ԱԱԾ-ն տեղեկություն էր հայտնել, որ հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչները։ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն այսօր լրագրողների հետ ճեպազրուցյում մանրամասներ հայտնեց հանդիպման մասին։ «Այո, հանդիպումը տեղի է ունեցել, արդեն երկորրդ հանդիպումն է սա։ Հանդիպման ժամանակ քննարկվել են անհայտ կորածների ճակատագիրը, հնարավոր որոնողական աշխատանքները։ Նաեւ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ աշխատանքները շարունակական կլինեն։ Եվ ես այդ հանդիպումը որակում եմ դրական»,- ասաց Աբազյանը։
Հարցին, թե գերիների վերադարձի ուղղությամբ երբ շոշափելի արդյունք երբ կլինի, նա պատասխանեց․ «Ես գիտեմ, որ բոլորը սպասում են։ Մենք բոլորից շատ ենք շահագրգռված, որպեսզի օր առաջ արդյունք ունենանք։ Հիմա ես չեմ կարող ասել արդյունք կունենանք վաղը, 5 օր հետո, թե՞ մի ամիս կամ մի տարի հետո, բայց համոզված եղեք, որ արդյունք ունենալու ուղղությամբ մեր կողմից ամեն ինչ արվում է»։
Հարցին, թե հայկական կողմը երբ կմտնի Ադրբեջանի տարածք՝ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար, Աբազյանը պատասխանեց․ «Ես չբարձրաձայնեմ, թե երբ կմտնենք, բայց մենք նախնական պայմանավորվածություն ունենք, որ համատեղ իրականացնելու ենք որոնողական աշխատանքներ»։