Հուսով ենք տեսնել Ֆրանսիայի ներգրավումը Սյունիքում ռազմավարական ենթակառուցվածքային նախագծի իրականացմանը

  • 10:36 02.06.2025

Սյունիքում աշխատանքներն է սկսել Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը։ Այսօր Գորիսում կբացվի նաեւ Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակը։

ՀՀ ԱԳ նախարար Վահան Կոստանյանն իր ելույթում ասաց, որ բարձր են գնահատում երկկողմ եւ եվրոպական ձեւաչափով Ֆրանսիայի ցուցաբերած աջակցությունը Հայաստանի պաշտպանական կարողությունների եւ տնտեսական դիմականության ամրապնդմանը։

«Հստակ քաղաքական կամքի մասին է խոսում այսօր Գորիսում կայանալիք Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակի պաշտոնական բացումը։ Հուսով ենք, որ ի կատարումն մեր երկու կառավարությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության՝ մոտ ապագայում Սյունիքում կտեսնենք ֆրանսիական ընկերությունների ներգրավումը ռազմավարական նշանակության ենթակառուցվածքային նախագծի իրականացման գործում»,- ասաց Կոստանյանը։

Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Դավիթ Բերտոլոտին իր ուղերձում նշեց․ «Ֆրանսիայի նախագահն ասել է՝ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին մշտական է, կայուն եւ շարունակական։ Այս համաժողովը շատ կարեւոր հանդիպում է եւ հնարավորություն է տալիս շատ կոնկրետ քննարկել առանցքային թեմաներ, որոնք վերաբերում են ապակենտրոնացված համագործակցության գործողություններին՝ ի նպաստ տարածքների տնտեսական զարգացման, տեղական կառավարման կամ ԼՂ-ից տեղահանված բնակիչների կարիքների»։