«Ֆրանսիան պատրաստվում է ավելի լուրջ ներկայություն ունենալ Սյունիքում»․ Արա Պապյան

  • 23:31 03.06.2025

«Ֆրանսիան Սյունիքում բացեց պատվո հյուպատոսի գրասենյակ, որը հայտարարված գլխավոր հյուպատոսարանից ավելի ցածր կարգավիճակ ունի, բայց այդուհանդերձ կարեւոր է։ Եվ Ֆրանսիայի դեսապանն էլ դա շեշտեց, որ իր գործառույթով դա շատ ավելի կարեւոր է, քան պարզապես պատվո հյուպատոսարանը»,- step1.am-ի հետ զրույցում ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։ Նրա խոսքով՝ այսպիսով Ֆրանսիան իր ներկայությունն է ապահովում Սյունիքում, դրանով նաեւ զգուշացնում է Ադրբեջանին, որ բոլոր տեղեկություններն առաջնային աղբյուրներից աշխարհին հասանելի կլինեն։ «Նաեւ ես կարծում եմ, որ Ֆրանսիան պատրաստվում է ավելի լուրջ ներկայություն ունենալ Սյունիքում»,- հավելեց Պապյանը։

Անդրանդառնալով ռուսական կողմի հայտարարություններին, որ ցանկանում են Սյունիքում հյուպատոսություն բացել՝ Արա Պապյանն ասաց․ «Հաշվի առնելով Ռուսաստանի վերջին տարիների քաղաքականությունը՝ Ռուսաստանի նկատմամբ կա որոշակի անվստահություն, զգուշավորություն, որը ճիշտ է, որովհետեւ ռուսական հյուպատոսարանն ավելի շատ վնասելու է, քան օգնելու։ Օրինակ՝ ռուս խաղաղապահները հաստատապես ավելի շատ խանգարել են Արցախի պաշտպանության կազմակերպմանը։ Ես վստահ եմ՝ եթե ռուս խաղաղապահները չլինեին Արցախում, ապա ոչ մի արցախցի չէր հանդուրժի, որ մի խումբ ինչ-որ բնապահպաններ գային ու փակեին Լաչինի միջանցքը՝ ամիսներով սովի մատնելով ժողովրդին։

Կարծում եմ՝ ՀՀ իշխանությունները միջանկյալ որոշում են կայացրել՝ ֆրանսիացիներին ասում են՝ տեսեք, մենք ռուսներին թույլ չենք տալիս, իսկ ռուսներին ասում են՝ տեսեք, մենք Ֆրանսիային գլխավոր հյուպատոսարանի կարգավիճակ էինք խոստացել, բայց ընդամենը պատվո հյուպատոսարան բացեցինք։ Սա հերթական խաղն է, որը հիմա չի անցնում, դա 2000-ականների սկզբին աշխատող սկզբունք էր, բայց հաշվի առնելով, որ հիմա Արեւելք-Արեւմուտք դիմակայություն կա, ոչ ոք կիաստություն չի հանդուրժում, երկու կողմն էլ ի վերջո դժգոհ են մնում»,- նշեց նա։

Անդրադառնալով Սյունիքի շուրջ ընթացող զարգացումներին՝ Արա Պապյանն ասաց, որ թշնամիների նպատակը Արցախի օկուպացիան չէ։ «Արցախն իրենց պետք չէ, դա պատրվակ է, Արցախը պետք է այնքանով, որքանով, որ եթե իրենք լուծում են Զանգեզուրի հարցը, լուծում են նաեւ Հայաստանի հարցը։ Այսինքն՝ իրենց համար Հայաստանի գոյությունը՝ որպես ինքնուրույն ու անկախ պետություն, ընդունելի չէ։ Եթե ինչ-որ փոքր չափով Հայաստան պետք է լինի, դա պետք է տարածքով փոքր, Թուրքիայից ու Ադրբեջանից ամբողջովին կախյալ վիճակի մեջ լինի։

Բայց ես չեմ կարծում, որ Ալիեւն այս պահին կգնա պատերազմի, կարող են ինչ-որ բախումներ լինել։ Դիմացն ընտրություններ են, ինքն ամեն ինչ պիտի անի, որպեսզի Նիկոլ Փաշինյանը վերընտրվի։ Ինչո՞ւ գնա պատերազմով մի բան վերցնելու, եթե կարելի է հանգիստ այդ ամբողջը վերցնել՝ առանց ծախսեր անելու եւ զոհեր տալու, ինչը մենք տեսնում ենք վերջին տարիներին։ Այն պահին, երբ Ալիեւը կզգա, որ Նիկոլ Փաշինյանի դիրքերն այնքան սասանված են, որ նա կկորցնի իշխանությունը, այդ ժամանակ նոր ինքը կգնա պատերազմի։ Քանի Նիկոլը կա, Հայաստանն արդեն օկուպացված է առանց մեկ կրակոցի»,- նշեց նա։

Ռոզա Հովհաննիսյան