Հայ Առաքելական Եկեղեցուն վարկաբեկող սկանդալային գրառումների շարքից հետո շատերը հարցնում են. ի՞նչ ճանճ կծեց Նիկոլ Փաշինյանին և նրա զուգընկերուհի Աննա Հակոբյանին: Իսկ ճանճը փնտրելու կարիք չկա. այն կոչվում է Եկեղեցու և իշխանության միջև մրցակցություն՝ վերացվող պետությունից Հայ Եկեղեցուն իշխանությունը փոխանցելու մոտալուտ ակտի ֆոնին։
«Շվեյցարիայում ի՞նչ եք անում. ո՞ւմ եք անվտանգ ուղարկում հարազատ բնօրրան, ո՞ւմ եք անհապաղ ազատում գերությունից։ Դուք գիտե՞ք` հոգեւորն ինչ է։ Ա՜յ քեզ նորություն», – սա Աննա Հակոբյանի գրառումն է՝ ի լրումն իր զուգընկերոջ հայտարարությունների։
«Պատճառն այն է, որ Մայր Աթոռն ակտիվ հակազդում է Ադրբեջանի դրսևորած ագրեսիվ վարքագծին․․․ և որոշակի առումով, ստիպված պետության ֆունկցիա է ստանձնել` պաշտպանում է հայության հավաքական իրավունքները, կոշտ մեկնաբանություններ անում ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնությունների վերաբերյալ և խոսում այն մասին, որ Արցախի էջը փակված չէ», – ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ վերջերս Գարեգին Բ կաթողիկոսը մասնակցել է Շվեյցարիայում կայացած բավականին ներկայացուցչական համաժողովի, որտեղ առաջարկվել է ստեղծել այլընտրանքային հարթակ Արցախի ներկայացուցիղների և Բաքվի միջև հաղորդակցության համար։
ՀՀ կառավարությունը միշտ չէ, որ ընդունվում է որպես հայ ժողովրդի կամքը ներկայացնող. ինչպես ասում են, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը այդպես էլ չի կարողացել ընդհանուր լեզու գտնել հայկական հիմնական լոբբիստական կազմակերպությունների՝ Ամերիկայի Հայկական Ազգային Կոմիտեի (պայմանականորեն դաշնակցական) և Ամերիկայի Հայկական Ասամբլեայի (պայմանականորեն բողոքական) հետ և ՀՀ կառավարության համար վարձել է իսրայելական շրջանակներին մոտ լոբբիստական ընկերություն։ Սա նշանակում է, որ հայկական սփյուռքի մեծամասնությունը ազգային-պետական ինստիտուտ է համարում ոչ թե ՀՀ կառավարությունը, այլ Եկեղեցին և ավանդական կուսակցությունները։
Բացի այդ, Անդրկովկասի գլխավոր մոլլան վերջերս հայտարարել է, որ երբ Հայաստանը կորցնի իր պետականությունը, Էջմիածինը կդառնա հայկական մշակույթի, լեզվի և ինքնության կենտրոն, ինչպես Վատիկանը։
Մի քանի դար շարունակ Հայ Առաքելական Եկեղեցին հայերի էթնոքաղաքական իրավունքների պահապանն էր մինչև 1918 թվականին հայկական պետականության վերականգնումը: 1991 թվականին անկախության հռչակումից հետո Հայաստան պետությունը ջերմ հարաբերություններ պահպանեց Հայ Առաքելական Եկեղեցու հետ՝ գործնականում այն համարելով պետականության հիմնասյուներից մեկը: Միաժամանակ խոսվում է նաև եկեղեցու բացասական դերի մասին, որը պետությունը համարում է իր բնական մրցակիցը։
Այժմ, երբ Հայաստանի պետականությունը սպառնալիքի տակ է, Հայկական լեռնաշխարհի տարածքում հայկական ինքնության «պահապանը» պետք է լինի կամ Եկեղեցին, կամ Փաշինյանի բիզնես նախագիծը, որը նա անվանում է «խաղաղության խաչմերուկ»։
Փաշինյանի բիզնես նախագիծը ակնհայտորեն հեռանկար չունի և պարտվում է եկեղեցուն, և դա գրեթե հիստերիա է առաջացնում ներկայիս իշխանությունների մոտ։
Պետք է սպասել կուսակրոնություն կամ մաքրության ուխտ տված բարձրաստիճան հոգևորականների դեմ կոմպրոմատների ալիքի։ Փաշինյանն այսօր կոչ արեց հետաքննություն անցկացնել քահանաների կողմից կուսակրոնության երդման պահպանման վերաբերյալ, նաև կոչ արեց նրանց նախապես հրաժարական տալ, նախքան որևէ փաստի բացահայտումը։ Այնպես որ, հնարավոր է, որ նա իր թևում ունի բարձրաստիճան հոգևորականի որդի կամ դուստր, գուցե նույնիսկ Գարեգին II-ի, որի օգնությամբ Փաշինյանը կպահանջի կաթողիկոսի հրաժարականը։