Ծառայություն փողով․ արդարության ի՞նչ չափանիշ է առաջարկվում Հայաստանում

  • 18:38 02.06.2025

Հայաստանի կառավարությունը ներկայացրել է օրենսդրական փոփոխությունների լայն փաթեթ, որն առաջարկում է նոր մոտեցում պարտադիր զինվորական ծառայության շուրջ՝ այն մասնակիորեն փոխարինելով ֆինանսական վճարով։

Այս նախաձեռնությունը, թեև նպատակ ունի կարգավորել տարիներ շարունակ կուտակված խնդիրները, հանրային դաշտում բուռն քննարկումների ալիք է բարձրացրել։ Ըստ առաջարկվող օրենսդրական փաթեթի՝ Քաղաքացիներին կտրամադրվի ընտրության հնարավորություն՝ անցնել պարտադիր զինվորական ծառայություն ոչ թե 24 ամսով, այլ կարճաժամկետ տարբերակներով։ Մեկ ամիս ծառայություն՝ 20 մլն դրամ վճարման դիմաց, վեց ամիս ծառայություն՝ 15 մլն դրամով։

Ըստ նախագծի՝ պարտադիր զինվորական ծառայության անցնելու սահմանային տարիքը բարձրացվում է 27-ից 37 տարի։ Բացի այդ, նախատեսվում է նաև արտոնյալ կարգավորումներ այն քաղաքացիների համար, ովքեր ՀՀ քաղաքացիություն են ստացել 18 տարին լրանալուց հետո։ Նրանց համար առաջարկվում է 24 ամսյա ծառայության փոխարեն 12 ամսյա ծառայություն, իսկ եթե ծառայությունից հրաժարվում են՝ 2.5 մլն դրամ վճարում պետական բյուջե։

Եվ վերջապես՝ մինչև 16 տարին լրանալը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվող արական սեռի քաղաքացիները պետք է վճարեն 15 մլն դրամ պետական տուրք։

Փողը՝ որպես փախուստի այլընտրանք

Այս նախաձեռնությունը որոշ շրջանակների կողմից ընկալվում է որպես միջոց՝ ծառայությունից խուսափելու գործընթացը օրինականացնելու համար։

«Պահեստազորի սպաների միության» անդամ Գրիգորի Սահակյանը ընդգծում է՝ սա ոչ թե կարգավորում է խնդիրները, այլ բարդացնում է արդարության ընկալումը հասարակության մեջ։

«Սխալ եմ համարում ծառայությունը փողով փոխարինելու գաղափարը։ Պետությունը տարիներ շարունակ իրավիճակ է ստեղծել, որտեղ հնարավոր էր զինվորական պարտականությունից խուսափել։ Վերջին 4 տարիներին շուրջ 9000 երիտասարդ քաղաքացիություն է փոխել՝ ծառայությունից խուսափելու համար։ Շատերն էլ հիվանդության պատրվակով ազատվել են, իսկ մյուսները՝ ալտերնատիվ ծառայության ուղարկվել։ Այս ամենին գումարվում է ոչ պաշտոնապես ձևավորված փախուստի համակարգը։ Ու հիմա մենք այս ամենին կցում ենք օրինական մուտք՝ վճարելով 20 միլիոն դրամ։ Ո՞ւմ է հասանելի դա», – նշում է Սահակյանը։

Գրիգորի Սահակյանի դիտարկմամբ՝ այս իրավիճակը ոչ միայն բանակի հեղինակության, այլ նաև պետական կառավարման ոլորտի համար է վտանգ ներկայացնում։ Նրա առաջարկն է՝ պարտադիր դարձնել զինվորական ծառայությունը բոլոր նրանց համար, ովքեր հավակնում են բարձր պետական պաշտոնների։

«Առաջին օրենքը պետք է լինի այն, որ ոչ մի քաղաքացի իրավունք չունի զբաղեցնել բարձր պաշտոն, եթե չի անցել ժամկետային զինվորական ծառայություն։ Թող այս օրենքը ընդունեն, զգան ծառայությունը իրենց մաշկի վրա, ոչ թե հեռուստացույցով կամ սոցցանցերով, կհասկանան՝ ինչ է զինվորական կյանքը։ Եվ եթե այդ փորձն ունեն, հետո արդեն կարող են մտածել՝ արդյոք արդար է նման հնարավորություն ստեղծել նրանց համար, ովքեր կարող են վճարել, ու այդպիսով խուսափել ծառայությունից»։

Թեև կառավարությունը հայտարարում է, որ փոփոխությունները ֆինանսական և կազմակերպչական խնդիրներ լուծելու նպատակ ունեն, քննարկումները շարունակում են խորանալ։ Քննադատները մտավախություն ունեն, որ այս մոդելը կարող է խորացնել սոցիալական անհավասարությունն ու արդարության բացակայության զգացումը՝ հատկապես հաշվի առնելով, որ շատ երիտասարդներ, ովքեր չեն կարող վճարել նշված գումարը, միակ այլընտրանքը կունենան 2 տարվա ծառայությունը։

Օրենսդրական փաթեթը դեռ գտնվում է քննարկման փուլում։ Մինչ այդ՝ հանրային արձագանքն ակնհայտորեն դինամիկ է, և որոշիչ կլինի, թե արդյոք քաղաքական իշխանությունը պատրաստ կլինի վերանայել մոտեցումը՝ հաշվի առնելով հասարակական ու փորձագիտական արձագանքները։

Մարիամ Սարգսյան