Ռուսաստանում մեկ օրում պայթեցվել է երկու երկաթուղային կամուրջ. պատերազմի նոր փուլ

  • 13:20 01.06.2025

Կուրսկի մարզում, կիրակի, հունիսի 1-ի գիշերը, կամուրջ է փլուզվել բեռնատար գնացքի շարժման ժամանակ։ Արդյունքում, գնացքի մի մասը ընկել է ճանապարհի վրա, և հրդեհ է բռնկվել, հայտնել է մարզի ժամանակավոր նահանգապետ Ալեքսանդր Խինշտեյնը։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է երեք մարդ՝ մեկ վարորդ և նրա երկու օգնականներ, հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեն (ՔԿԿ)։

Կամրջի փլուզման պատճառը պայթյունն է եղել, նշել է ՔԿԿ-ն։

Դրանից մի քանի ժամ առաջ Բրյանսկի մարզում փլուզվել է ավտոմոբիլային կամուրջ, որի տակով այդ պահին անցնում էր Կլիմովո-Մոսկվա երթուղով ընթացող ուղևորատար գնացքը։ Գնացքը դուրս է եկել գծերից։ Վթարի հետևանքով զոհվել է յոթ մարդ, վիրավորվել՝ 69-ը, այդ թվում՝ երեք երեխա, հայտնել է մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։ Վիրավորներից երկու մեծահասակ և մեկ երեխա գտնվում են ծանր վիճակում։ 47 մարդ հոսպիտալացվել է։

Ավելի ուշ Բոգոմազը հայտարարել է, որ Բրյանսկի մոտ գտնվող կամուրջը պայթեցվել է։ «Կամուրջը պայթեցվել է մայրուղու վրա, երբ գնացքը շարժվում էր՝ 388 ուղևորով», – ասել է Բոգոմազը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։

Փաստորեն, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Կոստանդնուպոլսում հավանական բանակցություններից մեկ օր առաջ պատերազմը տեղափոխվում է նոր փուլ՝ պարտիզանական։ Ռուսաստանը սովորել է խոցել ուկրաինական անօդաչու թռչող սարքերը, որոնք հասնում են Մոսկվա և դրանից այն կողմ։ Բայց ի՞նչ անել պարտիզանների հետ, որոնք կարող են հայտնվել ցանկացած վայրում և ցանկացած պահի։