ArmLur.am–ը գրել է, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը վերջին մեկ ամսում արդեն 5-6 անգամ հարցաքննության է հրավիրվել ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում։ ArmLur.am-ը տեղեկացավ նաև, որ Արցախի նախագահի գործը վերաբերում է Արցախի հանրապետության հանձնմանը, պատերազմի ժամանակ ցուցաբերած զինվորական պաշտոնեական անփութությանը, ինչպես նաև զենք-զինամթերք և սպառազինությունը թշնամուն հանձնելուն։
Շրջանառվում էր տեղեկություն առ այն, որ Սամվել Շահրամանյանին կալանավորելու են առաջիկայում։
Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը պարզաբանել է․
«Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կալանավորված չէ, նման բովանդակությամբ տեղեկությունները կեղծ են և կոնկրետ նպատակներ հետապնդող։ Ավելին՝ Սամվել Շահրամանյանի մասնակցությամբ քննվող որևէ վարույթով վերջինս մեղադրյալի դատավարական կարգավիճակ չունի։
Անդրադառնալով ՀՀ ԶՔԳ վարչությունում քննվող վարույթին՝ նշեմ, որ այդ վարույթով վերջինս հարցաքննվում է որպես վկա և այն նախաձեռնված չէ իր նկատմամբ։ Ինչ վերաբերում է հարցաքննությունների ինտենսիվությանը և դրանց շարունակականությանը, ապա դրանք պայմանավորված են միայն վարույթի ծավալով։
Միաժամանակ խնդրում եմ ըմբռնմամբ ու հարգանքով մոտենալ այդ վարույթի շրջանակներում տվյալներ չհանրայնացնելուն։ Ով-ով, բայց ես միշտ և հնարավորինս համագործակցել եմ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ»։