ԵԱՀԿ-ում քննարկվել է հայատյացությունը, էթնիկ զտումների քաղաքականությունը և Ալիևի կողմից Հայաստանի դեմ ուղղված տարածքային սպառնալիքները

  • 22:28 04.06.2025

Հունիսի 3-ին Վիեննայում տեղի ունեցավ «Հայերի նկատմամբ պետական ​​համակարգված խտրականությունը և էթնիկ զտումները Ադրբեջանում» թեմայով միջոցառում, որը կազմակերպվել է «Իրազեկ քաղաքացիների միություն» (UIC) և «Հանուն հավասար իրավունքների» (FER) հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ։

Միջոցառումը տեղի ունեցավ Վիեննայում անցկացվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մարդկային չափման համաժողովի շրջանակներում։

Միջոցառման բանախոսներն էին 2023 թվականին Արցախից բռնի տեղահանված Արսեն Աղաջանյանը (Step1.am-ի թղթակից), Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Արփի Հարությունյանը, Ֆրանսիայում և Ավստրիայում հավատարմագրված փաստաբան և իրավաբան Արլետ Զաքարյանը, FER-ի նախագահ Գայանե Աբրահամյանը և ԻՔՄ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Միջոցառման ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին Ադրբեջանում հայատյացության և քսենոֆոբիայի բազմաթիվ փաստեր, ինչպես նաև փաստեր, որոնք հաստատում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությունը այս երկրում հայատյացության տարածմանը: Զուգահեռներ անցկացվեցին Իլհամ Ալիևի Ադրբեջանում արված հայտարարությունների և ատելության ու խտրականության վրա հիմնված այլ բռնակալական ռեժիմների միջև:

Միջոցառմանը ներկա էին նաև էթնիկ զտումներից փրկված փախստականներ, ովքեր կիսվեցին իրենց պատմություններով։

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ելույթ ունեցան նաև լիագումար նիստում, խոսելով կազմակերպված հայատյացության, Ալիևի գլխավորությամբ Ադրբեջանում ատելության խոսքի, Լեռնային Ղարաբաղում կազմակերպված էթնիկ զտումների և խաղաղության պայմանագիր կնքելու անհրաժեշտության մասին։

Step1.am