Արցախի հարցը՝ հասարակական ընկալման մեջ. նոր տվյալներ CRRC-ից

CRRC Հայաստան հետազոտական կենտրոնի կողմից 2024 թ. հուլիս-հոկտեմբերին անցկացված «Caucasus Barometer» հարցման տվյալները վկայում են, որ Արցախի հարցը շարունակում է մնալ հայաստանյան հանրության ուշադրության կենտրոնում։

Հարցվածների շուրջ 84 տոկոսը նշել է, որ Արցախում տեղի ունեցածը «մեր իսկ սխալների և դավաճանությունների» հետևանք է։ Բացի այդ, 67 տոկոսը համաձայն չէ այն պնդման հետ, թե Ղարաբաղյան հակամարտությունն այլևս գոյություն չունի։

Հետազոտությունն անցկացվել է 2024 թ․ հուլիսի 27-ից հոկտեմբերի 10-ը՝ 1,561 մասնակիցների շրջանում, և ներառել է Հայաստանի տարբեր բնակավայրեր։ Տվյալները հավաքվել են անձնական հարցազրույցների միջոցով, նշվում է CRRC Հայաստան, Caucasus Barometer 2024 զեկույցում։

Այս արդյունքներն արձանագրում են, որ Արցախի հարցն այսօր էլ ընկալվում է որպես բաց վերք՝ խորը սոցիալական ու քաղաքական հետևանքներով։

Արցախի Պարի Պետական Համույթի պատմական ելույթը Լոս Անջելեսում՝ մշակութային դիմադրության ուղերձով

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնը» օրերս մեկնել էր ԱՄՆ՝ ներկայացնելու և հանրահռչակելու արցախյան մշակույթը։

Step1-ի հետ զրույցում կենտրոնի նախագահ Ապրես Մարգարյանը նշել է, որ արդեն երկու տարի գործող հասարակական կազմակերպության գլխավոր առաքելությունն է՝ պահպանել Արցախից բռնի տեղահանված և վերակազմավորված մշակութային համույթների գործունեությունը։

ԱՄՆ-ում իրականացված առաքելությունը միտված էր ոչ միայն մշակութային ժառանգության հանրահռչակմանը, այլև մշակութային դիմադրության, հիշողության փոխանցման և դիվանագիտական ներգործության տարածմանը։

Լոս Անջելեսի «Ալեքս» թատրոնում կայացած Արցախի Պարի Պետական Համույթի պատմական համերգը կազմակերպվել էր «Armenia Fund»-ի աջակցությամբ։

«Սա խմբի առաջին պաշտոնական ելույթն էր ԱՄՆ-ում, որին ներկա էին նաև բարձրաստիճան պաշտոնյաներ և սենատորներ։ Միջոցառումը դուրս էր դասական մշակութային իրադարձության սահմաններից՝ դառնալով ինքնության վերահաստատման և մշակութային դիմադրության յուրօրինակ հարթակ», – նշել է Մարգարյանը։

Համույթի այցի ընթացքում կարևոր էր նաև նրանց մասնակցությունը մի շարք հանդիպումների։ Նրանց հյուրընկալել էր Լոս Անջելեսի YMCA կենտրոնը, ինչպես նաև տեղի արցախյան համայնքի ներկայացուցիչները՝ Artsakh Preservation Committee-ի հետ անցկացված ընթրիքի և քննարկման ժամանակ։

Կենտրոնն իր նախաձեռնություններով ներկայացնում է մշակույթը ոչ միայն որպես ժառանգության պահպանման ձև, այլև՝ որպես ազդեցիկ քաղաքական գործիք՝ միջազգային հանրությանը հիշեցնելու Արցախի ժողովրդի ինքնության պահպանման կարևորության մասին։

Այսօր կենտրոնը համախմբում է Արցախի 12-ից ավելի մշակութային խմբերի, և միայն նախորդ տարվա ընթացքում կազմակերպել է 50-ից ավելի միջոցառում ՀՀ սահմանամերձ և արցախցիներով բնակեցված համայնքներում։

Մարիամ Սարգսյան

Արցախի ԱԺ նախագահ է ընտրվել Աշոտ Դանիելյանը «Ազատ Հայրենիք»-ից

Արցախի Հանրապետության ազգային ժողովի լիազորությունները մայիսի 21-ին ավարտվել են։ Եվ մայիսի 21-ին Արցախի խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել, որի ընթացքում ԱԺ նախագահ է ընտրվել «Ազատ Հայրենիք» խմբակցության պատգամավոր Աշոտ Դանիելյանը:

Նիստին մասնակցել է 28 պատգամավոր։

Մայիսի 21-ին լրացել է նաեւ Արցախի նախագահի պաշտոնավարման ժամկետը։ Առաջիկայում Արցախի խորհրդարանը Արցախի նախագահ պետք է ընտրի։

Ավելի վաղ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ասել էր, որ ըստ Արցախի Սահմանադրության՝ նախագահի լիազորությունները լրանալուց հետո 7-10 օրվա ընթացքում պետք է նախագահի թեկնածուներ առաջադրվեն, այնուհետեւ խորհրդարանը նախագահ կընտրի։

Հիշեցնենք, որ վերջերս Արցախի խորհրդարանը հաստատել էր սահմանադրական փոփոխությունների նախագիծ՝ ապահովելու համար Արցախի պետական ինստիտուտների գործունեության շարունակականությունը։

Հայ հասարակությանը փորձում են մոլորեցնել, որ չհասկանա, թե Նիկոլն ու Կրեմլը գործում են միասին

Երևանում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում նշեց, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ստորագրված հայտարարությունը, որով Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար համաձայնության եկան, որ խնդիրը կլուծվի Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն և Արցախը կճանաչվի որպես Ադրբեջանի մաս, բավականին անսպասելի էր։

«2020 թվականի եռակողմ փաստաթղթում ջենթլմենական պայմանավորվածություն էր ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ՝ այն հետաձգելով և թողնելով ապագա սերունդներին, սակայն Պրահայում արված հայտարարությամբ ամեն ինչ գնաց այլ ուղղությամբ», – ասաց Լավրովը։

Եւս մեկ անգամ հաստատելով այն ճշմարտությունը, որ Նիկոլ Փաշինյանը դավաճանեց Հայաստանի Հանրապետության շահերին և հանձնեց Արցախը, պետք է հիշեցնեմ ձեզ երկու իրականություն․

1. 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Վլադիմիր Պուտինը ռուսական «խաղաղապահ» զորքեր մտցրեց Արցախ, բայց ոչ թե որպես անկախ կազմավորում կամ Արցախ՝ Հայաստանի Հանրապետության կազմում, այլ որպես Արցախ՝ Ադրբեջանի կազմում։

2. 2020 թ. դեկտեմբերին տեղի ունեցած ամենամյա մամուլի ասուլիսում Պուտինը՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, պաշտոնապես արձանագրեց Ռուսաստանի դիրքորոշումը արցախյան հարցի վերաբերյալ՝ նշելով․ «Եվ՛ Լեռնային Ղարաբաղը, և՛ նրան հարակից տարածքները Ադրբեջանի տարածքի անբաժանելի մասն են կազմում»։

Խնդիրն այն է, որ հայ հասարակությանը փորձում են մոլորեցնել այնպես, որ այն չհասկանա, թե Նիկոլն ու Կրեմլը գործում են միասին և համատեղ իրականացրել են «Լավրովի պլանը»։ Իզուր չէր, որ Փաշինյանը մայիսի 9-ին Մոսկվայում խոնարհվեց Պուտինի առջև, և իզուր չէր, որ Լավրովին հանդիսավոր կերպով դիմավորեցին Երևանում։

Այս խաղի պաշտպաններն են նաև Սարգսյան-Քոչարյան ռուսական կեղծ ընդդիմությունը, ինչպես նաև կեղծ արևմտամետները, որոնք այլևս չգիտեն, թե ինչպես ռուս-թուրքական Փաշինյանին արևմտամետի տեսք տան։

Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ

Վարչապետի կինն ու հանրային խոսքի դեգրադացիան

Վերջին օրերին համացանցում մեծ ակտիվություն է դրսևորում ՀՀ վարչապետի կինը. եթե այս ինֆորմացիայով կիսվենք Հայաստանի քաղաքական վերնախավին անծանոթ որևէ մեկի հետ, վերջինս կկարծի, թե խոսքը գնում է որևէ հանրային կարևորության բացառիկ ծրագրի/իրադարձության մասին։ Պատճառը պրոտոկոլներն են, որոնք քիչ թե շատ նման են իրար տարբեր պետություններում ու որոնց շրջանակներում էլ առաջին տիկնայք ծավալում են իրենց հանրային գործունեությունը։ Բայց վերջին 7 տարիներին և առավելապես վերջին օրերին հայաստանյան վերնախավն ու հատկապես վարչապետի կին Աննա Հակոբյանը, մեղմ ասած, շեղվել են բոլոր տեսակի վարքականոններից։

Հետաքրքրության համար հարցրել եմ ԱԲ-ին, թե ինչպիսին պիտի լինի պաշտոնյայի, հատկապես երկրի ղեկավարի կնոջ, ասել է թե` առաջին տիկնոջ, հանրային կերպարը։ Ահա պատասխանը.

Ինչպիսին պետք է լինի՝

Ակտիվ հղումներով նշված են ասվածի հակառակ օրինակները:

Դեստրուկտիվիզմ՝ կարծիք արտահայտելու իրավունքի քողի տակ

Վերադառնալով գրառումներին` տիկին Հակոբյանի վերջին օրերի ֆեյսբուքյան գրառումները համեմված են վիրավորանքներով, գռեհիկ բառապաշարով, փողոցային արտահայտչամիջոցներով ու հայոց լեզվի ներքին շերտի բառամթերքի հարուստ կիրառմամբ։ Զարմանալի է, որ այս անբռնազբոս գրառումների հեղեղը չի անհանգստացնում առաջին տիկնոջ թիմին, մասնավորապես` հանրային կապերով զբաղվողներին կամ եթե անգամ անհանգստացնում է, ինչ-ինչ պատճառներով հնարավոր չի լինում դրանց հրապարակումը կանխել կամ գոնե մտքերը վերաձևակերպել, նոր միայն հրապարակել։

Թե ինչ է տեղի ունենում վերջին շրջանում Աննա Հակոբյանի կյանքում, որ հենց ինքն է հեշտությամբ մոռացել իր իսկ կողմից առաջարկվող կրթության թրենդի մասին, հայտնի չէ, սակայն մի բան հստակ է` հանրային այս տեսակ բառապաշար դեռևս ՀՀ որևէ այլ ղեկավարություն իրեն թույլ չէր տվել։ Հատկապես առաջին տիկնանց մակարդակով հայ հասարակությունը սովոր չէր այս տեսակ հանրային դեստրուկտիվ խոսքի ու վարքի։

Հանրային խոսքի ու վարքի նշաձողի իջեցման 7 տարիները

Աննա Հակոբյանը ամուսնու պաշտոնավարության այս 7 տարիների ընթացքում հասցրել էր և խորը բացվածքներով զգեստով հանդիպել երկրի հոգևոր առաջնորդի հետ, և ներկայացել էր փառատոնի պատառոտված ջինսե տաբատով ու տոպով, և հասցրել էր միջազգային հարթակում լինել տասնյակ կանանց մեջ միակ սպորտային կոշիկով, ջինսով ու կրծկալն ընդգծող տոպով նկարվող բացառությունը, բայց նույնիսկ այդ ժամանակ նա համեմատաբար զգույշ էր իր հանրային խոսքում և փորձում էր լինել “ժողովրդի ծոցից ելած” համարձակ, բայց բարի կին։

Այս տեսակ ագրեսիվ վարքագիծը համեմատաբար նոր դրսևորում է վարչապետի կնոջ մոտ։ Հանրային խոսքի այս դեգրադացիայի մասին որոշակի նպաստավոր պայմաններ նախորդիվ արդեն ստեղծել էր Հակոբյանը` իր ՖԲ էջում հարցում անելով “վստահելի” լրագրողների վերաբերյալ և արդյունքում “հաղթող” կարգել երկրում հայտնի ատելության խոսքի առաջամարտիկներին։ Այդ ցուցակում էին իշխանակա հիմնական պրոպագանդիստներ Պետրոս Ղազարյանը, Նանե Արզումանյանը, Ռոման Բաղդասարյանը և այլ լրագրող հորջորջյալներ, ովքեր ամենաբարձր լոյալությունն են ցուցաբերում օրվա իշխանությունների ու անձամբ վարչապետի տիկնոջ նկատմամբ։ Աննա Հակոբյանը ոչ միայն չի թաքցնում իր կապը սույն պրոպագանդիատների հետ, այլև հպարտանում է դրանով ու պարբերաբար “կրթվելը նորաձև է”-ի շրջանակում (և ոչ միայն) նրանց հանդիպումների հրավիրում ու դրանց վերաբերյալ հրապարակումներ անում։

Ցուցադրական մասն ինքնանպատակ չի արվում, սրանով առաջին տիկինը մեսիջ է ուղարկում բոլոր այն լրագրողներին, ովքեր պատրաստ են որոշակի շահագրգռող հանգամանքների պայմաններում, մասնավորապես` գումարի ու այլ տեսակի հովանավորչության, տարածել ՔՊ-ի քիմքին հաճո ինֆորմացիա, եթե անգամ այն հակասում է լրագրության էթիկային ու մարդակենտրոն լուսաբանմանը։

Ստացվում է 7 տարին լրիվ բավարար էր հանրային խոսույթի նշաձողը շրիշակից էլ ցածր իջեցնելու ու հանրությանը դրան սովորեցնելու համար։ Այսօր արդեն քչերն են զարմանում ԱԺ նիստերի ժամանակ հնչեցվող սեռական բնույթի հայհոյանքներից, պաշտոնյաների ցենզուրայից դուրս գրառումներից ու այդ ամենի անհետևանք մնալուց։

Գռեհկության նորմալացումը՝ քաղաքական գործիք

7 տարվա ընթացքում հետզհետե հասարակությունը սովորել է, որ գռեհկաբանություններն ու տարատեսակ հայհոյանքները կարող են հնչել ոչ միայն “Դոգի” լայվերի ժամանակ, այլև պաշտոնական խոսույթներում և ամենաբարձր ատյաններում։ Դա է պատճառը, որ վարչապետի կինը չի վախենում հանրային պարսավանքից, երբ մարդկանց “ոջիլ”, “գեղցի”, “ղզիկ” ու նմանատիպ այլ պիտակներ է կպցնում։ Նա գիտի, որ դրանից իր վարկանիշը հազիվ թե տուժի, որ ՔՊ էլեկտորատը սովոր է այս մակարդակին և նույնիսկ ոգևորվում է դրանից՝ վարչապետի տիկնոջ մեկնաբանությունները հեղեղելով շնորհակալության ու հիացմունքի խոսքերով։

Այս ամենի արդյունքը հասարակության մեջ գռեհկության նկատմամբ աճող հանդուրժողականությունն է, որը հետզհետե խեղաթյուրում է ոչ միայն բարոյականության, այլև ժողովրդավարության, խոսքի ազատության  մասին մարդկանց պատկերացումները։

Տաթևիկ Խաչատրյան

CNN-ը հաղորդում է, որ Իսրայելը պատրաստ է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին

ԱՄՆ հետախուզական ծառայությունները ենթադրում են, որ Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, թեպետ Թրամփի վարչակազմը ձգտում է դիվանագիտական ​​​​համաձայնության Թեհրանի հետ, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հայտնի չէ՝ արդյոք Իսրայելի իշխանությունները վերջնական որոշում կայացրե՞լ են, ընդգծեցին զրուցակիցները։ Սպիտակ տունը նույնպես կոնսենսուս չունի Իսրայելի գործողությունների վերաբերյալ, ասել են աղբյուրները՝ հավելելով, որ նրանք կարծում են, որ Թել Ավիվի գործողությունները կախված կլինեն ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների առաջընթացից։

«Վերջին ամիսներին Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտին հարված հասցնելու հավանականությունը զգալիորեն աճել է», – CNN-ին ասել է հետախուզությանը ծանոթ պաշտոնյան։ Նա ասաց, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնագրի հեռանկարը, որի համաձայն Իրանը չի հրաժարվի ուրանի հարստացումից, «մեծացնում է հարվածի հավանականությունը»։

Մայիսի 27-ին աշխատանքի տոնավաճառ

ՄԱՎԵՏԱ ծրագիր / MAVETA project-ը հայտարարում է․

Օրը՝ 27 մայիս, 2025
Ժամը՝ 12։00-16։30
Վայրը՝ ք․ Երևան, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բակ
«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն՝ համագործակցելով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) հետ, կազմակերպում է աշխատանքի տոնավաճառ:
Աշխատանքի տոնավաճառը բացառիկ հնարավորություն է հանդիպելու Երևանի և Արմավիրի մարզում գյուղատնտեսության ու ագրոբիզնեսի ոլորտում գործող 30-ից ավելի գործատուների, ծանոթանալու նրանց կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերին։ Միջոցառումն ունի սոցիալական ընդգրկունության կարևոր շեշտադրում՝ նպատակ ունենալով հատկապես կանանց և խոցելի խմբերի համար ստեղծել հավասար հնարավորություններ աշխատանքի շուկայում ներգրավվելու, ինչպես նաև նպաստելու ավելի բազմազան և ներառական աշխատատեղերի ստեղծմանը։
ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, HEKS/EPER ՀԿ–ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ–ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ–ն:
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և HEKS/EPER ՀԿ–ն՝ ՌԶԳ–ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ։

Արցախի նոր խորհրդարանը կարող է պատմական որոշում կայացնել

Այսօր՝ մայիսի 21-ին, ավարտվում են Արցախի խորհրդարանի և նախագահի լիազորությունները։

Վերջերս խորհրդարանը փոփոխություններ կատարեց Սահմանադրության մեջ՝ խորհրդարանի լիազորությունների ժամկետը երկարաձգելու համար մինչև նոր ընտրությունների անցկացումը: Պատգամավորների քվեարկությամբ նաև նոր նախագահ կընտրվի։

Այս համատեքստում քննարկման հիմնական թեման հավանական նոր նախագահի անձն է, և ընդհանուր առմամբ, շատերը հակված են կարծելու, որ գործող նախագահ Սամվել Շահրամանյանը բոլոր կողմերի համար ամենաընդունելի անձն է։

Բայց կա մեկ այլ ասպեկտ, որը չի քննարկվում, գոնե հրապարակայնորեն։ Ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները, որոնք փրփուրը բերանին հայտարարում էին «պետության մեջ պետություն» չհանդուրժելու մասին, չդատապարտեցին, նույնիսկ չմեկնաբանեցին Արցախի Սահմանադրության փոփոխությունները և Արցախի խորհրդարանի գործունեությունը շարունակելու հնարավորությունը։ Ավելին, Հայաստանի իշխանությունները նույնիսկ համաձայնեցին համագործակցել Արցախի ներկայացուցիչների հետ սոցիալական հարցերը լուծելու համար, իսկ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը, Սամվել Շահրամանյանի «առաջարկով», հավաքեց վրանը Ազատության հրապարակում և տեղափոխվեց Երևանում Արցախի ներկայացուցչություն։

Ինչո՞ւ են Հայաստանի իշխանություններին անհրաժեշտ Արցախի խորհրդարանն ու նախագահը, և ի՞նչ են ակնկալում նրանցից։ Ինչո՞ւ է կարևոր Հայաստանի իշխանությունների համար, որ Արցախի Հանրապետությունը շարունակի գոյություն ունենալ։

Հիշեցնենք, որ Արցախի խորհրդարանի լիազորությունների ժամկետի ավարտից մի քանի օր առաջ հրապարակվեց Սամվել Շահրամանյանի հրամանագիրը, որով նա չեղյալ էր հայտարարվել 2023 թվականի սեպտեմբերի 24-ին կայացրած՝ Արցախի Հանրապետության և նրա պետական ​​ինստիտուտների վերացման մասին հրամանագիրը։ Սա նույնպես չդատապարտվեց Հայաստանի իշխանությունների կողմից, որոնք այժմ հուսահատորեն փորձում են ապացուցել, որ Հայաստանի Սահմանադրությունը չի պարունակում «Ադրբեջանի» տարածքի նկատմամբ պահանջներ։ Թեպետ Բաքուն պնդում է, որ ՀՀ Սահմանադրության, Հայաստանի անկախության մասին հռչակագրի և Հայաստանի ու նախկին ԼՂԻՄ-ի ու Շահումյանի շրջանի պատգամավորների որոշման համաձայն, 1989 թվականից ի վեր Արցախը վերամիավորվել է Հայաստանի հետ։

Միակ հանգամանքը, որը «կասեցրեց» 1989 թվականի վերամիավորման որոշումը, 1991 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումն էր։ Եվ քանի դեռ գոյություն ուներ հանրապետությունը, 1989 թվականի որոշումը ուժի մեջ չէր։

Սամվել Շահրամանյանի՝ Արցախի Հանրապետության լուծարման մասին հրամանագրից հետո, որը գրվել էր ռուսերեն՝ Բաքվի ճնշման տակ և ռուս «խաղաղապահների» հսկողությամբ, ինքնաբերաբար ուժի մեջ մտավ 1989 թվականի որոշումը՝ Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին։ Բաքուն ամեն օր խոսում է այս մասին, բայց Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունը, ինչպես նաև հենց Արցախի իշխանությունները, լռում են դրա մասին։

Երեկ Ալիևը կրկին հայտարարեց, որ առանց Հայաստանի Սահմանադրությունը փոխելու (ավելի ճշգրիտ՝ 1989 թվականի որոշումը չեղյալ համարելու) «խաղաղության համաձայնագիր» չի լինի, և «Հայաստանը վաղ թե ուշ կհամաձայնի մեր պահանջներին, ինչպես միշտ արել է»։

Սահմանադրության փոփոխությունը պահանջում է ժամանակ և հանրային ռեսուրսներ, որոնք Հայաստանի կառավարությունը չունի։ Ինչպե՞ս կարող է ներկայիս Հայաստանի կառավարությունը «չեղարկել» վերամիավորման մասին 1989 թվականի որոշումը՝ առանց Սահմանադրությունը փոխելու։ Առաջին քայլը թղթի վրա պահպանելն է Արցախի Հանրապետությունը՝ որպես ապացույց այն բանի, որ Արցախն ինքն է խախտել  1989 թվականի որոշումը և ցանկացել անկախություն։

Երկրորդ քայլը, անհրաժեշտության դեպքում, այն է, որ Արցախի խորհրդարանը պնդի կամ հետ վերցնի իր ստորագրությունը 1989 թվականի որոշման տակ և դրանով իսկ չեղյալ հայտարարի այն։

Արցախի Հանրապետության խորհրդարանն իսկապես հսկայական լիազորություններ ունի և կարող է անճանաչելիորեն փոխել տարածաշրջանի պատկերը։ 1989 թվականի որոշումը հայ ժողովրդի պետականության և ազգային արժանապատվության հզոր հայտն է։ Դա չափազանց ծանր էր հայկական վերնախավի համար, այդ պատճառով էլ այս որոշումը չթույլատրեցին իրականացնել, և արդյունքում Հայաստանը հայտնվեց անկախությունը կորցնելու եզրին։

Արցախի «նորացված» խորհրդարանը կարող է պատմական որոշում կայացնել՝ կամ Հայաստանի գոյության շարունակման, կամ նրա «լուծարման» վերաբերյալ՝ հրաժարվելով 1989 թվականի որոշումից։

Ինչ տեսք կունենա ԱՄՆ-ի «Ոսկե գմբեթը»՝ նոր հսկա հրթիռային պաշտպանության համակարգ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը որոշում է կայացրել «Ոսկե գմբեթ» նախագծի՝ նոր, հսկա հրթիռային պաշտպանության համակարգի վերաբերյալ։ Թրամփը նշում է, որ համակարգը, որը, ենթադրաբար, կարժենա 175 միլիարդ դոլար, կգործի իր նախագահության ավարտին՝ չորս տարի անց։

Երեքշաբթի օրը Սպիտակ տանը ելույթ ունենալով՝ Թրամփն ասաց, որ «Ոսկե գմբեթը» կկառուցվի «նոր սերնդի տեխնոլոգիայով» և կներառի ցամաքային, ծովային և տիեզերական բաղադրիչներ։ Տիեզերքում կտեղադրվեն նախազգուշացման համակարգեր և խափանող սարքեր։

«Ոսկե գմբեթը» նախատեսված կլինի Միացյալ Նահանգների ուղղությամբ արձակված ցանկացած հրթիռ, այդ թվում՝ հիպերձայնայինները, որսալու համար։

Թրամփը նշել է, որ նոր համակարգը կհասցնի հրթիռներ որսալ, «նույնիսկ եթե դրանք արձակվեն աշխարհի մյուս կողմից»։

Ավելին կարդացեք ВВС-ում

Ոստիկանությունը հեռացրել է Պուտինի դիմանկարով և «մարդասպան» գրությամբ պաստառները

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցից առաջ Երևանի տարբեր հատվածներում կախված հակառուսական պաստառները հեռացվել են ոստիկանության աշխատակիցների կողմից։

Երևանում կախված էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերով և «մարդասպան» գրությամբ պաստառներ։

Եվրոպական երկրները դադարեցնում են Իսրայելի հետ համագործակցությունը Գազայի հատվածում գործողության պատճառով

Մեծ Բրիտանիան, Կանադան և Ֆրանսիան սպառնացել են Իսրայելին պատժամիջոցներով Գազայի շրջափակման համար, իսկ ԵՄ-ն որոշել է վերանայել իր հարաբերությունները հրեական պետության հետ։

Գազայում Իսրայելի նոր ռազմական գործողության մեկնարկից հետո Արևմտյան երկրները որոշել են ուժեղացնել ճնշումը Բենիամին Նեթանյահուի կառավարության վրա։ Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալասը մայիսի 20-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ հայտարարել է, որ արտաքին գործերի նախարարները կքննարկեն դաշինքի և Իսրայելի հարաբերությունների վերանայման հնարավորությունը պաղեստինյան էսկլավում ստեղծված ծանր մարդասիրական իրավիճակի ֆոնին։ Մասնավորապես, սա վերաբերում է Նիդեռլանդների առաջարկին՝ կասեցնել ԵՄ-ի և Իսրայելի միջև 2000 թվականին ստորագրված ասոցացման համաձայնագիրը: Նույն օրը Մեծ Բրիտանիան դադարեցրեց Իսրայելի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ բանակցությունները՝ Գազայի շրջափակման պատճառով, հայտարարել է երկրի արտգործնախարար Դեյվիդ Լամմին:

Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը նամակ է հղել Կալասին՝ կոչ անելով նրան քննարկել ասոցացման համաձայնագրի սառեցման հարցը՝ Իսրայելի կողմից Գազայի հատվածին մարդասիրական օգնության շրջափակման պատճառով։ Անցյալում Իսպանիան և Իռլանդիան նմանատիպ նախաձեռնությամբ դիմել էին ԵՄ-ին, սակայն չէին կարողացել աջակցություն ստանալ։ Սակայն այժմ Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի իշխանությունները որոշել են լսել այս գաղափարը։ Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախարար Ժան-Նոել Բարոն ասել է, որ համաձայնագիրը կարող է սառեցվել, եթե պարզվի, որ Իսրայելը խախտում է 2-րդ հոդվածի փաստաթղթերը, որոնք հռչակում են «մարդու իրավունքների և ժողովրդավարական սկզբունքների հարգանքը»։

Նախօրեին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Կանադայի առաջնորդները համատեղ հայտարարություն տարածեցին՝ սպառնալով ձեռնարկել «կոնկրետ միջոցներ», այդ թվում՝ պատժամիջոցներ, եթե Իսրայելը չդադարեցնի մարտերը և շարունակի արգելափակել Գազա մարդասիրական մատակարարումները։ «Իսրայելը հոկտեմբերի 7-ին ենթարկվել է բացահայտ հարձակման։ Մենք միշտ աջակցել ենք Իսրայելի իրավունքին՝ պաշտպանելու իսրայելցիներին ահաբեկչությունից։ Սակայն այս սրացումը լիովին անհամաչափ է։ Մենք չենք մնա անտարբեր, մինչ Նեթանյահուի կառավարությունը շարունակում է այս անպատշաճ գործողությունները», – ասվում է հայտարարության մեջ։

Ի պատասխան՝ Նեթանյահուն երեք երկրների առաջնորդների ելույթն անվանեց «ահաբեկչության խրախուսում և նոր ողբերգությունների բաղադրատոմս»։ «Պատերազմը կարող է ավարտվել վաղը, եթե Համասը հանձնվի, ազատ արձակի բոլոր պատանդներին, նրա առաջնորդները վտարվեն, իսկ Գազան ապառազմականացվի», – ասաց նա։ «Ոչ ոք իրավունք չունի մեզանից պակաս պահանջել»։

Ո՞վ է Ադրբեջանի ձեռքը բռնում ու ասում՝ ինչո՞ւ եք այդպես անում. Լեռնիկ Հովհաննիսյան

«Ադրբեջանի ձեռքերը բռնող չկա, ինչ ուզում անում են։ Ինչպես Արցախի մշակութային ժառանգությունն են յուրացնում, ոչնչացնում ու ավերում, պղծում ու վանդալիզմի ենթարկվում, հիմա էլ փորձելու է արցախցիների գույքը պետականացնել։ Ո՞վ է Ադրբեջանի ձեռքը բռնում ու ասում՝ ինչո՞ւ եք այդպես անում»,- step1.am-ի հետ զրույցում ասաց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։

Նշենք, որ տեղեկություններ կան, թե Ադրբեջանը նախապատասրական աշխատանքներ է սկսել՝ պետականացնելու արցախցիների գույքը։ Եվ Ադրբեջանի իշխանությունները սկսել են հայտարարություններ այնել  այն մասին, թե իբրեւ արցախցիների գույքի 80 տոկոսը տեր չունի։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը step1.am-ի հետ զրույցում ասել էր, որ արցախցիները պետք է ակտիվ տեր կանգնեն իրենց իրավունքներին եւ հայցեր ուղարկեն միջազգային ատյաններ։ Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանն էլ ասել էր, որ եթե ՀՀ կառավարության կողմից միջպետական գանգատներից հրաժարում տեղի ունենա, այս դեպքում բոլոր բռնի տեղահանված արցախցիները պետք է հետեւողական լինեն միջազգային դատական ատյաններ անհատական հայցեր ներկայացնելու տեսանկյունից։ Սիրանուշ Սահակյանը նաեւ ասել էր, որ Բաքուն փորձելու է առաջ տանել այն թեզը, թե գույքի մի մասը գրանցվել է հենց Արցախի իշխանությունների կողմից, եւ արխիվային փաստաթղթեր չկան։

Լեռնիկ Հոհաննիսյանի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը պետք է ակտիվ լինի արցախցիների խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ։ «Բայց ո՞վ է աշխատանք տանում այդ հարցով, ՀՀ իշխանություններն աշխատանք տանում են, իհարկե, ոչ։ ՀՀ իշխանությունները նույնիսկ մշակութային էթնոցիդի քաղաքականության վերաբերյալ որեւէ բան չեն անում, ուր մնաց մարդկանց գույքի հետ կապված ինչ-որ հարցեր բարձրացնեն»,- ասաց Հովհաննիսյանը։

Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունները խեղաթյուրում են իրավիճակը, Արցախում գույք ունեցող անձինք բոլորն էլ ունեն սեփականությունն ապացուցող վկայականներ։ Արցախի բնակիչների մեծ մասն այդ գույքի նկատմամբ սեփականության ունեն դեռեւս ԽՍՀՄ ժամանակաշրջանից, բայց մարդիկ դարերով, հազարավոր տարիներ ապրել են Արցախում եւ իրենց տոհմական ունեցվածքն ունեն։

«Հասկանալի է, որ Ադրբեջանը, ինչպես մշակութային ժառանգության պարագայում, այնպես էլ արցախցիների գույքի հարցում ամեն ինչ մանիպուլացնում է, կեղծ թեզեր է առաջ տանում, որպեսզի այդ ամենը յուրացնի։ Ո՞նց է անում մշակութային ժառանգության հարցում, իր թեզերն առաջ է տանում, հայկական ժառանգությունն աղվանական համարելով, ուդիներին բերելով, այդ ամենի վերաբերյալ արտերկրում տարբեր երկրներում գիտաժողովներ է անցկանցում, վերջին օրինակը` Վատիկանում անցկացված գիտաժողովն էր։ Իրենք կարողանում են այդ ամենը համակարգված ձեւով ներկայացնել աշխարհին, եւ իրենց խոսքը տեղ է հասնում։ Իսկ դրա դեմ պայքարող չկա, ստի ձեռքը բռնող չկա, բացառությամբ մասնագիտական ու գիտական շրջանակների։ Լավ, ենթադրենք՝ գիտական շրջանակները բողոքում են, Հայ Առաքելական եկեղեցին հայտարարություններ է անում, բայց պետական որեւէ աշխատանք չի տարվում։ Այսքան ժամանակ տեսե՞լ եք, որ որեւէ հուշարձանի պղծման, վանդալիզմի կամ ոչնչացման համար որեւէ պետական կառույց ինչ-որ քայլ անի։ Ձեւական ինչ-որ հայտարարություններ են անում, եւ վերջ»,- ասաց նա։

Ռոզա Հովհաննիսյան