն ու բռնատեղահանությունը մարդկային պատմություններում» գիրքը, որը տպագրվել է եվրոպական գործընկերների աջակցությամբ և արտացոլում է շրջափակման, արցախահայության բռնագաղթի ողջ ողբերգությունը մարդկային պատմությունների միջոցով:

Գրքում ամփոփված են ավելի քան 100 արցախցիների պատմություններ: Ակումբի ղեկավար Գեղամ Բաղդասարյանի խոսքով, գլխավոր նպատակը ցույց տալն էր, որ վիճակագրությունից, թվերից, փաստերից զատ կան նաև իրական մարդկանց պատմություններ, անձնական ողբերգություններ, որոնք պատմագրության տեսանկյունից կարևոր են և հետագայում անպայման պետք է լինեն պատմական հետազոտությունների, ուսումնասիրությունների առարկա:

Գիրքը հրատարակվել է 300 օրինակով՝ հայերեն և ռուսերեն լեզուներով, որոշ պատմություններ թարգմանվել են անգլերեն և հասանելի են առցանց տարբերակով: Պատմությունները վավերագրվել են լրագրողների խմբի կողմից և թե նրանք, թե ծրագրի ղեկավարները և մյուս մասնակիցները փաստացի պատմության վավերագրման մաս են դարձել:

Խոսելով “Ստեփանակերտ” մեդիա ակումբի մասին, Գեղամ Բաղդասարյանը նշեց, որ չնայած իրավական առումով այն չի հանդիսանում Ստեփանակերտի մամուլի ակումբի իրավահաջորդը, սակայն նպատակները մնում են նույնը, գործընկերները ևս, ինչի արդյունքում կարողացել են իրականացնել այս կարևոր ծրագիրը:

Ալվարդ Գրիգորյան