Ռուբիոն ցավակցություն է հայտնել Լավրովին կամուրջների պայթյունների կապակցությամբ

  • 10:29 02.06.2025

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրակի օրը քննարկել են Ուկրաինայում հակամարտության կարգավորման հեռանկարները, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նախատեսված բանակցությունները, որոնք պետք է կայանան երկուշաբթի՝ Թուրքիայում, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։

Նշվում է, որ Լավրովը և Ռուբիոն մտքեր են փոխանակել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված տարբեր նախաձեռնությունների վերաբերյալ:

ԱՄՆ Պետդեպարտամենտը նշել է, որ հեռախոսազրույցը կայացել է Ռուսաստանի նախաձեռնությամբ, նաև հայտնել է, որ Ռուբիոն վերահաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչը՝ շարունակել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները՝ «կայուն խաղաղության» հասնելու նպատակով։

Նախարարությունը նաև նշել է, որ զրույցի ընթացքում Ռուբիոն ցավակցություն է հայտնել Ուկրաինային սահմանակից երկու ռուսական մարզերում տեղի ունեցած կամուրջների պայթյունների հետևանքով զոհերի կապակցությամբ։

Ռուբիոյի և Լավրովի զրույցը տեղի է ունենում ուկրաինական «Սարդոստայն» գործողությունից հետո, որը, ըստ Կիևի, ոչնչացրել է Ռուսաստանի ռազմավարական օդուժի մեկ երրորդը: Ինտերնետում տեղեկություններ կային, որ Թրամփը տեղյակ էր նախատեսված գործողության մասին։

Հատկանշական է, որ Ռուբիոն ցավակցություն է հայտնել միայն երեկ տեղի ունեցած երկաթուղային կամուրջների պայթեցման ժամանակ խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ։

Կամուրջների պայթեցումներից և օդանավակայանների վրա հարձակումից հետո Մոսկվան չի հրաժարվել այսօր Կոստանդնուպոլսում կայանալիք բանակցություններից։