Ուխտագնացություն՝ Տաթևի վանք․ 8 արցախցի մկրտվեցին

  • 14:37 02.06.2025

Ինչպես հաղորդում է news.am-ը, Հայաստանից ու արտասահմանից շուրջ 2000 ուխտավոր երեկ մասնակցել է դեպի Տաթևի վանք հոգևոր ճամփորդությանը: Տաթևի վանական համալիրի Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցում տեղի ունեցավ համատեղ աղոթք Սյունյաց թեմի առաջնորդ Մակար արքեպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ:

Տաթևում տեղի ունեցավ նաև արցախցի յոթ մանուկների մկրտության արարողությունը:  Մկրտվող երեխաներից մեկի ծնողը՝ Լուսինեն կարևոր ուխտով է եկել Տաթևի վանք:

«Երբ տեղահանվեցինք Ստեփանակերտից, այդ ժամանակ դեռ չգիտեի, որ կրծքիս տակ կրում եմ մի փոքրիկ սրտիկ՝ Աստծո օրհնություն։ Հաղթահարելով դժվարությունները՝ հասանք  Գորիս։ Մի քանի օրից իմացանք, որ Աստված օրհնել է։ Ճիշտ է ամբողջ կյանքիցս շատ բան է տարել, բայց կարծես թե նորից օրհնեց ինձ, և հունիսին ես դարձա մայր։ Ճիշտ է՝ Ստեփանակերտից տեղահանվելուց հետո ամեն օր արև է լինում, բայց այսօր արևը ուրիշ ձև է ժպտում մեզ»,-ասաց Լուսինեն։

Արցախցի զույգ եղբայրների Գևորգի և Սարգսի կնքահոր դերը մեծ պատասխանատվությամբ է ստանձնել է Հայաստանի վաստակավոր արտիստ, դերասան Շանթ Հովհաննիսյանը, հույսով, որ իր սանիկները անպայման կվերադառնան իրենց պապերի հողը:

Տաթև համայնքը հյուրերին ընդունեց հայկական հարիսայով, ավանդական արհեստների ցուցադրությամբ ու ազգային նվագներով: Ձիթհան-թանգարանում ուխտագնացության մասնակիցները ծանոթացան Տաթևի վանքի պատմությանը՝ «Մեկենասների ոսկե շղթա. Տաթևի պահապանները դարերի ընթացքում» ցուցահանդեսի միջոցով։ Միջնադարյան ձեռագրերի, հիշատակարանների, վիմագիր արձանագրությունների և ժամանակակից գիտական հետազոտությունների հիման վրա կազմված այս ցուցահանդեսը բացահայտում է, թե ովքեր և ինչպես են 9-րդ դարից ի վեր կառուցել, պահպանել և վերստին շենացրել Տաթևի վանական համալիրը։

«Տաթևի վերածնունդը սերտորեն կապված է մեր կազմակերպության հիմնադիր Ռուբեն Վարդանյանի անվան հետ։ Նրա տեսլականը կյանքի կոչելով՝ մենք հանձնառել ենք վերականգնել նաև Տաթևի ուխտագնացության ավանդույթը», – ասաց գործակալության տնօրեն Գրիգորի Մարտիրոսյանը։

Հայ Առաքելական Եկեղեցու օրհնությամբ և «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության նախաձեռնությամբ իրականացված  ուխտագնացությանը միացել են Տաթև համայնքը և մեկ տասնյակից ավելի հեղինակավոր հայկական բարեգործական կազմակերպություններ ու հիմնադրամներ՝ «Ազնավուր» հիմնադրամը, «Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամը, «ԴԱՐ» հիմնադրամը, «Թուֆենկյան» հիմնադրամը, IDeA հիմնադրամը, Հայ Օգնության Միությունը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, «Հ. Հովնանյան» ընտանեկան հիմնադրամը, Near East Foundation-ի հայաստանյան մասնաճյուղը, «Սատար Արցախին» միությունը և «Օրրան» բարեգործական ՀԿ-ն։