Սիրանուշ Սարգսյանն անցյալ տարի երկու անգամ եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նա պատմում է տպավորությունների, բացահայտումների մասին
-Առաջին անգամ Թավիթյան հիմադրամի կրթաթոշակով մեկնել եմ ԱՄՆ՝ սովորելու <<Թաֆթս>> համալսարանի Ֆլետչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցում։ Այդ 4 ամիսների ընթացքում բազմաթիվ հանդիպումների, քննարկումների եմ մասնակցել, որոնք թե՛ միջազգային մակարդակով էին, և թե՛ հայկական համայնքի կողմից կազմակերպված։
Որպես բանախոս, Բոստոնի Հայկական Ժառանգության Զբոսայգում ցեղասպանության զոհերի հիշատակի ամենամյա արարողության ժամանակ հանդես եմ եկել բանախոսությամբ։ Ավելի փոքր կազմով բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։
Հայկական համայնքը, հիմնականում Բոսոտոնի և նրա շուրջ, բավական հզոր ու նաև շատ բազմազան է։ Հետաքրքիր է, թե ինչքան տարաձայնություններ ունեն մեր հայրենակիցները։ Նրանց տեսակետները բավական տարբեր են քաղաքական, հասարակական և այլ հարցերի շուրջ։ Հայրենիքից մենք Սփյուռքին շատ դեպքերում ամբողջական ենք ընկալում, իրականում այն շատ բազմազան է՝ իր դրական ու բացասական կողմերով։
Ես Միացյալ Նահանգներ եմ գնացել Արցախի ժամանակավոր կորստից ու տեղահանությունից անմիջապես հետո։ Հայ համայնքի մոտ բավական թարմ էին կորստի զգացողություները։ Մեր հայրենակիցները կոտրված էին, իրենց կորսված ու ինչ որ տեղ նաև անզոր էին զգում։ Տարիներ շարունակ նրանք Արցախով էին ապրում և իրենց մեծ աշխատանքը, նվիրումը կորսված էին համարում։
Միաժամանակ ցավի ու կորստի հետ մեկտեղ նրանք պատրաստակամ են օգնել, ինչպես հայաստանաբնակ , այնպես էլ Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին։
Ուսմանս զուգահեռ բազմաթիվ հանդիպումներ էի ունենում թե՛ համալսարանական շրջանակներում, թե՛ նրանից դուրս։ Տեսանելի էր, որ մարդիկ գրեթե տեղյակ չեն, թե ինչ էր տեղի ունեցել Արցախում։ Որպես հակամարտություն՝ ոչ ուսուցանվում էր, ոչ էլ գրեթե խոսվում դրա մասին։
Իհարկե, ինձ համար շատ ցավալի էր դա, ու, երբ խոսք էր գնում այլ հակամարտությունների մասին, ես ամեն մի առիթ օգտագործում էի, որպեսզի բարձրաձայնեմ Արցախի մասին։ Այդ ընթացքում հայկական համայնքի միջնորդությամբ ինձ հրավիրել էին միջազգային կրոնական ազատությունների գագաթնաժողովին, որտեղ էլի հիմնական բանախոսներից մեկն էի։ Ես ներկայացնում էի այն ամենը, ինչ տեղի է ունեցել Արցախում։ Բարձրաձայնում էի, որ մենք կորցրել ենք ոչ միայն Արցախը, մեր հայրենիքը, այլ այնտեղ ենք թողել մեր հազարավոր մշակութային կոթողները, հարյուրավոր եկեղեցիները։
Առանձին օրինակներով ներկայացնում էի համայնքները, որոնք ձևավորվել են եկեղեցիների շուրջը՝ փաստելով, որ ամեն մի համայնք ուներ իր եկեղեցին, իր բազմադարյա պատմությունը։ Մարդկանց ուշադրությունը սևեռում էի մեր մշակութային հոգևոր արժեքների կորստի և միջազգային հարթակներում այդ հարցերիի բարձրաձայնման վրա։
Այդ հանդիպումների կազմակերպումը, հիմնախնդիրների բարձրաձայնումն ինձ համար, որպես Արցախից տեղահանվածի ու մինչ այդ էլ այդ խնդիրները բարձրաձայնողի, բավական չէր։ Այդ քննարկումների ընթացքում մենք հաճախ խոսում էինք, թե ինչպես կարող ենք օգնել և դրական առումով ազդեցություն ունենալ տեղահանված մեր հայրենակիցների կյանքի բարելավման համար, որպեսզի նրանք չարտագաղթեն Հայաստանից։
Ես իմ հոդվածներում, ելույթներում շատ էի պատմում արցախցի կանանց մասին, ներկայացնում նրանց անկոտրուն կամքի, ոչնչից մի բան ստեղծելու անհավանական կարողության, աշխատասիրության մասին։ Սփյուռքահայ մեր հայրենակիցների և մեզ բարեկամ ամերիկացիների մոտ աջակցելու ցանկություն էր առաջանում և նրանք խորհրդակցում էին ինձ հետ՝ ինչպես օգնել այդ կանանց ու երեխաներին։
Իհարկե, արցախահայության կարիքների բարելավման համար առաջնային պատասխանատուն հենց Հայաստանի Հանրապետությունն է, բայց մենք գիտենք, թե ՀՀ կառավարության կողմից տարվող քաղաքականությունը ինչքան անարդյունավետ է այդ առումով և ինչքան քիչ է միջազգային հանրության կողմից տրամադրվող աջակցությունը։ Մեզ ուրիշ տարբերակ չի մնում, քան հաճախ ինքներս լուծենք մեր հարցերը։ Առանձին փոքր ծրագրերով բոլորի խնդիրները, իհարկե, չեն կարող լուծել, սակայն ուրախալի է, որ թեկուզ փոքր քայլերով կարողանում ենք աջակցել տասնյակ ընտանիքների։
Սիրանուշը երկրորդ անգամ հրավիրվեց Միացյալ Նահանգներ և այնտեղ թե՛ հայ համայնքի, թե՛ Ամերիկայի քրիստոնյա համայնքների կողմից պատվիրակությունների մեջ ընդգրկված էին Արցախից այլ ներկայացուցիչներ
-Մեծ կազմով հանդիպում ունեցանք ամերիկյան պաշտոնյաների, հատկապես կոնգրեսականների հետ, ինչպես նաև առանձին քննարկումներ ունեցանք հայկական համայնքի հետ։ Մասնավոր հանդիպումներ ունեցանք կրոնական հարցերով զբաղվող հանձնաժողովի և առանձին կազմակերպությունների ներկայացուցիչների հետ․ օրակարգում նույն հարցերիի քննարկումն էր` ինչպես օգնել քրիստոնյա հայ բնակչությանը, որ կորցրել են իրենց հազարամյակների բնօրրանը և ինչպես օգնել արցախցիներին ոտի կանգնելու։
Այդ հանդիպումների արդյունքում կարողացա կապեր ստեղծել ու կամուրջ հանդիսանալ հայկական համայնքի և համայնքի բարեկամ ամերիկացիների ու արցախցիների միջև՝ փորձելով տարբեր ծրագրեր իրականացնել։ Այս առումով ամենամեծ և իմ կողմից անմիջական մասնակցությամբ կազմակերպված միջոցառումը նվիրված էր Սուրբ Ծննդյան տոներին, երբ 100-ից ավելի Արցախից տեղահանված երեխաների համար նվերներ պատրաստեցինք։ Հիմնականում դրանք զարգացնող խաղեր էին, որոնք շատ անհրաժեշտ են փոքրիկներին։
Այդ երեխաների ծնողների հետ ես հարցազրույցներ էի անում դեռևս Արցախում՝ շրջափակման, մեկօրյա պատերազմի, տեղահանության ժամանակ և տեղահանությունից հետո։ Լավ գիտեի նրանց խնդիրների մասին։ Ես ուզում էի, որ այդ ընտանիքներն իմանան, որ իրենց չեմ մոռացել, ու իրենց պատմությունները շատ կարևոր են։
Ամեն մի կին, պատմելով իր կյանքի, կորստի ու պայքարի պատմությունը, բարձրաձայնում է մյուսների մասին։ Պատմությունը, իհարկե, կրկնվելու հատկություն ունի։ Այդ ընտանիքների հետ շփվելով, ես վերհիշում էի, երբ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ նույն օգնությունը մենք էինք ստանում սփյուռքահայերից և Հայաստանի ու Արցախի բարեկամ օտարերկրացիներից, և այդ հիշողությունները մինչև այսօր ջերմ են մեր մեջ։
Ես ուզում էի, որ մեր երեխաները նույնպես զգան այդ ուշադրությունն ու հոգատարությունը։ Այդ միջոցներով առավել կարիքավոր ընտանիքների 30-ից ավելի երխաների համար, որոնք բնակվում են Հայաստանի տարբեր բնակավայրերում, տաք հագուստ ու կոշիկ ենք նաև գնել։ Փորձել եմ աջակցել նաև մշակութային քաղաքականություն իրականացնող կազմակերպություններից մեկին՝ Դիզակ Արտ-ին, որն աշխատում է Արցախից տեղահանված երեխաների հետ։
Դրսում ապրող մեր հայրենակիցները շատ են կարևորում դա։ Մեծ առաքելություն է մեր բարբառի պահպանումը, տեղահանված երեխաների համախմբումը, տեղահանված ուսուցիչներին աշխատանքով բավարարելը, և նման կազմակերպություններին աջակցելն անհրաժեշտ եմ համարում։ Փորձել ենք նաև աջակցություն տրամադրել առանձին ընտանիքների, որոնք առավել շատ են տուժել 2023-ի սեպտեմբերի 25-ի պայթյունից, սեպտեմբերի 19-ի պատերազմից։ Քանի որ ինքս կազմակերպություն չունեմ, ուղղակի պատմում եմ մարդկանց պատմությունները, և բարերաները իրենք են որոշում ՝ ինչպե՞ս օգնել և ո՞ւմ աջակցել:
Բոլորովին վերջերս Սիրանուշի աջակցությամբ արցախցի կանանց համար կազմակերպվել է մեկամսյա ծրագիր, որն ավարտվել է երկօրյա ցուցահանդես–վաճառքով
-Ամենաթարմ ու ամենամեծ ծրագիրը, որ իրականացրել ենք, դա մայիս ամսվա <<Dance4Armenia>> ամերիակահայ մի խումբ երիտասարդների կողմից ֆինանսավորված ծրագիրն է։ Ծրագիրը իրականացվել է <<Ասկերանցիներ համայնքի զարգացման կենտրոն>> ՀԿ-ի նախաձեռնող խմբի միջոցով։
Նրանց գործունեության մասին տեղյակ էի դեռևս Արցախից։ Տեսել եմ, թե ինչպես է այն գործում մինչև շրջափակումը և անգամ շրջափակման ժամանակ։ Փորձել եմ իմ ընկերների միջոցով կամուրջ լինել և նրանց կապել իրար հետ։
Ծրագրում, որի հեղինակն ու համակարգողը Ելենա Սարկիսյանն է, ընդգրկված էին արցախցի 25 կանայք, որոնց համար շատ կարևոր էր ներկայացնել իրենց արտադրանքը, մտնել հայաստանյան և արտասահմանյան շուկա ու ճանաչելի դառնալ։ Ամենակարևոր նպատակներից մեկը նաև այն է, որ մենք կարողանանք պահպանել արցախյան ավանդույթները, ոչ նյութական մշակութային ժառանգությունը, մեր հիշողությունները։
Ծրագրի շրջանակում մայիս ամսվա ընթացքում տարբեր միջոցառումներ են կազմակերպվել։ Շատ կարևոր է նաև, որ կանայք օժտված լինեն ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետելու ունակությամբ և կարողանան ավանդականը համադրել ժամանակակից տեխնոլոգիաների հետ։
Պրոֆեսիոնալ լուսանկարչուհի Արմինե Վանյանի միջոցով ծրագրի շրջանակներում անց է կացվել ֆոտո-դասընթացներ, որպեսզի կին արտադրողները կարողանան իրենց արտադրանքը հանել համացանցային շուկա։
Մեր կանանց մասնակցությամբ կազմակերպվել են արցախյան գաթայի, ժենգյալով հացի, փախլավայի, խաշիլի, գուլպագործության ու շապիկների մաղային տպագրության վարպետաց-դասեր։ Մեկամսյա ծրագիրն ամփոփվել է երկօրյա ցուցահանդես-վաճառքով, որը կազմակերպվել է Երևանի ամենաբանուկ վայրերից մեկում։
Կանանց տրամադրվել է անվճար հարթակ, որտեղ նրանք կարողացել են իրենց արտադրանքը ներկայացնել ու վաճառել, ինչպես նաև ձեռք բերել նոր պատվիրատուներ։ Տոնավաճառը շատ աշխույժ էր, ունեինք բավականաչափ հյուրեր, առանձնապես արտասահմանից։
Երբ նրանց պատմում էինք, թե ովքեր են այդ կանայք ու ինչ ճանապարհ են անցել, միանգամից փոխվում էր մարդկանց վերաբերմունքը։ Նրանք ցանկանում էին անմիջապես աջակցել՝ ձեռք բերելով արցախցի կանանց ձեռքի հրաշալի աշխատանքները։
Հույս ունեմ, որ այսպիսի ծրագրերը շարունակական կլինեն, ու մենք կկարողանանք այսուհետ ևս հարթակ տրամադրել՝ մեր սփյուռքահայ հայրենակիցներին քաջալերելով, որ նրանք նմանատիպ ծրագրեր իրականացնեն և իրենց հոգատար ձեռքի տակ պահեն տեղահանված արցախցիներին:
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ