«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձել է Արցախի նոր Ազգային ժողովի նախագահի ու Արցախի նախագահի ընտրության գործընթացին։
Հայրյանը հիշեցնում է, որ Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում անընդհատ հայտարարում էին, թե Արցախի պետական ինստիտուտները չպետք է գործեն Հայաստանում, եւ Հայաստանում միայն մեկ իշխանություն կարող է լինել։ Բայց օրերս Արցախի խորհրդարանը նոր նախագահ ընտրեց, առաջիկայում էլ Արցախի նախագահի ընտրության մասին են հայտարարելու։ Ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանի իշխանությունները համաձայնեցին այս գործընթացին։
«Ուշագրավը ոչ թե ընտրությունն է, այլ ընտրության ձեւը ու արդյունքները։ Մենք գիտենք, որ եւ Արցախի վերջին օրերին, երբ դեռ տեղահանված չէին, եւ տեղահանվելուց հետո Ազգային ժողովն անընդհատ կռիվների մեջ էր, բեւեռացված էր։ Մանավանդ, երբ Շահրամանյանին նախագահ ընտրեցին, 22 հոգի կողմ ձայն տվեցին, մնացած 10-ը սկսեցին հայտարարել, որ այդ 22-ը դավաճան են։ Այստեղ էլ չէին կարողանում լիագումար նիստ անցկացնել, պատգամավորներին բերել ընտրության եւ ապահովել քվորում։ Եվ հանկարծ հավաքվում են 28 պատգամավորներ եւ միաձայն ձայն են տալիս մեկ թեկնածուի։ Այդպիսի միահամուռ որոշումը ուրախացնելու փոխարեն մեզ վախենալու տեղիք է տալիս, որովհետեւ արդեն պարզ հասկացվում է, որ արտաքին ազդակներն են դեր խաղացել։ Ի՞նչ արտաքին ազդակների մասին է խոսքը՝ Հայաստանի իշխանությունները կարող են այս ամենը կազմակերպած լինել կամ էլ, ինչն ավելի վատ է, Հայաստանի իշխանություններն այդ ամենը կարող են կազմակերպած լինել ռուսների թելադրանքով»,- ասաց Լեւոն Հայրյանը։
Նա հիշեցնում է՝ Արցախի հարցի շուրջ կա երկու իրավաքաղաքական որոշում։ Առաջինը 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին որոշումն է։ Երկրորդը 1991 թվականին ընդունված Արցախի Հանրապետության ստեղծման որոշումն է։ Չնայած շատերին թվում է, թե այս երկու որոշումներն իրար հակասող են, բայց իրականում չկա հակասություն։
«Որպեսզի երկար-բարակ բացատրությունների մեջ չմտնենք, ասեմ, որ միացման շարժման հիմնադիր հեղինակ եւ իրականացնող Իգոր Մւորադյանն ինքն անձամբ միաժամանակ 1990-ականների սկզբին հանդիսանում էր երկու Ագային ժողովների պատգամավոր՝ եւ Արցախի ԱԺ-ի, եւ Հայաստանի։ Այսինքն՝ երկրորդ տարբերակն առաջացել է արտաքին ճնշման պատճառով եւ ճանապարհ է առաջինի համար, դրանք իրար հակասող չէին, իրար լրացնում էին։ Այսինքն՝ Արցախի անկախությունն ամրապնդելով, պիտի ճանապարհ հարթվեր դեպի 1989 թվականի միացումի որոշումը։
Մեզ համար շատ ծանր ու դժվար պայմաններում պատերազմի հետեւանքով ինչ-որ ուժերի կողմի ինչ-որ որոշմամբ ԼՂՀ-ն լուծարվել է։ Եթե ԼՂՀ-ն լուծարվում է, մեզ մնում է միակ իրավաքաղաքական որոշումը, որն Արցախի միավորումն է Հայաստանի հետ։ Եթե ԼՂՀ-ն լուծարված է, մնում է 1989 թվականի որոշումը, այսինքն՝ Արցախը Հայաստանի մաս է եւ օկուպացված Ադրբեջանի կողմից։ Սա շատ լավ հասկանում են մեր թշնամիները եւ նրանց կոլոբորանտ գործակալները, որոնք այսօր զավթել են Հայաստանի իշխանությունը, սրանից են սարսափում Պուտինը, Ալիեւը եւ Նիկոլը։ Ուստի, նրանք ցանկանում են վերացնել նաեւ այդ որոշումը, Ալիեւն արդեն երկար ժամանակ է՝ պահանջում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, եւ հատկապես 1989 թվականի դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշման համար են պահանջում այդ փոփոխությունը»,- նշեց Հայրյանը։
Նա հավելեց․ «Քանի որ Հայաստանի իշխանությունների լոյալությունը մեզ միայն վախեցնում է, մտավախություն կա, որ Հայաստանի իշխանությունները փորձում են այս սցենարն իրականացնել՝ համոզել Արցախի իշխանություններին, որ նրանք անկախ են։ Արցախի իշխանություններն էլ հայտարարեն, որ իրենք խիստ անկախ են եւ իրենց ստորագրությունը՝ որպես Արցախի Ազգային խորհրդի իրավահաջորդ, վերամիավորման որոշման տակից հանեն, թողնեն միայն անկախ Արցախը, որն էլ այսօր լուծարված է»։
Լեւոն Հայրյանի խոսքով՝ եթե Արցախի այսօրվա իշխանությունները գնան այդ քայլին, «իրենց դագաղի վերջին մեխը կխփեն եւ հայ ազգին կդնեն շատ դժվար կացության մեջ, որից հարյուրավոր տարիներ չենք կարողանա դուրս գալ։ Իսկ եթե նրանք ունենան քաջություն՝ հայտարարելու, որ տեր են այդ ստորագրությանը եւ Հայաստանի հետ վերամիավորմամը, ըստ Հայրյանի, ապագայի շատ լավ ճանապարհ կբացեն։
«Եթե Արցախի իշխանությունները պնդում են, որ Արցախի լուծարման այդ թուղթը ստորագրել են հայ ժողովրդին փրկելու համար, ուրեմն պետք է սահմանն անցնելու անմիջապես հետո՝ Երեւան չհասած, Գորիսում ժողով հրավիրեին եւ հայտարարեին, որ չեղարկում են։ Բայց պահել են, թաքցրել են, այսօր հանկարծ հանել են։ Պարզ է, որ հանել են երկու պայմանով, նախ, որպեսզի Շահրամանյանը կարողանա բարոյապես նորից առաջադրվել, երկրորդ՝ Հայաստանի իշխանությունների դրդմամբ դա հիմա հանել են լույս աշխարհ՝ ցույց տալու, որ անկախ են, որպեսզի գնան իրենց սեւ գործերի հետեւից»,- ասաց նա։
Ռոզա Հովհաննիսյան