Համաժողով. Ագրեսիան միջազգային իրավունքում հանցագործություն չի համարվում

  • 17:12 04.06.2025

Կալիֆոռնիայի դաշնային դատավոր Գասիա Աբգարյանի գլխավորած Ճշմարտության և արդարադատության կենտրոնը (CFTJ) 2020-ին Արցախում Հայաստանի դեմ ագրեսիայից հետո արդեն չորրորդ միջազգային համաժողովն է անցկացնում Հայաստանում, որն այս անգամ անցնում է «Հանցագործությունները խաղաղության դեմ. Ագրեսիայի հանցագործության սահմանումը փոփոխվող աշխարհում» խորագրի ներքո։

Այսօր Մատենադարանում բացվեց եռօրյա համաժողովը։

Իր ելույթում Գասիա Աբգարյանը նշեց, որ կազմակերպությունը ստեղծվել է, քանի որ «մենք կարծում էինք, որ ինչ-որ մեկը պետք է հավաքագրի և ներկայացնի կատարված ագրեսիայի հանցագործության ապացույցները»։ Հավաքագրվել և փաստաթղթավորվել է մոտ 600 վկայություն և ապացույց, որոնք ցույց են տալիս, որ հիմնական հանցագործությունը ագրեսիան է, և սպանության, օկուպացիայի, տեղահանության մյուս բոլոր հանցագործությունները դրա ածանցյալներն են, ասել է նա։

Գասիա Աբգարյանը նշեց, որ ծնվել է Սիրիայում, որտեղից իր նախնիները տեղահանվել են Հայոց ցեղասպանության ժամանակ։ «Ի տարբերություն արցախահայերի, որոնք Հայաստան ունեին և այստեղ ապաստան գտան, հայերը 1915 թվականին տեղահանվեցին անապատ։ Հայաստանի կառավարությունը ինչ-որ կերպ փորձեց օգնել արցախահայերին, բայց փաստն այն է, որ ագրեսիայի արդյունքում 120 հազար մարդ զրկվեց տնից և ամեն ինչից», – ասաց Գասիա Աբգարյանը։

Նա նշեց, որ ներկայումս ագրեսիա է տեղի ունենում Սյունիքում, և «Ճշմարտության և արդարադատության կենտրոնը» հիմա փաստագրում է, թե ինչ է կատարվում Հայաստանի հարավում։ Գասիա Աբգարյանը նշեց, որ Սյունիքի սահմանամերձ գյուղերից մոտ 10 ընտանիք արդեն լքել է իրենց տները, և եթե ագրեսիան չդադարեցվի և արդարադատության դռները չբացվեն, ապա հայերը կսկսեն լքել մյուս գյուղերն ու քաղաքները։

Համաժողովի հատուկ հյուրը Խոզնավարի բնակիչ Հրայր Ալավերդյանն էր, ով խոսեց վերջին տարիներին Խոզնավարում ստեղծված իրավիճակի մասին՝ ներխուժում, օկուպացիա, ամենօրյա հրետակոծություն, գույքի վնասում, սեփական հողում աշխատելու հնարավորության բացակայում, վախի և անվստահության մթնոլորտ, մշուշոտ ապագա։ «Մենք չենք ուզում հեռանալ, բայց ես արդեն երկու ամիս է՝ ոչինչ չեմ կարողանում ձեռնարկեել, որովհետև չգիտեմ՝ ինչ կլինի հետո», – ասաց նա։

Խոզնավարի բնակիչը նշեց, որ ագրեսիան դադարեցնելու համար պետք է լինի միջազգային միջամտություն։ Նա նշեց, որ եվրոպացի դիտորդները ամեն ինչ փաստաթղթավորում են, «մենք շնորհակալ ենք նրանց և հույսը դնում ենք միայն նրանց վրա»։

Նրա խոսքով՝ միայն Խոզնավարում կա 70 երեխա, բայց, ըստ իր տեղեկությունների, շատ ընտանիքներ երեխաներով, այդ թվում՝ հարևան Խնածախ և Արավուս գյուղերից, ցանկանում են հեռանալ։

Այսօրվա համաժողովում քննարկվեցին նաև փոփոխությունները ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթերում, որտեղ ագրեսիան չի համարվում հանցագործություն և քրեականացված չէ: Շատ երկրներ կողմ են ՄԱԿ-ի փաստաթղթերի և Միջազգային քրեական դատարանի կանոնադրության փոփոխություններին, որոնք թույլ կտան ոչ միայն ագրեսիան կհամարել միջազգային հանցագործություն, այլև ստեղծել ագրեսիան կանխելու և պատժելու միջազգային մեխանիզմներ՝ ընդլայնելով ՄՔԴ-ի լիազորությունները: Ներկայումս, ըստ իրավաբանների, անհատները չեն ենթարկվում քրեական հետապնդման ագրեսիայի գործողությունների համար: Հուլիսին Կամպալայում կկայանա հանդիպում, որտեղ կքննարկվեն այդ փոփոխությունները, և այսօրվա համաժողովը, ըստ մասնակիցների, կարող է նպաստել ընդունելի առաջարկների ձևավորմանը։

Ինչպես նշվեց, աշխարհում այժմ տեղի ունեցողը մեր անգործության և սահմանափակումների, ընտրողական միջազգային արդարադատության գինն է։

Նաիրա Հայրումյան