«Ուրտեխե» կրթարանը հունիսից պատրաստվում է ամառային դպրոցի մեկնարկին

  • 10:18 31.05.2025

Զինա Գասյանն Արցախից է տեղահանվել, բնակություն հաստատել Երևանում: 2024 թվականի սեպտեմբերին Երևանի Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան 27/3  հասցեում հիմնել է կրթարան՝ անվանելով այն «Ուրտեխե», որը ոչ միայն կրթական հաստատություն է, այլև պատմական հիշողության և ազգային ինքնության խորհրդանիշ։ Անվանումը վերցված է ուրարտական սեպագիր աղբյուրներից, որտեղ նաև այդ անունով է հիշատակվում Արցախը։

Զինայի խոսքով՝ անվանման ընտրությունն ընդգծում է կրթարանի գաղափարական հիմքը: Կրթարանը երազանքի մարմնավորում է՝ ստեղծված է սիրով ու նվիրվածությամբ։    

– Կրթարանի գաղափարը ձևավորվել է 2023 թվականի սեպտեմբերին՝ պատերազմի և տեղահանությունից հետո։ Երբ տունը, աշխատանքը և մեր կարգավորված կյանքը փլուզվել էին, պարզ դարձավ մեկ բան՝ ապրել հնարավոր էր միայն գործելով։ Անձնական վերափոխման այս փուլում մանկավարժական փորձս և կառավարման հմտություններս դարձան հենարան՝ նոր իրականության մեջ արժեք ստեղծելու համար։ Կրթարանի ստեղծման շարժառիթը միաժամանակ և՛ անձնական էր, և՛ շուկայական։ Շփումներս տարբեր ընտանիքների հետ ցույց տվեցին, որ դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողներն ունեն ժամանակի սղության խնդիր և իրենց երեխաների դասապատրաստման գործընթացին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու կարիք։ Միաժամանակ, քանի որ նոր էի փոքրիկ ունեցել և ամբողջ օրվա աշխատանքային գրաֆիկով այլ աշխատավայրում չէի կարող աշխատանքի անցնել, որոշեցի ինքս նախաձեռնել որևէ գործընթաց:

Աշխատանքային ավելի քան 12 տարվա փորձս Շուշիի Դանիել Ղազարյանի անվան դպրոցում՝ որպես պատմության ուսուցիչ և ուսումնական գծով փոխտնօրեն, նպաստել է ոչ միայն իմ մանկավարժական խորաթափանցության ձևավորմանը, այլև կառավարման հմտությունների զարգացմանը։ Տիրապետելով 1-12-րդ դասարանների առարկայական չափորոշիչներին ու մեթոդաբանությանը՝ ձևավորել եմ ուսուցման մոդել, որը միաժամանակ ընդգրկում է և՛ կրթական պահանջները, և՛ ծնողական սպասումները։ Նախկինում զբաղեցրած ղեկավար պաշտոններս՝ ներառյալ Արցախի ՄԵ պալատի տնօրենի և Արցախի բնակարանային կոմիտեի ՎՓ բաժնի պետի աշխատանքը, իմ մեջ ձևավորել են համակարգային մտածողություն, ռազմավարական պլանավորման կարողություններ և թիմի արդյունավետ կառավարման հմտություններ։

Զինայի կառավարչական ներուժն այսօր ներդրված է «Ուրտեխե» կրթարանի գործառույթներում՝ ապահովելով նրա կայուն զարգացումը և կազմակերպչական արդյունավետությունը։ Նրա ստեղծած  նպատակային կրթակական տարածքը ոչ միայն արձագանքում է շուկայի պահանջներին, այլև ձևավորում է կրթական նոր մշակույթ՝ հիմնված վստահության, հոգատարության և մասնագիտական մոտեցման վրա։

-Այստեղ մանկությունն ապահովված է, կրթությունը՝ համակարգված, իսկ ընտանիքի և կրթարանի համատեղ աշխատանքը՝ արժեքային ամբողջություն։

Մեր առաքելությունն է տրամադրել որակյալ ուսուցում և շոշափելի արդյունքներ, որոնք կնպաստեն աշակերտների մտավոր և սոցիալական զարգացմանը՝ աշակերտակենտրոն մոտեցմամբ և դիվերսիֆիկացված ուսուցման մեթոդներով, աջակցելով նրանց հետագա հաջողություններին դպրոցում և կյանքում:

«Ուրտեխե»-ն 2024-2025 ուսումնական տարում հանդիսանում էր դասապատրաստման կենտրոն, որը մատուցում էր 1-4-րդ դասարանների սովորողների դասապատրաստման արդյունավետ ծառայություն՝ աշակերտի կարիքներին ուղղված մոտեցմամբ, արցախցի փորձառու ուսուցիչների կողմից (սոցիալական բաղադրիչ): Մեր նպատակն է օգնել աշակերտներին յուրացնել ուսումնական նյութը, կատարել տնային հանձնարարությունները, ամրապնդել իրենց գիտելիքները խաղային և ինտերակտիվ մեթոդներով, զարգացնել ինքնուրույն սովորելու հմտությունը, ապահովել անհատական մոտեցում յուրաքանչյուր սովորողի նկատմամբ, բացահայտել տաղանդներ:

Չնայած դեռ մեկ տարուց էլ պակաս գործունեությանը, «Ուրտեխե»-ն արդեն հասցրել է դառնալ երեխաների ապահով միջավայր ինքնաբացահայտման և զարգացման համար:

Խոսելով առաջիկա անելիքների մասին՝  Զինա Գասյանը նշեց, որ հաշվի առնելով կրթարանի գործունեությունն ու զարգացման հնարավորությունները, առաջիկայում նախատեսվում են նոր ծրագրեր։

-Նախատեսում ենք առարկայական խորացված պարապմունքներ (մաթեմատիկա, հայոց լեզու, պատմություն, օտար լեզուներ)՝ միջին և բարձր դասարանցիների համար: Օնլայն դասընթացների մեկնարկ՝ առարկայական պարապմունքների տեսքով: Կստեղծվի հեռավար ուսուցման հնարավորություն, որը թույլ կտա ներգրավել ավելի լայն լսարան՝ անկախ աշխարհագրությանը: Կկազմակերպվեն դպրոցական քննությունների նախապատրաստում (4-րդ, 9-րդ, 12-րդ դասարաններ), այդ թվում՝ դիմորդների համար նախատեսված:

Կրթարանը հունիսից պատրաստվում է ամառային դպրոցի մեկնարկին՝ 6-11 տարեկան երեխաների ներգրավմամբ: Նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ երեխաները ոչ միայն կսովորեն, այլև կզարգանան՝ սրտանց վայելելով իրենց ամառը։

-«Ուրտեխե»-ում ամառային դպրոցը մենք դիտարկում ենք որպես լիարժեք զարգացման ծրագիր՝ ոչ միայն զվարճալի, այլև ուսուցողական։ Ծրագիրը մշակել ենք այնպես, որ երեխաների ամառը լինի բովանդակալից, օգտակար ու հիշվող։ Այստեղ կրթությունը, խաղը և ստեղծագործությունն ամբողջովին միահյուսված են։ Երեխաներն ամրապնդում են ուսումնական տարվա ընթացքում ստացած իրենց գիտելիքները՝ մայրենիից, մաթեմատիկայից, անգլերենից և ռուսերենից, միաժամանակ մասնակցելով ընթերցանության ժամերին, հեքիաթների քննարկմանն ու ամառային հանձնարարությունների կատարմանը։ Բացի այդ ներառել ենք տրամաբանական և զարգացնող խաղեր, գիտափորձեր, զարգացնող խաղերի ստեղծում, ինչպես նաև նկարչություն, ծեփագործություն։ Ունենք նաև շախմատ, համակարգչային գրագիտություն, էթիկետի հիմունքներ, բակային խաղեր և էքսկուրսիաներ։

Ծրագիրը ձևավորել ենք այնպես, որ այն աջակցի երեխայի ինչպես մտավոր, այնպես էլ սոցիալական ու ստեղծագործական զարգացմանը։ Իսկ ծնողների համար ապահովել ենք հարմար պայմաններ՝ ներառյալ ճկուն ժամային գրաֆիկ և երեքանգամյա առողջ սնունդ։

Ամառը «Ուրտեխե»-ում նշանակում է՝ սեր կրթության նկատմամբ, շարժում, նոր հմտություններ և անփոխարինելի հիշողություններ։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ