Հայ ժողովուրդը մնում է ժառանգորդ եւ տեր բնության ու Աստծո կողմից իրեն տրված հայրենիքին

  • 11:08 30.05.2025

Step1.am-ի զրուցակիցն է Գերմանիայի «Հայ ակադեմիականների միության» նախագահ, պատմաբան Ազատ Օրդուխանյանը։

-Պարոն Օրդուխանյան, Առաջին Հանրապետության օրվա համատեքստում միշտ բարձրացվում է այն հարցը, որ այն ժամանակ էլ մեծ հնարավորություններ չկային, բայց հայ ժողովուրդը կարողացավ կերտել իր անկախությունը։  Հիմա ի՞նչ վիճակ է, վերջին տարիների այս պարտվողական քաղաքականությունն ի՞նչ հետեւանք է ունենում Հայաստանի ու հայ ժողովրդի համար։ Ի՞նչ ներուժ ունենք՝ հաղթահարելու այս մարտահրավերները։

-Գլխիկոր ու ծնկելով պետություններ չեն ստեղծում կամ դրանք հզորացնում, իսկ խաղաղությունը մուրալով երբեք չեն ստանում, այն էլ թուրքից կամ ռուսից։ Եվ դիվանագիտությունն առաջին հերթին ազգային ռազմաքաղաքական կոմպլեքսի շարունակությունն է, որը չի ստեղծվում Հայաստանի Հանրապետությունում։ Բազմիցս ասվել է, որ մեր ժամանակներում հայ ժողովուրդն իր համաշխարհային ներուժով անկախ ու միացյալ Հայաստան ստեղծելու մի քանի անգամ ավելի մեծ ներուժ ունի, քան ուներ 1918 թվականին։ Պետք է բոլոր կարող ուժերն անհետաձգելիորեն կենտրոնացնել նախ հարցերի հարցը հանրապետությունում անհապաղ լուծելու համար՝ Երեւանում վայրկյան առաջ ձեւավորել հայկական ազգային իշխանություն։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 29 743 քկմ միջազգայնորեն ճանաչված տարածքով ՀՀ-ն մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտությունն է։ «Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլեւս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ մեր երազանքներն իրագործված են, հայրենիքը՝ գտնված»,- ասաց նա։ Ինչպե՞ս եք գնահատում այս քաղաքականությունը, ո՞ւր է տանում սա, եւ արդյոք հնարավո՞ր է հրաժարվելով մեր իրավունքներից՝ պահպանել Հայաստանը։

-Եթե թերուս Փաշինյանի համար թիֆլիսցի նեղճակատ կինտոյի (Չարենց 1937թ․ բանտ) գծած 29,743 քառակուսի կիլոմետրն է համարվում ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք եւ ինքը ոչ ծանոթ է Ազգերի լիգայի պատմությանը, ոչ Լոնդոնի համաժողովի (1920թ․ փետրվար-ապրիլ), Սան-Ռեմոյի համաժողովի (1920թ․ ապրիլ), Սեւրի միջազգային պայմանագրի (1920թ․ օգոստոս) եւ ոչ էլ 1920թ․ նոյեմբերին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից ստորագրած ՀՀ սահմաններին վերաբերվող եւ միջազգայնորեն ճանաչված փաստաթղթերին, բայց մարտնչող տգիտությամբ (1920-30-ականներին հայ բոլշեւիկների վարքին ժամանակին տրված համարժեք բնորոշում) խուսափում է ընդունել մասնագետների կարծիքները եւ մեր ժողովրդի ու հայրենիքի համար գոնե այս օրհասական պահին չի ցանկանում դարձի գալ, ապա մեզ մնում է միայն դիմադրելու անհուն վճռականությամբ ու անհողդողդ կամքով վայրկյան առաջ հեռացնել Կայենին վարչապետական աթոռից։

Փաշինյանը դեռ չմարսած ամենուր իրեն տրվող «Նիկոլ, ո՞ւր է քո եղբայր Աբելը» հարցումը, քանի դեռ գրիչ ունի, շտապում է բացել մահվան դարպասները մեր ինքնության, մեր հիշողության ու ազգային արժեքների դեմ, դրանով դավաճանում Աղձնիքին, Վասպուրականին, Ուտիքին, Մոկքին, Տայքին, Ծոփքին, Բարձր Հայքին, Արցախին, մեր մյուս նահանգներին։ Ու հենց մայիս 28-ի խորհրդանշական օրը իր ելույթով դավաճանում է Մովսես Սիկիկյանին, Դանիել Բեկ-Փիրումյանին, Արամ Մանուկյանին, Դրոյին, Ռուբեն Տեր-Մինասյանին, Նժդեհին, Ավետիս Ահարոնյանին, Պողոս Նուբար փաշային, Գաբրիել Ղորղանյանին, Կարո Սասունուն, Միքայել Վարանդյանին ու մեր բոլոր ազգաշեն դյուցազուններին։

Օլեգ Կալուգինի ուղիղ հրահանգներով (տես Oleg Kalugin. Spymaster: My Thirty-two Years in Intelligence and Espionage Against the West, Publisher: Basic Books; Revised Edition, 2009) Հայաստանի Հանրապետությունը կառավարող Հիդրային՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ իր փոքրաթիվ, բայց խիստ հմուտ թիմին ընդամենը երեք տասնամյակում ցավոք հաջողվեց լռելյայն ու գաղտագողի պատրաստել քաղաքական դաշտի մի քանի թերամիտ խաղացողներ, ովքեր նախ հեշտությամբ պղծեցին հայրենի մահիճը, ապա անվարան գնացին հայոց պատմության հետ վերջնական ապահարզանի։ Ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանի ճակատը խարանվեց Կայենի կնիքով, նույն կնիքով կխարանվեն նրա հոգեւոր զավակների ճակատները, ու հավիտենաբար։

Մեր թշնամիները պահանջում են փոխել Հայաստանի սահմանադրությունը եւ հանել Անկախության հռչակագրին հղումը, որտեղ նշվում է 1989 թվականի Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում է գնալ սահմանադրական հանրաքվե անցկացնելու ճանապարհով։ Ինչպե՞ս եք սա գնահատում, ի՞նչ հետեւանքներ կունենա այդ ճանապարհով գնալը։

-Հայ ժողովուրդը մնում է ժառանգորդ եւ տեր բնության ու Աստծո կողմից իրեն տրված հայրենիքին ու նրա տարածքում իր կողմից արարված նյութական ու հոգեւոր արժեքներին, ուստի աշխարհում որեւէ ուժի կամ առավել եւս պաշտոնիայի իրավունք չի տրված նոր քաղաքական խաղերով կամ հեքիաթածին քարտեզներով վերաձեւել հայոց հայրենիքի սահմանները։ Կայենը՝ ՀՀ ներկա վարչապետը եւ ձկնկիթի ու նավթի նորաթուխ վաճառականը փորձում են դեմ գնալ բնության ու Աստծո օրենքներին, ուստի բնականորեն կպատժվեն նույն բնության ու Աստծո օրենքներով։

Բնության ու Աստծո ստեղծած համաչափությունն ու ներդաշնակությունը հնարավոր չէ խախտել։ «․․․նամարդ թշնամին ընթանում է իր ծրագրած ուղիով, ստրկացնել է ուզում մեզ, ուզում է ոչնչացնել մեր բազմաչարչար ազգը» (Մովսես Սիլիկյան, 1918 թ․ մայիս)։ Ուստի հասկանում ենք, որ դեպի Հադրութ, Շուշի եւ Արաքսի հովիտ տանող մեր ճանապարհները անցնում են Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի կամուրջներով։ Իսկ հայոց մայրերը՝ հայրենիքում, թե սփյուռքում, իրենց բալիկներին ամեն օր դպրոց ճանապարհելիս պետք է պատգամեն՝ «Զավակս, գտի՛ր, որն է ճամփեն Բինգյոլի»․․․

Ռոզա Հովհաննիսյան