2023-ի սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեցին հրետակոծությունները, 7-րդ ժամով 8-րդ դասարանում էր

  • 18:09 04.06.2025

Սրբուհի Վանյանն Արցախի Հարությունագոմեր գյուղից է։ Աշխատում էր Զարմիկ Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցում շուրջ 27 տարի պատմություն է դասավանդել։ 2023-ի սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեցին հրետակոծությունները, 7-րդ ժամով 8-րդ դասարանում էր։ Դպրոցում խուճապ էր արդեն, տնօրենը մտավ դասարան ու հրահանգեց երեխաներին տուն ուղարկել նորից պատերազմ է։

Այդ օրվա ամեն մի պահն անջնջելի է Սրբուհու հիշողության մեջ

-Աշակերտներին ուղարկեցի տուն՝ փորձելով հանգստացնել, որ շուտով կավարտվի ամեն ինչ․ վախենալու բան չկա։ Հետո վազեցի 7-րդ դասարանում սովորող փոքր աղջկաս՝ Սևանայի մոտ․ նա լացում էր։ Ինչքան էլ փորձեցի, չկարողացա հանգստացնել նրան․ երեխան արդեն հասկացել էր, որ շատ սարսափելի բան է տեղի ունենում։ Գնացինք տուն, որտեղ միայն կրտսեր որդիս էր՝ Գոռը։ Շատ անհանգիստ էինք, որովհետև ամուսինս ու ավագ որդիս մարտական դիրքերում էին, ավագ աղջիկս՝ Ստեփանակերտում։

Ամուսինս՝ Գագիկը, Հաթերքի զորամասում էր ծառայում, տղաս՝ Մակբեթը, Մաղավուզի ուղղությունում։ Հնարավոր չէր կապվել նրանց հետ, քանի որ արդեն կապերը լրիվությամբ կտրվել էին։

Երեկոյան կողմ երկու երեխաներիս հետ գնացինք գյուղամեջ։ Քիչ հետո լսեցինք, որ Չափար գյուղը տարհանվում է։ Նորից հետ գնացինք տուն։ Ժամը 11-ին բոլորին հրահանգեցին հավաքվել գյուղամիջում, ասելով, որ տարհանվում ենք Դրմբոն։

Երկու մեքենա ունեինք, սակայն վառելիք չկար, որ մեր մեքենաներով դուրս գանք գյուղից։ Ստպված մյուս համագյուղացիների հետ բեռնատար մեքենայով դուրս եկանք գյուղից՝ չգիտակցելով, որ այլևս հետ չենք վերադառնալու։

Պողոսագոմերի ճանապարհին վարորդը կանգնեցրեց մեքենան ու ասաց, որ իրեն ծառայության վայրից հետ են կանչում։ Այդպես մենք մնացինք ճանապարհին կանգնած՝ չիմանալով՝ ինչ անել։ Մեր մեջ կային և՛ տարեցներ, և՛ բազմազավակ ընտանիքներ։ Լուսադեմին զանգեցինք համայնքի ղեկավարին ու մեքենա խնդրեցինք՝ բացատրելով իրավիճակը։ Մինչև մեքենան կգար, գնացինք ճանապարհի մոտ մի շինության մեջ պատսպարվեցինք, որտեղ գոնե նստելու տեղեր կային։

Կեսօրին մոտ գյուղապետը մեքենա է ուղարկում ու մենք հասնում ենք Ստեփանակերտի օդանավակայան, որտեղ մարդկանց մեծ բազմություն էր հավաքվել։ Մերոնցից ոչ մի լուր չկար։ Օդանավակայանից գնացինք Ստեփանակերտ, մեծ աղջկաս՝ Գայանեի մոտ։ Տեղեկություն հասավ, որ ամուսնուս դիրքի բոլոր տղաները զոհվել են։ Մեզ կորցրել էինք․ գնացինք դիահերձարան, նայեցինք ցուցակները․ ամուսնուս տվյալները չկային։

Սեպտեմբերի 21-ին լուր ստացանք, որ Գագիկը ողջ է՝ տեսել են Գետավանում։ Հաջորդ օրը զանգ ստացանք տղայիցս ու վերջապես հանգստացանք։ Սեպտեմբերի 25-ին ընտանիքս հավաքվեց։ Այդ մի քանի օրը տարիներ էին թվում։

Գագիկը պատմում է, որ հրաշքով է ողջ մնացել ու մինչև հիմա չի հավատում, թե ինչպես է դուրս պրծել թշնամու ձեռքից։

-Սեպտեմբերի 24-ին ընկերոջս հետ ոտքով մեր դիրքից հասանք գյուղ ու տեսանք, որ այն արդեն ադրբեջանցիների վերահսկողության տակ էր։ Մեզ վրա սկսեցին կրակել, ու մենք վազեցինք տարբեր ուղղություններով՝ հնարավորինս խուսափելով թշնամու գնդակներից։ Ես մի կերպ հասա տուն, որը գյուղի վերևի մասում էր գտնվում։ Մեր տանից քիչ վերև արդեն թշնամին դիրքավորվել էր։ Սողեսող մտա տուն, տեսա՝ այն արդեն տակնուվրա արված։ Շորերս փոխեցի, որովհետև ամբողջովին արյունոտ էր, քանի որ վիրավորների էի օգնում։

Մեր գումարտակը մեկ օր տևած պատերազմում 53 զոհ է տվել ու բազմաթիվ վիրավորներ։ Գիշերը մնացի տանը, մի քիչ հանգստացա ու առավոտյան շուտ դուրս եկա ու գնացի դեպի Վանք գյուղը՝ մտածելով, որ այն դեռևս գրավված չի լինի։ Հասա Վանք ու տեսա, որ ոչ մի շունչ չկա։ Հետ դառա դեպի գյուղի ներքևը, որտեղից ինչ որ ձայներ էին գալիս։ Հետևիցս մեքենա էր գալիս․ համոզված էի, որ հայեր են։ Հանկարծ ադրբեջաներեն լեզվով կանգնեցրին ինձ։ Հասկացա, որ ընկել եմ թշնամու ձեռքը։ Ինձ տարան հրամանատարության մոտ, որտեղ սկսեցին հարցաքննել։ Ես ստեցի՝ ասելով, որ անասնապահ մարդ եմ, ծառայության հետ ոչ մի կապ չունեմ։ Երևի հավատացին, քանի որ քիչ անց ասացին, որ ինձ կտանեն հայերի մոտ։ Այդ մի քանի ժամվա զգացողությունս մինչև հիմա իմ հետ է, որովհետև կյանքս մազից էր կախված, ու ես համոզված էի, որ հենց այդտեղ էլ կսպանեն ինձ։ Աստված պահպանեց ինձ, որ հասնեմ հարազատներիս։

Մկրտչյանների կյանքը հարթ չի անցել։ 2020-ի 44-օրյա պատերազմում ծանր վիրավորվել է նրանց կրտսեր որդին՝ Գոռը։ Բժիշկների և Աստծո օգնությամբ է ողջ մնացել։ Մայրը պատմում է

 -Գոռը մեկ ամսվա ծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Հադրութում էր։ Ամուսինս ու ավագ որդիս ևս դիրքերում էին։ Սարսափով եմ հիշում այդ օրերը․ կանայք, ծերերն ու երեխաները տարհանվում էին Արցախից։ Ես չէի կարող գնալ․ աղջիկներիս բարեկամների հետ ուղարկեցի Երևան, ինքս մնացի գյուղում։ Ծանր օրեր էին։

Հադրութն արդեն ընկել էր թշնամու ձեռքը։ Անընդհատ վատ լուրեր պտտվում։ Տղայիս զորամասը հասնում է մինչև Շուշի, որտեղ տղաների մեծամասնությունը զոհվում է, իսկ մի քանի հոգի հրաշքով են ողջ մնում։ Որդիս շատ ծանր վիրավորվում է ու գրեթե 8 ժամ արյունահոսություն տալիս։ Արցախում առաջին օգնությունը ցույց տալուց հետո նոյեմբերի 8-ին նրան տեղափոխում են Երևան։ Հաջորդ օրը ես ևս մեկնում եմ Հայաստան։ Գոռը երկար բուժում է ստանում, և ինչպես բժիշկներն են ասում, հրաշքով է ողջ մնացել՝ ստանալով 3-րդ կարգի հաշմանդամություն։  Տղաս արժանացել է <<Մարտական խաչ>> 2-րդ աստիճանի շքանշանի, սակայն նա Հերոսի կոչման է արժանի։ Ինչպես ականատեսներն են պատմում, Հադրութից մինչև Շուշի հասնելը նա շուրջ 30 հոգու կյանք է փրկել։ Ցավոք, այսօր առողջության պատճառով նա չի կարողանում աշխատանք գտնել։

Սրբուհի Վանյանը չի դադարում երազել հետվերադարձի մասին։ Նա հավատում է, որ օրերից մի օր կվերադառնան պատմական Արցախ ու տեր կկանգնեն հող ու ջրին

-Տեղահանությունից հետո շատ դժվարությունների առաջ ենք կանգնել։ 4 անգամ տուն ենք փոխել։ Այս պահին ևս մտադիր ենք նոր տուն վարձակալել՝ ավելի ցածր վարձավճարով, որովհետև մի ամսից հետո մեր 6 հոգանոց ընտանիքից միայն կրտսեր աղջիկս է լինելու 40 հազ․ դրամ աջակցության շահառու։ Ինքս աշխատանքի եմ անցել դպրոցում, սակայն մտադիր եմ ազատվել աշխատանքից ու ավելի բարձր աշխատավարձով աշխատանք գնել։ Այս պահին ամուսինս աշխատում է շինարարական կազմակերպությունում։ Ավագ որդիս ավարտել է բարձրագույն ուսումը և ցանկանում է իր մասնագիտությամբ աշխատել՝ իրավաբան է։

Ինչքան էլ փորձում եմ, չեմ կարողանում հարմարվել մեր կարգավիճակին։ Ես իմ տունն եմ ուզում, իմ գյուղը, իմ Արցախը։ Թեև Հայաստանն իմ հայրենիքն եմ համարում, սակայն միևնույն է՝ դժվար է հարմարվել նոր ապրելակերպին, միջավայրին։ Գիտեմ՝ սխալ է, բայց մեր ցավն արթուն է և իրեն զգացնել է տալիս ամեն վայրկյան։ Չգիտեմ, գուցե ժամանակի ընթացքում կկարողանանք ինտեգրվել։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ