«Խաղաղության օրակարգի» ֆիասկո. կարևոր չէ, թե ով պատասխանատու կլինի պետականության կորստի համար

  • 11:28 03.06.2025

Հայ Առաքելական Եկեղեցու և նրա բարձրաստիճան պաշտոնյաների դեմ արշավը ստվերել է այսպես կոչված «խաղաղության գործընթացը», որը, դատելով ամեն ինչից, հայտնվել է անմխիթար վիճակում։

ՀՀ իշխանությունները մանրամասն բացատրում են, թե ինչու է Հայաստանին անհրաժեշտ «խաղաղության համաձայնագիրը», պնդելով, որ սա միակ միջոցն է, որով Հայաստանը կարող է հասնել խաղաղության և պահպանել իր պետականությունը։ Սակայն ոչ ոք չի բացատրում, թե ինչու է Ադրբեջանին անհրաժեշտ այս համաձայնագիրը և հանուն ինչի է Բաքուն սահմանափակելու իր հնարավորությունները ստորագրված փաստաթղթով։

«Խաղաղության գործընթացի» ֆիասկոն նշանակում է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստվում է ազատել իրեն խաղաղության և պետականության պահպանման պատասխանատվությունից։ Հարցն այն է, թե ով է կրելու պատասխանատվությունը խաղաղության և պետականության կորստի համար։

Հայաստանի համար «խաղաղության համաձայնագիրը» նույնն է, ինչ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունն՝ Արցախի համար։ Նոյեմբերի 9-ի հայտարարության ընդունումից և ռուսական զորքերի մուտքից ընդամենը 3 տարի անց իրականացվեց ագրեսիա, Արցախն ամբողջությամբ օկուպացվեց, բնիկ բնակչությունն ամբողջությամբ տեղահանվեց, իսկ պետությունը «լուծարվեց»։

Հայաստանը ոչ միայն ստորագրեց հայտարարությունը, գիտակցելով դրա հետևանքները, այլև մինչ օրս հետ չի վերցրել իր ստորագրությունը և չի մեղադրել Բաքվին ու Մոսկվային փաստաթուղթը խախտելու մեջ։ Հակառակը՝  Երևանը մեղադրում է Արցախի ղեկավարությանը, «չկռված» զինվորականներին և «չինտեգրված և փախած» քաղաքացիական անձանց՝ Արցախի օկուպացիայի և բնակչության տեղահանության համար։

Հիմա նույնը կատարվում է Հայաստանի հետ։ Եվ քանի որ Եկեղեցին քայլեր է ձեռնարկում, որոնք հակասում են «խաղաղության օրակարգին», որոշվել է ամբողջ մեղքը բարդել Եկեղեցու վրա։

Այսօր Աննա Հակոբյանը, բացատրելով Եկեղեցու դեմ կեղտոտ արշավը, ասաց, որ ամեն ինչ կդադարի, եթե հոգևորականները «լռեն, շշշշշ…»: Այսինքն՝ խնդիրը կաթողիկոսի կողմից կուսակրոնության երդման խախտման մեջ չէ, այլ նրա խոսելու մեջ։

Եկեղեցին չի թաքցնում, որ գործում է որպես վերպետական ազգային ինստիտուտ։ «Եկեղեցամարտ այս կեցվածքը ակնհայտորեն թելադրված է քաղաքական նպատակներով և փորձ է նսեմացնելու ազգային կյանքում և միջազգային շրջանակներում հարգանք վայելող Հայոց Եկեղեցու և եկեղեցականաց հեղինակությունը, լռեցնելու Եկեղեցու ձայնը և նվազեցնելու նրա հանրային ազդեցությունը», – ասված է Էջմիածնի երեկվա հայտարարության մեջ։

Այսինքն՝ աշխարհում Եկեղեցու և հայ ժողովրդի դիրքորոշումը ընկալվում է որպես գերակշռող Հայաստանի կառավարության դիրքորոշման նկատմամբ։

Փաշինյանի փորձերը՝ փոխելու հայկական պետության այս ընկալումը աշխարհում, արդարացված կլինեին, եթե նրա կառավարությունը չվարեր ազգային իրավունքներից հրաժարվելու պարտվողական քաղաքականություն, այլ դառնար հայ ժողովրդի անօտարելի իրավունքների խոսնակը։ Այս դեպքում, Հայ եկեղեցին, որը կհակադրվեր դրան, կդատապարտվեր ամբողջ ազգի կողմից։

Սակայն Հայաստանի կառավարությունը վարում է մի քաղաքականություն, որը թույլ է տալիս Եկեղեցուն դառնալ հայ ժողովրդի իրավունքների միակ խոսնակը։

Սա լավագույն տարբերակը չէ, քանի որ, ինչպես կառավարության քաղաքականության դեպքում, Եկեղեցու կողմից պետության անտեսումը հանգեցնում է պետականության կորստի, և Եկեղեցին դա չի ժխտում։

«Կառավարության ղեկավարի հակաեկեղեցական պահվածքը, ազգային արժեքների և Եկեղեցու դեմ նախաձեռնած գործընթացները հղի են կործանարար հետևանքներով և սպառնալիք՝ հայոց պետականությանը, մեր ժողովրդի միաբանությանը թե՛ հայրենիքում և թե՛ սփյուռքում», – ասված է Էջմիածնի հայտարարության մեջ։

Ժամանակակից փիլիսոփաներից մեկն ասել է, որ Հայաստանը կարող է դառնալ նոր աշխարհակարգի ռահվիրա՝ առաջինը հայտարարելով տարածք չունեցող ցանցային ազգային պետության ստեղծման մասին։ Այս նախագիծն այժմ իրականացվում է՝ դերերի բաժանմամբ. Եկեղեցին կարող է դառնալ նոր ցանցային ազգային պետության «հոգևոր կառավարությունը», իսկ Հայաստանի ներկայիս վարչապետը՝ գլխավոր կառավարիչ-պրորաբ Հայաստանի ներկայիս տարածքում, որը կվերածվի «Խաչմերուկ»  բիզնես նախագծի։