«Սարդարապատից մինչև Արցախ» միջոցառում․ կազմակերպիչ՝ արցախցի զինղեկ

  • 14:22 03.06.2025

Արմավիրի մարզի Խոյ խոշորացված համայնքի Շահումյանի միջնակարգ դպրոցում կազմակերպված «Սարդարապատից մինչև Արցախ« խորագրով միջոցառումը Հայաստանի առաջին Հանրապետության անկախության օրվան էր նվիրված։ Ներկաները ծաղիկներ են խոնարհել Արցախյան պատերազմներում զոհված հերոս տղաների հիշատակը հավերժացնող հուշատախտակին և մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը։

Հրավիրված զինվորականներն անկեղծ զրույց են ունեցել բարձր դասարանցիների հետ, լսել հետաքրքրող հարցերն ու պատասխանել նրանց։ Աշակերտները ոգևորված էին, նրանց մեջ ակնհայտ էր մեծ վճռականություն, ու կամքի ուժ և հարկ լինելու դեպքում պատրաստ էին ատամներով պաշտպանել հայրենիքի սահմանները։ Յուրօրինակ հայրենասիրության դաս-միջոցառումը համեմված էր երգ ու պարով, գեղեցիկ ակնթարթներով։

Վերջում դպրոցի զինղեկ Արման Ավանեսյանի նախաձեռնությամբ կազմակերպվեցին ցուցադրական խաղեր, որտեղ աշակերտները ցույց տվեցին իրենց հմտություններն ու բարձր պատրաստվածությունը։ Նրանց համար զինվորական համազգեստ կրելը մեծ պատիվ է, իսկ հայրենիքին ծառայելը՝ սուրբ առաքելություն․․․

Արցախից տեղահանված զինղեկն իր խոսքում համոզմունք հայտնեց, որ Արցախի թեման փակված չէ և հետվերադարձ անպայման լինելու է ու դրա համար պետք է արվի հնարավորը, որպեսզի մարդկանց մոտ երբեք չմարի հույսն ու հավատը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ