Ո՞նց թե՝ վարչապետն է գերագույն հրամանատար

  • 18:29 04.06.2025

«Սահմանային իրադրությունը գնահատում եմ հարաբերական կայուն։ Այո, կրակոցներ հնչել են, հնչում են, բայց դրանք նպատակային չեն, թիրախային չեն։ Այն կրակոցները, որոնք կոնկրետ թիրախավորվում են, դրա մասով մեր պաշտոնական լրահոսը տեղեկատվություն տալիս է»,- Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

Ասրյանի խոսքով՝ ադրբեջանական կողմը պատճառաբանում է, որ կրակողն իրենք չեն, բայց իրականում իրենք են։ «Մեր գնահատմամբ՝ եթե հակառակ կողմից կրակոցներ են արձակվում, դա մեր զինծառայողների եւ սահմանային բնակչության վրա հոգաբանական ճնշում գործադրելու նպատակ ունի։ Բայց փաստն այն է, որ մենք դրան ուշադրություն չենք դարձնում, շարունակում ենք մեր բնականոն ծառայությունը»,- նշեց նա։

Այնուհետեւ նա հավելեց․ «Դուք ճիշտ չհասկացաք իմ պատասխանը․ եթե ուշադրություն չենք դարձնում, դա չի նշանակում, որ Հայաստանի Զինված ուժերը չեն շարունակում իրենց առջեւ դրված խնդրի կատարումը։ Մենք շարունակում ենք հետախուզության վարումը բոլոր ունեցած ուժերով եւ միջոցներով։  Եվ սահմանային խորություններում հակառակորդի կողմից ոչ մի նմանատիպ սադրիչ քաղաքականության գործողություններ չկան»։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։ Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Էդվարդ Ասրյանն ասաց․ «ՀՀ վարչապետը ի պաշտոնե հանդիսանում է նաեւ ԶՈւ գերագույն հրամանատարը։ Այն, ինչ վարչապետը հնչեցնում է, ուրեմն բավական հիմքեր ունի՝ դա հնչեցնելու համար»։

Ինչո՞ւ է Գլխավոր շտաբի պետը ասում, որ գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է։ Նա Սահմանադրույա՞նը չի ծանոթ, թե՞ պատերազմ է, մենք տեղյակ չենք։   

ՀՀ Սահմանադրություն

Հոդված 155. Զինված ուժերը

 

1. Զինված ուժերը Կառավարության ենթակայության ներքո են: Զինված ուժերի կիրառման մասին որոշումն ընդունում է Կառավարությունը: Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում զինված ուժերի կիրառման մասին որոշումը, պաշտպանության նախարարի առաջարկությամբ, կայացնում է վարչապետը և այդ մասին անհապաղ տեղեկացնում Կառավարության անդամներին:

2. Պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է Անվտանգության խորհուրդը: Պաշտպանության նախարարն այդ հիմնական ուղղությունների շրջանակներում իրականացնում է զինված ուժերի ղեկավարումը:

3. Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով: Ոչ պատերազմական ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին:

4. Պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է:

5. Զինված ուժերի ենթակայության, ղեկավարման, ինչպես նաև այլ մանրամասներ սահմանվում են օրենքով: