Հարց 1․ Արդյո՞ք կգնայիք հեղափոխության, եթե իմանայիք, որ ամենը այսպես է դասավորվելու
«Պարոն Փաշինյան, եթե վերադառնայիք 2018 թ. և իմանայիք, որ հեղափոխության արդյունքը լինելու է Արցախի կորուստը, Ձեր լեգիտիմության անկումը շրիշակի մակարդակի, դաշնակիցների հետ հարաբերությունների փլուզումը, հակասությունները եկեղեցու հետ — նորից ձեռնամուխ կլինեի՞ք հեղափոխությանը»:
Պատասխան. «Անպայման կլինեի, հիմա ավելի քան վստահ եմ, որ այո»։ Ասաց, որ իր լեգիտիմությունը կասկածի տակ չի կարելի դնել, որովհետև վերընտրվել է 2021 թ.-ին՝ կառավարության կազմալուծումից հետո։ Արցախի, եկեղեցու ու դաշնակիցների մասին՝ լռեց։
Հարց 2․ Արդյո՞ք ունեիք այս նույն տեսակետները ուսանող ժամանակ
«Որպես անհատ, ով չի համաձայնում Ձեր քաղաքականությանը Արցախի, Ցեղասպանության և «իրական Հայաստանի» վերաբերյալ՝ հետաքրքիր է՝ ուսանող ժամանակ ունեիք՞ այս նույն տեսակետները»։
Պատասխան. «Ես նույնիսկ այն Նիկոլ Փաշինյանը չեմ, որ եղել եմ մեկ շաբաթ առաջ»։ Արցախի թեմային անդրադառնալով՝ նշեց, որ պատերազմի ավարտից հետո էլ շարունակում է մտածել հեղափոխության մասին, բայց չի ափսոսում իր որոշումների համար։
Այդ պահին հնչեցրեց մի մտահոգիչ միտք․«Երբ կորցրեցինք Արցախը՝ ստացանք իրական անկախություն»։ Ցանկացա արձագանքել՝ «Արդյո՞ք Արցախ ունենալով՝ անկախ չէինք», բայց նա խնդրեց չընդհատել իրեն և սպասել մինչև կավարտի։ Քաղաքական կոռեկտությունից ելնելով սպասեցի։
Շարունակեց պնդել, որ նույնիսկ եթե ունենայինք 300․000 կմ² Հայոց պատմական տարածքը, ուրիշները մեզնից կվերցնեին այն: Ես հակադարձեցի, որ 300․000 կմ² Հայաստանը իմ նախնիների հայրենիքն է, մեր հոգևոր և ֆիզիկական բնօրրանն է և , եթե չերազենք և չձգտենք դրան, նույնիսկ այսօրվա Հայաստանը կկորցնենք։
Նա շարունակ պնդում էր, որ պետք է կենտրոնանալ միայն 29․743 կմ²-ի վրա ` նշելով, որ Սևանն ու Արագածը մեզնից նեղանում են, երբ միայն Արարատի մասին ենք խոսում։
Մի պահ հանդիպումը վերածվեց մենախոսության ու շոուի։ Բորբոքված էր, գոռում էր, դեմքը կարմրել էր: