Սահմանված ժամկետում Արցախի նախագահի թեկնածու չի առաջադրվել

  • 23:02 03.06.2025

Step1.am-ի տեղեկություններով՝ Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները սահմանված ժամկետում Արցախի նախագահի թեկնածու չեն առաջադրել, հետեւաբար, Արցախի նախագահ չի ընտրվել։

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի պաշտոնավաման ժամկետը լրացել է, եւ հիմա նախագահի պարտականությունները կատարում է Արցախի ԱԺ նախագահը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախի Հանրապետության ազգային ժողովի լիազորությունները մայիսի 21-ին ավարտվել են։ Եվ մայիսի 21-ին Արցախի խորհրդարանն արտահերթ նիստ էր գումարել, որի ընթացքում ԱԺ նախագահ էր ընտրվել «Ազատ Հայրենիք» խմբակցության պատգամավոր Աշոտ Դանիելյանը:

ԱԺ նախագահ ընտրելուց հետո խորհրդարանում ներկայացված խմբակցությունները 7-օրյա ժամկետում պետք է Արցախի նախագահի թեկնածու առաջադրեին, սակայն մինչ օրս առաջադրում չի եղել։

Հիշեցնենք, որ վերջերս Արցախի խորհրդարանը հաստատել էր սահմանադրական փոփոխությունների նախագիծ՝ ապահովելու համար Արցախի պետական ինստիտուտների գործունեության շարունակականությունը։