Ալեն Սիմոնյանն ուզում է ցույց տալ, թե իբր իրենք ռուսական պրոյեկտ չեն, եւ ռուսները չեն իրենց բերել

«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին։

Մասնավորապես, անդրադառնալով 44-օրյա պատերազմի պատճառներին, Ալեն Սիմոնյանն ասել էր«Մեր քաղաքական ամոթն այն է, որ թույլ տվեցինք, որ պատերազմը գցեցին մեր ջեբն ու թռան։ Հավատում էինք, վստահում էինք էն նույն տրամաբանությանը, որը գոյություն է ունեցել 30 տարի, այսինքն՝ որ կզանգենք ռուսին, ինքը պատերազմը կկանգնեցնի։ Եվ մենք կարանք ոչ մի բան չանենք Ղարաբաղի համար, կզանգենք ռուսին, ռուսը կպահի պատերազմը։ Այ էդ է մեր քաղաքական ամոթը, որովհետեւ մտածում էինք՝ դե լավ, եթե էդ համակարգը գործել է, եկեք էդ համակարգին ձեռք չտանք»։

Լեւոն Հայրյանի խոսքով՝ Ալեն Սիմոնյանն իր կարճ խելքով այս հայտարարությամբ ուզում է մեկ հարվածով երկու նապաստակ խփել։ «Առաջին հերթին ուզում են իրենց դավաճանությունը կոծկել։ Երկրորդ նպատակն այն է, որ ցույց տան, թե իբր իրենք ռուսական պրոյեկտ չեն, եւ ռուսները չեն իրենց բերել։ Ուզում են ցույց տալ, թե իբր իրենք Հայաստանի ինքնիշխանության դիրքերում են կանգնած, ռուսներին էլ համարում են Հայաստանի ինքնիշխանության թշնամի, եւ իրենք պայքարում են դրա դեմ»,- ասաց Հայրյանը։

Նա հավելեց․ «Ասում է՝ մեզ սովորեցրել էին, որ եթե պատերազ լինի, զանգելու ենք ռուսներին, ռուսները գան կանգնեցնեն։ Ոչ ոք նրանց չի ասել՝ ռուսներին զանգեք, ամբողջ աշխարհին հայտնի է, որ 2016 թվականի պատերազմը կանգնեցնելու համար Սերժ Սարգսյանը չի զանգել Մոսկվա, զանգել է Մերկելին, խնդրել, որ նա դիմի Օբամային։ Սերժ Սարգսյանի զանգը հայտնի է, 2016 թվականի պատերազմից հետո Սերժ Սարգսյանի այցը Գերմանիա՝ հավանաբար շնորհակալություն հայտնելու համար, նույնպես բոլորին հայտնի է։ Բոլորին հայտնի է, որ ապրիլյան պատերազմը կանգնեցվել է Օբամայի համառ պահանջով։ Նույնիսկ ասում են՝ Օբաման ռուսներին սպառնացել է, որ եթե չկանգնեցնեն պատերազմը, ինքը ճանաչելու է Արցախը։ Այսինքն՝ այն, որ Ալենն ասում է, թե իրենց գրպանն են գցել, որ ռուսը գալու է պատերազմը կանգնեցնի, սուտ է։ Արդեն 2016 թվականին Սերժը հույս չուներ, որ ռուսը կարող է կռիվ կանգնեցնել եւ դիմել է Արեւմուտքի օգնությանը։ Սերժի այդ քայլն իրենց աչքի առաջ է, եթե իրենք ռուսների նկատմամբ ինչ-որ պարտավորություններ չունեին, իրենք էլ կարող էին զանգել Արեւմուտքին եւ խնդրել կանգնեցնել պատերազմը»։

Ըստ Հայրյանի՝ դավաճանությունն իրենց վրայից ցրելուց հետո այս իշխանություններն ուզում են ցույց տալ, թե իրենք իբր ռուսական պրոյեկտ չեն, հայակենտրոն են։ Բայց Նիկոլ Փաշինյանը, ընտրվելով վարչապետ, մեկ շաբաթ էլ չանցած՝ վազեց Պուտինի հետ հանդիպման։ Այդ օրվանից մինչեւ հիմա օր ու մեջ գնում է Ռուսաստան, Արեւմուտք գնալուց ոնց որ ծեծելով տանեն, բայց Ռուսաստան վազելով է գնում։ «Ինքն էլ արդեն սկսել է խոստովանություններ անել, խոստովանություններից էլ մեկն այն է, որ հայտարարեց, թե 2018 թվականի հանդիպման ժամանակ Պուտինն իրեն ասել էր, որ Հայաստանի սահմաններն իրենց համար անձեռնմխելի են, կարմիր գիծ են։ Այսինքն՝ լոգիկան հուշում է, որ եթե խոսել են Հայաստանի սահմանների անձեռնմխելիության մասին, նշանակում է՝ նրան առաջարկել են Արցախը հանձնել։ Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի պնդմամբ՝ Պատրուշեւն էլ 2018 թվականին Մոսկվա է հրավիրել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին եւ ասել, որ Ղարաբաղից պետք է հրաժարվենք։ Այսինքն՝ այստեղ ռուս-ՔՊ-ական համագործակցություն ենք տեսնում։ Եվ ասել, որ դա պատահական է կամ ռեալ պոիլիտիկի արդյունքում է, սխալ կլինի։ Դա նախնական պայմանավորվություն է եղել․ ռուսները նրանց օգնել են իշխանության գալ եւ դրա փոխարեն սկսել են նրանց պարտավորեցնել իրենց քաղաքականությունը»,- հավելեց Հայրյանը։

Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականին հայտարարեց, որ դուրս է գալիս բանակցություններից։ Իսկ բանակցությունների հիմնական ձեւաչափը Մինսկի խումբն էր։ Այսինքն՝ հայտարարել բանակցություններից դուրս գալու մասին, նշանակում է դուրս գալ Մինսկի խմբից։ Հայրյանի խոսքով՝ Մինսկի խմբից դուրս գալը ռուսական պարտադրանք էր, որը ռուսները հերթով պարտադրել են Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, բայց նրանք վախեցել են դա անել՝ հասկանալով, որ դա հայության համար կործնարար քայլ է։

«Այսինքն՝ այստեղ նույնպես փաստվում է ՔՊ-ի՝ ռուսական կատարածու լինելը։ 2019 թվականին, Նիկոլ Փաշինյանը հայտարարելով, որ բանակցություններից դուրս է գալիս, կոալիցիոն կառավարությունը ցրելուց հետո ռուսների առաջադրանքով ձեռնամուխ եղավ Մինսկի խումբը ցրելուն։ Մինսկի խումբն առանց պատերազմ հնարավոր չէր ցրել, դրա համար իրենք գնացին նաեւ պատերազմական իրավիճակին։ Այսինքն՝ ՔՊ-ական իշխանությունը, Մինսկի խումբը ցրելու ռուսների ցանկությունը կատարելու համար չխորշեց գնալ այդ պայմանավորված պատերազմին, որի արդյունքում պարզ էր, որ պարտվելու էինք։ Այսինքն՝ դարձյալ ռուսական պարտադրանք, ռուսական առաջադրանք։ Այստեղից հետեւում է, որ մեր ոչ մի իշխանություն այսօրվա իշխանության չափ չի ենթարկվել ռուսներին։ Այսքանից հետո փորձել թաքցնել իրենց դավաճանությունը կամ ցույց տալ, որ իրենք ռուսական պրոյեկտ չեն, անիմաստ է։ 2022 թվականին, դարձյալ Մոսկվայի հետ  համագործակցելով, հայտարարեց, որ Արցախի հարցում նշաձողը պետք է իջեցնել՝ սրանով հիմք դնելով պետության լուծարմանը, որն այսօր ՔՊ-ականները փորձում են գցել Շահրամանյանի կամ չգիտես ում գրպանը»,- նշեց Լեւոն Հայրյանը։

Նրա խոսքով՝ վերջին շրջանում Սերժ Սարգսյանը փորձում է «ուղեղ լվանալ», որ ինքը Նիկոլ Փաշինյանին չի բերել իշխանության․ «Կարող է չես բերել, բայց օժանդակությունդ շատ մեծ է եղել, պարոն Սերժ Սարգսյան։ Եթե ձեր ՀՀԿ-ական պատգամավորներին չստիպեիք, որ ձայն տային Նիկոլ Փաշինյանին, նա վարչապետ չէր դառնա։ Այսինքն՝ էլի նույն ռուսական մեծ խաղն է, դերերի են բաժանել՝ Սերժն այս դերն է ստանձնել, Նիկոլը այն դերը։ Հիմա էլ ամեն մեկը փորձում է ցույց տալ, որ ինքը անկախ է եւ ռուսների քաղաքականությունից դուրս»։

Հայրյանը նշում է, որ Նիկոլ Փաշինյանի ամեն քայլը, քաղաքական կարիերան կապված է ռուսների հետ, ռուսները նրան բերել են իշխանության։ Եվ փորձել ցույց տալ, որ իրենք Հայաստանի ինքնիշխանույան ջատագովներ են, եկել են Հայաստանը փրկելու համար, ընդամենը փարիսեցիություն է։

«Եվ Ալենի կրակոցները երկու թիրախներից ոչ մեկին էլ չի կպել, օդում կրակոց է։ Միայն ժողովրդին ու ընտրողներին ապագայում հիմարեցնելու համար է այս ամենն արվում։ Ասօր էլ Լավրովի այցը Հայաստան, իշխանությունների կողմից ջերմ ընդունելությունը խոսում է այն մասին, որ նրանք եղել են, կան ու կլինեն ռուսական պրոդուկտ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ռոզա Հովհաննիսյան

Պուտինը չի ուզում Վատիկանը, այլ Երկրորդ Հռոմը՝ Կոստանդնուպոլիսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ ապագայում չի մասնակցի Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցություններին Վատիկանում կամ որևէ այլ վայրում, հինգշաբթի՝ մայիսի 22-ին, հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով ռուս պաշտոնյաներին։ Կրեմլը նախընտրում է կենտրոնանալ տեխնիկական մակարդակի բանակցությունների վրա, որոնք սկսվել են Ստամբուլում մայիսի 16-ին։

Քաղաքագետ Սերգեյ Մարկովի խոսքով՝ Պուտինը չի մեկնի ՆԱՏՕ-ի անդամ Իտալիա «անվտանգության նկատառումներից ելնելով», ինչպես նաև այն պատճառով, որ Ռուսաստանը Վատիկանը չի համարում հակամարտության չեզոք կողմ։

Վատիկանի ներգրավվածությունը բանակցային գործընթացին նաև կասկածներ է առաջացնում Ռուս ուղղափառ եկեղեցու շրջանում, որը Սուրբ Աթոռը համարում է Ուկրաինայում «պատմական մրցակից»։

Մոսկվան նախընտրում է Թուրքիան որպես հարթակ ապագա խաղաղության հուշագրի պայմանները քննարկելու համար, Bloomberg-ին հայտնել են Կրեմլին մոտ կանգնած երեք աղբյուրներ։

Հանդիպումը Վատիկանում անցկացնելու գաղափարն առաջ է քաշել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ավելի ուշ նախաձեռնությունը աջակցեց նոր պապ Լևոն XIV-ը։ Մայիսի 21-ին Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարեց, որ հրադադարի շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ Վատիկանում։

«Վաշինգտոն Փոստ»-ը հաղորդել է, որ Իտալիան Մոսկվային տեղեկացրել է իր ներկայացուցիչների համար բանակցություններին մասնակցելու համար ուղևորություն ապահովելու պատրաստակամության մասին, սակայն դեռևս պարզ չէ՝ արդյոք դա կտարածվի նաև Պուտինի վրա, որի նկատմամբ Միջազգային քրեական դատարանի (ICC) կողմից ձերբակալման օրդեր է տրամադրվել։ Իտալիան ճանաչում է ՄՔԴ-ի իրավասությունը և վավերացրել է Հռոմի կանոնադրությունը։

Նոր հնարավորություն տեղահանված արցախցի ձեռնարկատերերի համար

Մեկնարկել է Արցախ Միություն / Artsakh Union-ի կողմից և Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Արցախյան տեղահանված գերփոքր ու փոքր ձեռնարկատերերի (ձեռնարկությունների) քարտեզագրում, իրազեկում և կարողությունների զարգացում» ծրագիրը:
🎯 Նպատակներն են՝
1) Աջակցել ձեռնարկությունների տնտեսական կայունությանը և աճին,
2) Կազմակերպել վերապատրաստումներ ու բիզնես խորհրդատվություն,
3) Աջակցել նոր համագործակցությունների և կապերի ստեղծմանը,
4) Զարգացնել բիզնեսի կառավարման հմտությունները՝ ելնելով մասնակիցների կարիքներից,
5) Ցուցաբերել նյութական աջակցություն՝ լավագույն մասնակիցներին։
Աջակցության ողջ փաթեթից կօգտվեն միայն 30 ընտրված շահառուները, իսկ շտեմարանում ընդգրկված բոլոր ձեռնարկատերերը պարբերաբար կստանան աջակցության ու զարգացման հնարավորությունների վերաբերյալ
տեղեկություններ:
Մանրամասներն ու հայտաձևը՝ մեր կայքում՝

Իրանը Լավրովի այցի ֆոնին․ ոչմի Զանգեզուրի միջանցք չի լինի

Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ միասին այս շաբաթ Հայաստանում էր նաև Իրանի պաշտպանության նախարարը։ Ազիզ Նասիրզադեն հրավիրել է իր հայ գործընկեր Սուրեն Պապիկյանին այցելել Իսլամական Հանրապետության պաշտպանական օբյեկտներ և նշել, որ Իրանի և Հայաստանի միջև համագործակցության զարգացման պայմաններն արդեն հասունացել են։

Նրա խոսքով՝ Հայաստանում քննարկվել են համագործակցության տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ պաշտպանական և տնտեսական ոլորտներում։ Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Հայաստանի պաշտպանության նախարարի հետ։

Նա հավելել է, որ Հարավային Կովկասը Իրանի համար ունի աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական նշանակություն, իսկ Հայաստանը՝ որպես տարանցիկ երկիր, ունի հատուկ դեր։

Միաժամանակ, Սերգեյ Լավրովը հստակ հայտարարեց, որ Ռուսաստանը չի կարող զենք մատակարարել Հայաստանին Ուկրաինայի հետ պատերազմի պատճառով, ուստի Ռուսաստանը դեմ չէ, որ Հայաստանը զենք գնի այլուր։ Ճիշտ է, նա պայման դրեց, որ դա չպետք է լինի Ֆրանսիան։

Երբ նրան հարցրին, թե ինչու է Ռուսաստանը զենք վաճառել Ադրբեջանին, որն այդ զենքն օգտագործել է Արցախը օկուպացնելու համար, Լավրովը «հիշեցրեց», որ «Լեռնային Ղարաբաղի շուրջ 7 շրջաններ նույնպես օկուպացվել են ռուսական զենքի օգնությամբ»։

Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովը խոսեց հաղորդակցությունների բացման մասին ընդհանուր առմամբ, բայց չպնդեց «Զանգեզուրի միջանցքի» և ռուսական զենքի օգնությամբ դրա հնարավոր ուժային «բացման» վրա։

Ոչ մի հարց չի կարող լուծվել ուժով։ «Զանգեզուրի միջանցք» չի լինի։ Այս մասին մայիսի 22-ին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է մտադիր անել Իրանը, եթե Ադրբեջանը փորձի ուժով գրավել «Զանգեզուրի միջանցքը»։

Իրանը դեմ չէ Հարավային Կովկասի տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Սակայն ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո, Ագարակում լրագրողներին ասել է Մեհդի Սոբհանին։

Լավրովը պնդում է եռակողմ համաձայնագրերի կատարման վրա, որոնց համաձայն՝ Ռուսաստանի ԱԴԾ-ն պետք է վերահսկողություն իրականացնի Մեղրիի ճանապարհի նկատմամբ։

Մատուցող աշխատելու համար փորձ է պետք, իսկ զինվորականների փորձը անտեսվում է

«Պայքարած, տարիներով ծառայություն անցած մասնագետների հետ ոչ մի հոգեբանական աշխատանք չիրականացվեց՝ նրանց նորից ՀՀ զինված ուժերում ներգրավելու համար», – ասում է Արցախի պահեստազորի սպա Գրիգորի Սահակյանը։

Նրա խոսքով, որևէ զարգացած երկրում պատերազմից վերադարձած զինվորականին անմիջապես չեն գործուղում նոր ծառայության՝ առանց նրա հոգեկան վիճակը գնահատելու։ «Մեզ մոտ որոշումը կտրուկ էր՝ կամ ծառայել, կամ հրաժարվել ծառայությունից։ Շատերը ստիպված եղան փոխել մասնագիտությունը։ Հարյուրավոր տղամարդիկ դարձան ավտոմեխանիկ, հացթուխ, տաքսու վարորդ կամ պահակ։ Սա նրանց երազած աշխատանքը չէր»։

Սահակյանի համոզմամբ, խնդիրը ոչ թե զինվորականների մոտիվացիայի պակասն էր, այլ համակարգային բացը. «Շատերի մոտ հարց առաջացավ՝ մենք 20-30 տարի ծառայեցինք, հիմա մեզ ոչ մի բանի պե՞տք չենք։ Եթե լիներ ճիշտ մոտեցում, եթե խոսվեր նրանց հետ, այսօր պատկերը լրիվ այլ կլիներ։ Բոլորն էլ պատրաստ էին շարունակել ծառայությունը, եթե զգային, որ իրենց կարիքը կա»։

Նրա խոսքով, պետությունը կարող էր կազմավորել ստորաբաժանումներ՝ զինվորական ընկերների ու համածառայակիցների հիման վրա. «Միասնական կոլեկտիվ ստեղծելը հեշտ չէ։ Բայց այն ստորաբաժանումները, որ տարիներով միասին ծառայել են, հնարավոր էր տեղափոխել որպես մեկ միավոր տարբեր զորամասեր։ Փոխարենը՝ նրանք տարրալուծվեցին»։

Սահակյանը չի բացառում, որ սա միայն անուշադրության հետևանք չէ. «Սա և՛ անմտություն էր, և՛ թերևս նպատակային ծրագիր։ Հակառակ պարագայում կկարգավորվեր նաև հազարավոր ընտանիքների սոցիալական վիճակը։ Պաշտպանության նախարարությունն ունի բնակվարձերի փոխհատուցման ծրագիր։ Եթե դա կիրառվեր, ի՞նչու պիտի զինծառայողը հրաժարվեր ծառայությունից եւ ընտրեր այլ՝ ոչ մասնագիտական աշխատանք կատարելը, ավելին, շոյված կլիներ, որ իր մասին մտածում են»։

Այսօր, երբ Հայաստանը կանգնած է անվտանգության նոր մարտահրավերների առաջ, անցյալը մոռանալը կարող է դառնալ նոր սխալների հիմք։ Արցախցի փորձառու զինվորականների պոտենցիալը, ըստ մասնագետի կարող էր և պետք է դառնար ուժեղ բանակի հիմնասյուներից մեկը։

Մարիամ Սարգսյան

Ինչ է կատարվում Մեղրիի «երկաթուղում»

Առաջին անգամ գտնվելով Մեղրու երկաթուղու կայարանում, փորձեցի Google-ում տեղեկություններ գտնել կայարանի մասին:

Պարզվում է, երկաթգծի Մեղրու հատվածը պատրաստ պետք է լիներ 2023-ին, Հորադիզինը` ավելի շուտ:

“Հայ-ադրբեջանական նոր՝ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու շինարարության համար, ըստ Հայաստանի էկոնոմիկայի նախարարի, անհրաժեշտ կլինի շուրջ 1 միլիարդ 200 միլիոն դոլար․ 200 միլիոնը՝ Հայաստանից, 1 միլիարդը՝ Ադրբեջանից։ Ադրբեջանը թվեր չի նշում և կենտրոնանում է հիմնականում ժամկետների վրա, – 2021թ. հրապարակել է epress.am-ը:

Հայկական հատված

Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու շուրջ 45 կիլոմետրանոց հատվածը անցնում է Հայաստանի տարածքով։

Խոսքը Մեղրու երկաթգծի մասին է․ սովետական ենթակառուցվածներն այստեղ ամբողջությամբ ապամոնտաժվել են, նախկին երկաթգիծը վերածվել է ավտոմոբիլային ճանապարհի, նոր երկաթգծի  կառուցումը, ըստ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, շուրջ 200 միլիոն դոլար կարժենա։

Շինարարությունը, ըստ նրա, կտևի մոտ 3 տարի։ Աշխատանքները դեռևս չեն սկսվել։

Ադրբեջանական հատված

Նույն երկաթուղու՝ Ադրբեջանի տարածքով անցնող մոտ 100 կմ-անոց հատվածը Հորադիզից ձգվում է մինչև Հայաստանի սահման։

Շինարարությունն այստեղ կավարտվի մինչև 2023 թվականի տարեվերջ՝ հայտարարել էր 2020 թվականից հետո Ալիևը՝ հույս հայտնելով, որ նույն ժամկետների մեջ կտեղավորվի նաև Հայաստանը։

Երկաթգծի մոտ հարյուր կիլոմետրանոց հատվածի կառուցման աշխատանքները Բաքուն սկսվել է դեռևս 2021-ի փետրվարին և պետք է ավարտվեր 2023-ին։

Ահա այսպես “փայլուն” էին պատկերացնում Հայաստանում հայ-ադրբեջանական հարաբերությունները. երկաթուղի, միլիարդների հասնող ենթակառուցվածքների շինարարություն… Հատկանշական է, որ հենց 2023թ. տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ:

Հայ-իրանական սահման

Երկու օր մենք անցկացրինք հայ-իրանական սահմանին, Արաքսի երկայնքով ճամփորդելով: Ինչպես հայտնի է, նույն գետի երկայնքով ժամանակին Արցախը՝ Հայաստանի համեմատ երկու անգամ երկար սահման է ունեցել Իրանի հետ: Սակայն ի տարբերություն Հայաստանի, այն փշալարերով փակված չէր եւ չնայած չճանաչված, բայց ինչ-որ հանգստության զգացում էր հաղորդում Արցախի եւ Իրանի միջեւ սահմանը: Ռւոս սահմանապահներ չեն հսկում, բեռնատարներ չկան: Կա միայն բնություն, գետի այս կողմում Արցախն էր, մյուս կողմում` Իրանը: Գետը բավարար էր միմյանց սահմանը հարելու համար եւ ոչ մի արտառոց միջադեպ չէր լինում”:

Շատ է խոսվում հայ-իրանական բարեկամության մասին, սակայն անգամ հայ-ադրբեջանական սահմանը չունի այդքան երկար փշալարերով հսկվող պատ: Երբ մենք փորձում էինք փշալարերի հետեւից Արաքսը լուսանկարել, մեր մեքենայի հետեւից թարթող լույսերը միացրած մեքենան ազդանշան տվեց, որ կանգնենք: Մեզ է մոտենում մի շատ երիտասարդ ռուս սահմանապահ, իր նույնքան երիտսարդ հայ “թարգմանչի” հետ եւ ասում (ռուսերեն), որ չի կարելի լուսանկարել, եւ ստիպում, որ ջնջենք, ապա ստիպում, որ հեռախոսի ջնջվածներից էլ ջնջենք:

Ճիշտ այնպես, ինչպես ռուս խաղաղապահներն էին անում Շուշիի անցակետում, երբ արցախցիները փորձում էին լուսանկարել քաղաքը: Երբ ես հետաքրքրվեցի, թե ինչու չեմ կարող իմ հայրենիքում լուսանկարել, ռուս սահմանապահը օրենքից ինչ-որ մեջբերում արեց, որի համաձայն իբր արգելվում է սահմանը լուսանկարել: Սահմանապահները դա բացատրեցին նրանով, որ հնարավոր է՝ իրանցիները տեսնեն մեր տեսանյութերը սոցիալական ցանցերում եւ կողմնորոշվեն, “թմրանյութեր տեղափոխելու հարցում”:

Սա տեղի է ունենում արդեն Ագարակին մոտենալիս, որտեղ էլ հենց անցակետն է, սակայն հետաքրքիրն այն է, որ նույն սահմանի երկայնքով հակառակ ուղղությամբ, դեպի Մեղրու երկաթուղի էինք գնում, աստիճանաբար հսկող տեսախցիկները քչանում էին (ի դեպ, ոչ մի նշան չկար, որ լուսանկարել չի կարելի), եւ սահմանապահներ ընդհանրապես չկային: Այստեղ մեզ ոչ ոք չէր արգելում լուսանկարել եւ իրանցիները հանգիստ կարող են “թմրանյութ տեղափոխել:”

Մեղրու երկաթուղին այսօր: Այստեղ ոչ թե հայ-ադրբեջանական պայծառ ապագա կամ միլիարդներ արժեցող ծրագիր կա, այլ կա ասֆալտին աճած խոտ, զուգարան-կայարան, Ստեփան Շահումյանի ջարդած պարանոց, ժանգոտած վագոններ, մաշինիստի փտած գլխարկներ ու ЕЖЕДНЕВНО պիտակ, որը ես վերցրի որպես հուշանվեր:

 Մարութ Վանյան

Բաքու. Հայաստանը կկորցնի պետականությունը, և կմնա միայն Հայկական եկեղեցին՝ Վատիկանի օրինակով

Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանի» պատմությունը գնալով ավելի ագրեսիվ է դառնում, և Բաքվից արդեն հնչում են Հայաստանի ապագա կառուցվածքի վերաբերյալ կոնկրետ ծրագրեր։

Ստեղծվել է այսպես կոչված «Իրևանի» ղազիաթը (ղազին մուսուլման դատավոր է, որը արդարադատություն է իրականացնում շարիաթի կանոններով), որը, ինչպես ասում են Բաքվում, կզբաղվի «ադրբեջանցիների» ինքնակառավարմամբ՝ Սյունիք և Հայաստանի այլ մասեր «վերադառնալուց» հետո։ Ալիևը երեկ բառացիորեն հայտարարեց, որ իրենք սպասում են Հայաստանից «վերադարձի» «ժամանակացույցին» և այն հարցի պատասխանին, թե ինչպես է ապահովվելու «իրենց պատմական հողեր» վերադարձողների անվտանգությունը։ Որին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը միայն պատասխանեց, որ Հայաստանի տարածքում «արևմտյան ադրբեջան» չկա։

Բայց այն արդեն կա ագրեսիվ ծրագրերում է, և Բաքվում նույնիսկ ասում են, որ «արևմտյան ադրբեջանը» պետք է դիտորդ դառնա Իսլամական համագործակցության կազմակերպությունում։

Ինչպես վերջերս Թուրքիայի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսը դարձավ Թյուրքական խորհրդում դիտորդ, և դրա մասին որոշումը կայացվել է Հունգարիայում, որը նույնպես Թյուրքական խորհրդի անդամ է։ Ելույթ ունենալով Խորհրդում, Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց գլխավոր նպատակի՝ Միջին միջանցքի մասին, որի մի մասն է, ըստ նրանց, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։ Եվ այս առումով Ալիևին հանձնարարվել է ապահովել «Միջին միջանցքի» իր հատվածը՝ օկուպացնելով Հայաստանը։

«Արևմտյան ադրբեջանը», ըստ նրանց ծրագրի, Հայաստանի Հանրապետության կազմում առանձին համայնք չէ, որը կառավարվում է ղազիաթի կողմից՝ շարիաթի օրենքների համաձայն։ Սա Հայաստանի Հանրապետության կազմալուծումն է։

Այս մասին վերջերս հայտարարեց Անդրկովկասի մուսուլմանների հոգևոր առաջնորդը, որը Էջմիածինն անվանեց հին ադրբեջանական քաղաք, մեղադրեց հայերին ուրիշի պատմությունը յուրացնելու մեջ և կանխատեսեց, որ պետականության կորստից հետո Հայ Առաքելական Եկեղեցին կրկին կդառնա միակ ազգային կենտրոնը, որի շուրջ կարող են միավորվել հայերը։

“Համաշխարհային հայության և նրանց սատարող պետությունների նպատակն այն է, որ եթե քաղաքական անկարողության պատճառով հայկական պետությունը կորսվի, ապա հայկական ազգային եկեղեցին կարողանա շարունակել մոբիլիզացիոն կենտրոնի առաքելությունը, ստեղծել և գլխավորել Վատիկանի նման գրիգորյանական կրոնական պետություն։ Այսպիսով, հայկական եկեղեցին նենգ մտադրություն ունի այս կամ այն կերպ շարունակել իր գոյությունը մեր պատմական հողերում։ Սա մեծ սպառնալիք է տարածաշրջանի Հայաստանին հարևան բոլոր երկրների համար”, ասել է նա։

Եթե ​​Հայաստանի կառավարությունը և Հայ Առաքելական եկեղեցին համարժեք արձագանքեին այս հայտարարություններին, ապա Բաքվի ծրագրերը կարելի էր անվանել դատարկ հորինվածք։

Բայց, նախ, խզվել է Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանի կառավարության միջև կապը, և կառավարությունն, ըստ երևույթին, հակված է դեպի բողոքականություն։

Երկրորդ, որոշ շրջանակներում արդեն ակնարկում են, որ Հայ Առաքելական Եկեղեցին այդքան էլ «ուրախ» չէր հայկական պետականության ստեղծումից և, իբր, դեմ չէր լինի կրկին դառնալ «Հայկական պետականության միակ պահապանը», և դրան սատարում են որոշ “սրտացավ” երկրներից։

Երրորդ, ՀՀ կառավարությունն ամեն ինչ անում է Բաքվից հնչող հայտարարությունները արդարացնելու համար։ Օրինակ՝ Փաշինյանն ասաց, որ մինչ հայերը խոսում են Արևմտյան Հայաստանի մասին, Ալիևն իրավունք ունի խոսել «Արևմտյան Ադրբեջանի» մասին, իսկ Ալեն Սիմոնյանը ադրբեջանցիների «վերադարձը» նույնացնում է հայերի Արցախ վերադարձի հետ։

Այս ամիս Բաքուն և Անկարան անցկացրել են երկու համատեղ զորավարժություն, որոնցից վերջինը ներառել է էլեկտրոնային պատերազմի տարրեր։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում Բաքուն կրակոցներ է արձակում Հայաստանի հետ սահմանին։ Մեկնաբանելով կրակոցները՝ Սյունիքի մարզպետն ասում է, որ դա վատ է, բայց կրակոցները պարտադիր չէ, որ պատերազմ նշանակեն։

Նաիրա Հայրումյան

Ռուբիո․ Մենք դեռ որոշում չենք կայացրել 907-րդ հոդվածի վերաբերյալ

Միացյալ Նահանգները հայ-ադրբեջանական հակամարտության լուրջ վտանգ է տեսնում և ակտիվ ներգրավված է կանխելու ռազմական բախումը, երեկ հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ ելույթ ունենալով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Վաշինգտոնի արտաքին գերատեսչության ղեկավարը պատասխանում էր կոնգրեսականների հարցերին, որոնք ասում էին, թե Հայաստանը սպասում է Միացյալ Նահանգների օգնությանը, հետաքրքվում էին՝ արդյոք նախագահ Թրամփի վարչակազմը մտադիր է շրջանցել 907-րդ հոդվածը, որն արգելում է Բաքվին ամերիկյան ռազմական աջակցություն տրամադրել:

«Մենք դեռ որոշում չենք կայացրել այդ հարցի վերաբերյալ, քանի որ այժմ մեր հիմնական ուշադրությունը կենտրոնացած է, որ նրանք համաձայնեն խաղաղության պայմանագրին, որը չի հանգեցնի հարևան երկիր՝ Հայաստան ներխուժմանը։ Մենք ցանկանում ենք կանխել դա։ Նախագահը խիստ հավատարիմ է պատերազմները կանխելու իր խոսքին։ Եվ մենք փորձել ենք երկու կողմերին՝ հատկապես Ադրբեջանին, ներկայացնել այն հսկայական օգուտները, որոնք կարող են բխել խաղաղության պայմանագիր ստորագրելուց և պատերազմի մեջ չներքաշվելուց, ինչը մենք համարում ենք կործանարար: Դա վերջին բանն է, որ այժմ անհրաժեշտ է տարածաշրջանում», – հայտարարել է նա:

Մենք փորձում ենք կանխել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ռիսկը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

«Պատկերացրեք՝ ԱՄՆ-ն ինչ գլոբալ արտաքին քաղաքական խնդիրների մեջ է հիմա ներքաշված, և որքան ոչ կարևոր են Հարավային Կովկասի կոնֆլիկտները Միացյալ Նահանգների համար, բայց միաժամանակն, ԱՄՆ-ի համար Հարավային Կովկասը կարևոր է, որովհետև հարևաններն են իր ռազմավարական դաշնակից Թուրքիան, իր հիմնական հակառակորդ Իրանը, հիմնական մրցակից ՌԴ-ն»,- հավելեց նա:

Որքա՞ն պետք է վճարվի զինվորական ծառայությունից խուսափելու համար

ԱԺ փորձագետները, ընդդիմադիր պատգամավորները, մինչդեռ, մատնանշում են նախագծի հակասությունները Սահմանադրության հետ և վտանգները: Այդ մասին հայտնում է Ազատությունը։

Կառավարությունն այսօր որոշ փոփոխություններով հավանություն տվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծին, որով առաջարկվում է միլիոններ վճարել և բանակում ծառայել ոչ թե երկու տարի, այլ ավելի քիչ՝ մեկ կամ չորս ամիս:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց՝ պատգամավորի առաջարկած 15 և 20 միլիոնի փոխարեն իրենք առաջարկում են 18 և 24 միլիոն դրամ վճարել և կրճատել երկու տարվա ծառայությունը. – «Կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել մեկ ամսվա դեպքում՝ 24 միլիոն դրամ, և չորս ամսվա դեպքում՝ 18 միլիոն դրամ»:

Ընդ որում, Կառավարությունը յուրաքանչյուր զորակոչից առաջ կսահմանի նաև, թե քանի հոգի կարող է օգտվել նման հնարավորությունից:

«Բնականաբար, եթե չունենանք նման հնարավորություն, Կառավարությունը այդ զորակոչին նման որոշում չի ընդունի: Այսինքն, մեր այս առաջարկությամբ բոլոր հնարավոր ռիսկերը ու շրջանառվող մտահոգությունները ամբողջությամբ փարատվում են», – վստահեցրեց Պապիկյանը:

Զինվորական ծառայության առավելագույն տարիքը ըստ նախագծի 27-ից կդառնա 32 տարեկան, իսկ մինչև 16 տարեկան տղաները պետությանը մեխանիկորեն 15 միլիոն դրամի պարտք կունենան, որը կզրոյացվի, երբ նրանք կհաշվառվեն զինծառայության համար կամ կվճարեն այդ գումարն ու կհրաժարվեն Հայաստանի քաղաքացիությունից:

Պաշտպանության նախարարն ասում է՝ տեղյակ են, որ զինծառայությունից գումարով խուսափողներ կան, և կարծում են՝ այս կարգավորումներով գումարները կգնան ոչ թե ինչ-որ մարդկանց գրպանը, այլ՝ պետական բյուջե, որով էլ կվճարվեն այն զինծառայողները, որոնք կմասնակցեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրին, հինգ տարով պայմանագիր կկնքեն նախարարության հետ և ծառայության ավարտին կստանան 5 միլիոն դրամ:

«Դրա միջոցով մենք կկարողանանք հինգ տարի շարունակ երկու պայմանագրային զինծառայողի և՛ աշխատավարձ վճարել, և՛ նաև վճարել այն 5 միլիոն դրամ պարգևավճարը, որը ստանձնել է Կառավարությունը», – հայտարարեց Պապիկյանը:

Բիթքոյնի գինը առաջին անգամ գերազանցել է 110 000 դոլարը

Հինգշաբթի՝ մայիսի 22-ի դրությամբ Bitcoin (BTC) կրիպտոարժույթի փոխարժեքը առաջին անգամ գերազանցել է 110 հազար ԱՄՆ դոլարը, ըստ Binance կրիպտոարժույթային բորսայի տվյալների։

Առևտրի ընթացքում կրիպտոարժույթի փոխարժեքը բարձրացել է մեկ բիթքոյնի համար 111 հազար դոլարի նշագծից վեր։ Նախորդ ռեկորդը՝ ավելի քան 109,000 դոլար, սահմանվել էր 2025 թվականի հունվարի 20-ին։ Դրանից հետո՝ ապրիլի սկզբին, կրիպտոարժույթի փոխարժեքը իջավ 75,000 դոլարից ցածր՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առևտրային սակագներ մտցնելու և ֆոնդային ինդեքսների հետագա փլուզման ֆոնին։

Ընթացիկ աճը Bitcoin-ի շուկայական կապիտալիզացիան հասցրել է 2.2 տրիլիոն դոլարի, ինչը այն դարձնում է աշխարհում հինգերորդ խոշորագույն առևտրային ակտիվը։ Կապիտալիզացիայի առումով կրիպտոարժույթին գերազանցում են ոսկուն, ինչպես նաև Apple-ի, Microsoft-ի և NVIDIA-ի բաժնետոմսերը։

Մոսկվան «բուֆերային գոտի» է կառուցում Ուկրաինայի հետ և պահանջում Զելենսկիի հեռացումը

Ուկրաինայում հրադադարի մասին հուշագիր ստորագրելու համար այդ երկրի ժողովուրդը պետք է ընտրի նոր նախագահ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կորցրել է իր լեգիտիմությունը և, հետևաբար, չի կարող ստորագրել միջազգային փաստաթղթեր, հինգշաբթի՝ մայիսի 22-ին, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչության տնօրեն Մաքսիմ Մուսիխինը։

Հուշագիրը պետք է ստորագրի «այն անձը, ով ունի ժողովրդի մանդատը դա անելու համար», քանի որ «հակառակ դեպքում խնդիրներ կլինեն», – հավելեց նա։ Մուսիխինը նաև հայտարարել է, որ Գերագույն ռադայի խոսնակը կարող է ևս ունենալ միջազգային փաստաթղթեր ստորագրելու լիազորություններ։

Ռուսաստանի զինված ուժերը աշխատում են Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով անվտանգության բուֆերային գոտի ստեղծելու ուղղությամբ, հայտարարել է Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ։

Նա նշեց, որ Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի մարզերը տուժում են հրետանային հարձակումներից, անօդաչու թռչող սարքերից և դիվերսանտներից։