Սյունիքի մարզպետը մեկնաբանեց “երեք ամիս շարունակվող” կրակոցները

  • 19:03 02.06.2025

Գորիսում այսօր բացվել է Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակը։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Սա համագործակցության տրամաբանական շարունակությունն է, որովհետեւ Գորիս-Վիեն հարաբերությունների հիման վրա ստեղծված եւ զարգացած հարաբերությունները բերեցին Սյունիքի եւ Ֆրանսիայի մյուս համայնքների քույրացման փաստաթղթերի ստորագրմանը։ Եվ դրա հաջորդ տրամաբանական քայլը պետք է լիներ սա։ Ուղղակի պրոցեսի մի փուլում ենք, սա ունենալու է նաեւ շարունակություն։ Սա նաեւ խոսում է Ֆրանսիայի պետության դիրքորոշման մասին։ Իսկ թե սա ռազմաքաղաքական ինչ դրական ազդեցություն կարող է ունենալ, այլ մարմինների պետք է այդ հարցն ուղղել»։

Անդրադառնալով Սյունիքի համայնքների ուղղությամբ հակառակորդի կրակոցներին, Ռոբերտ Ղուկասյանն ասաց, որ իրավիճակը մնում է նույնը՝ մերթ ընդ մերթ ուղիղ կրակոցներ են լինում, որոնք թիրախավորում են եւ ենթակառուցվածքները, եւ ընտանի կենդանիներին։

«Ես կարծում եմ, որ Ադրբեջանի գլխավոր նպատակներից մեկը հենց դա է, որ երբ այսպիսի միջոցառում ունենք, նման գործողությունների դիմի։ Հիշո՞ւմ եք, սրանից առաջ ասում էի, որ երբ Կապանի օդանավակայանում իջնում էր ինքնաթիռը, շատ քչերը նկատեցին օդաչուների խիզախությունը, օդանավակայանի աշխատակիցների խիզախությունը, եւ այն մարդկանց, ովքեր ի հեճուկս այդ ամենի, այնպես էին անում, որ օդանավն աշխատի։ Բայց շատ-շատերը նկատեցին այն մեկ փամփուշտը, որն ուղղվեց օդանավակայանի ուղղությամբ, եւ այդ բոլոր մարդկանց հերոսությունն ուղղակի չերեւաց։ Հիմա սա այդ նույն համատեքստում է, այսպիսի նշանակալից իրադարձություն է Գորիսում։ Եվ ես վստահ եմ, որ մենք պետք է ուշադիր լինենք այն երեւույթներին, որոնք տեղի են ունենում Սյունիքի շուրջ։ Շատ վատ է, որ կրակում են, երեւի 3 ամիս եւ ավելի գիշերները սիստեմատիկ կրակոցների ձայներ են հնչում, եւ ինչ-որ հաճախականությամբ փամփուշտները նաեւ դիպչում են ենթակառուցվածքներին ու տներին։ Դա շատ վատ է եւ չպետք է տեղի ունենա, բայց ՊՆ-ն հստակ արձանագրում է փաստը, ես ՊՆ-ի ասածին ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասաց նա։