Վավերագրված հիշողություններ. Ծրագիրը սկսվել էր դեռ Արցախում

  • 00:51 30.05.2025

Այսօր կայացավ «Ստեփանակերտ» մեդիա ակումբի հրատարակած «Արցախ. շրջափակումն ու բռնատեղահանությունը մարդկային պատմություններում» գրքի շնորհանդեսը։

Գիրքն ընդգրկում է պատերազմի, շրջափակման և տեղահանության ծանր փորձը անցած արցախցիների անձնական վկայությունները՝ վավերագրված նրանց համերկրացի լրագրողների կողմից։

Ծրագիրը սկսվել էր Արցախում՝ դեռ տեղահանությունից առաջ, սակայն հետագայում վերաֆորմատավորվել և հարմարեցվել է տեղահանված արցախցիների կարիքներին։ Ինչպես նշում է ծրագրի կոորդինատոր Տաթևիկ Խաչատրյանը․ «Քանի որ լրագրողական ՀԿ ենք, որոշեցինք աջակցել արցախցի լրագրողներին ոչ թե պարզապես աջակցության համար, այլ՝ իրականացնելու լրագրության կարևոր առաքելություններից մեկը՝ վավերագրել ու փաստագրել»։

Ամիսների ընթացքում պատմությունները հրապարակվել են Step1․am հարթակում՝ իրական պատմություններ, որոնք երբեմն թվում են անիրական՝ հույզերի ուժգնությամբ՝ կորստի, կարոտի, հույսի։

«Ցանկացած վավերագրող, ով հետաքրքրված է արցախյան պատմությամբ, կարող է օգտվել այս նյութերից՝ ճշմարտությունը լսելու և տարածելու համար։ Թեև այս պահին միջազգային հետաքրքրությունը մարած է, հնարավոր է՝ մի օր այս թեման կրկին արդիական դառնա, ու այս նյութերը կարևոր փաստաթղթեր լինեն՝ պատմությունը վերականգնելու համար», – հավելում է Տաթևիկ Խաչատրյանը։

Գրքում ներառված են ավելի քան 100 վավերագրված պատմություններ՝ արցախցիների թարմ հուշեր շրջափակման, պատերազմի և տեղահանության մասին։

Ծրագրի մասնակիցներից է լրագրող Ասպրամ Ավանեսյանը, ում համար այս հարթակը դարձել է միակ հնարավորությունը՝ պատմելու պատմություններ, որոնք այլ տեղ չէր կարող ներկայացնել։

«Տեղահանությունից հետո ինձ համար շատ կարևոր էր գրել։ Ամեն ինչ շատ թարմ էր, ու ես ունեի այդ ամենը պատմելու, ինձնից դուրս հանելու կարիք։ Սա նաև իմ բախտակիցների խնդիրները բարձրաձայնելու հնարավորություն էր», – ասում է նա։

Այս նախաձեռնությունը ոչ միայն փաստագրում է արցախցիների փորձառությունները, այլև փորձում է պահպանել հիշողությունները՝ որպես ապագա սերունդների համար արժեք կրող վկայություններ ու պատմական աղբյուրներ։

Մարիամ Սարգսյան