Արցախցիների համար դոնոր համաժողով հրավիրելու հարց չկա․ կառավարության պատասխանը

  • 23:02 04.06.2025

Հայաստանի կառավարության օրակարգում միջազգային դոնոր համաժողով հրավիրելու հարց ներկայումս չկա։ Այս մասին step1.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից։

Step1.am-ը հետեւյալ հարցն էր ուղղել Տիգրան Խաչատրյանի գրասենյակին․ արցախցիներն առաջարկում են ՀՀ կառավարությանը միջազգային դոնորների համաժողով կազմակերպել, նրանք հիմնավորում են, որ դա հնարավորություն կտա գումարներ հավաքագրել ու լուծել բռնի տեղահանվածների խնդիրը, մինչեւ նրանց՝ անվտանգ ու միջազգային երաշխիքներով վերադարձի հարցի լուծումը։ Ինչո՞ւ է ՀՀ կառավարությունը հրաժարվում դոնոր համաժողով կազմակերպել։

Փոխվարչապետի գրասենյակից պատասխանել են․ «Ֆինանսական լրացուցիչ միջոցներ ներգրավելու նպատակով միջազգային դոնոր համաժողով հրավիրելու առաջարկի առնչությամբ հայտնում ենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսապայմանների բարելավումը կառավարության կարեւորագույն առաջնահերթություններից է, ինչի իրականացումը չի սահմանափակվում միջազգային ֆինանսական աջակցության առկայությամբ։ Միեւնույն ժամանակ բոլոր ծրագրերը տարբեր ձեւաչափերով մշտապես քննարկվում են միջազգային գործընկերների հետ, եւ հնարավոր բոլոր ուղղություններով առկա է կառուցողական համագործակցություն՝ ինչպես միջազգային զարգացման կառույցների, այնպես էլ առանձին պետությունների հետ։ Միջազգային դոնոր համաժողով հրավիրելու օրակարգ ներկայումս առկա չէ, և այդ հարցը կարող է քննարկվել, եթե հստակեցվի գործող ձեւաչափերում չկարգավորված հարցերի շրջանակը, որոնց հասցեագրումը հնարավոր է համարվում առաջարկվող եղանակով»։

Փոխվարչապետի գրասենյակին նաեւ ուղղել էինք հետեւյալ հարցը՝ բնակապահովման աջակցության պետական ծրագիրը, որն իրականացնում է ՀՀ կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար, ի՞նչ ֆինանսական միջոցներով է իրականացվում՝ միջազգային դրամական օգնության, թե՞ այլ միջոցներով։

Ի պատասխան տեղեկացել են․ «ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցած ծրագրի վերաբերյալ ձեր կողմից ներկայացված հարցադրումների առենչությամբ հայտնում ենք, որ ծրագիրն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով, իսկ ծրագրի շրջանակներում ընտանիքներին արդեն իսկ տրված է հնարավորություն ազատ ընտրության միջոցով իրենց նախընտրելի բնակավայրերում ձեռք բերել կամ կառուցել բնակարաններ կամ անհատական բնակելի տներ»։

Արցախցիները տեւական ժամանակ է՝ բարձրաձայնում են նաեւ համայնքով կոմպակտ բնակեցման խնդիրը։ Տիգրան Խաչատրյանի գրասենյակին նաեւ հարց էինք ուղղել այս մասին՝ արդյոք նպատակահարմա՞ր չէր, որ հատկացվող միջոցներով բռնի տեղահանվածների համար սոցիալական բնակարաններ կառուցվեին, որպեսզի համայնքը միասնական բնակվեր։

Մեր այս հարցին ընդհանրապես չեն պատասխանել։

Փաստերի ստուգման հարթակը, հղում անելով փոխվարչապետի գրասենյակին, հայտնել էր, որ ԼՂ-ում էթնիկ զտումից ի վեր արցախցիներին բաշխվել է միջազգային դրամական օգնության փոքր մասը՝ մոտ 8 միլիարդ դրամը կամ 12.4%-ը։ Ո՞ւր է ուղղվել գումարի մյուս մասը, ի՞նչ ծրագրեր եք նախատեսում իրականացնել այդ միջոցների հաշվին։

Մեր այս հարցին Տիգրան Խաչատրյանի գրասենյակից հետեւյալ պատասխանն են տվել․

«Հիմք ընդունելով Լեռնայի Ղարքաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման նպատակով արտաքին աջակցության վերաբերյալ հրապարակային հայտարարությունների մշտադիտարկումը, Արտաքին գործերի նախարարության կողմից դիվանագիտական խողովակներով ստացող տեղեկատվությունը, ինչպես նաեւ գործընկեր կառույցների հետ պարբերաբար իրականացվող ճշգրտումները՝ տեղեկացնում ենք, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված արտաքին աջակցությունը տրամադրվել է հետեւյալ հիմնական ուղղություններով․

Ուղիղ բյուջետային աջակցություն․  ՀՀ ֆինանսների նախարարության՝ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց» աջակցության հատուկ հաշվեհամարին ուղիղ նվիրատվություն է իրականացվել Լիտվայի եւ Լատվիայի կառավարությունների կողմից, համապատասխանաբար, 350 000 եւ 100 000 եվրոյի եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից՝ 1 մլն ԱՄՆ դոլարի չափով։

Միաժամանակ, Հանրապետության նախագահի 2024 թվականի հունիսի 24-ի հրամանագրով հաստատված՝  Հայաստանի հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջեւ «Պետության եւ դիմակայունության ամրապնդման պայմանագիր Հայաստանի Հանրապետության համար» ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում ՀՀ-ին հատկացվել է 15 մլն եվրո դրամաշնորհ, (2024 թվականի դեկտեմբերին համաձայնագրում կատարված լրացումների արդյունքում նախատեսվել է եւս 25 մլն եվրո բյուջետային աջակցություն), որի նպատակն է աջակցել Հայաստանի սոցիալական եւ տնտեսական դիմակայությանը, մասնավորապես, նպաստել կառավարության՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարճաժամկետ եւ միջնաժամկետ խնդիրների հասցեագրման եւ վերջիններիս սոցիալ-տնտեսական ներառմանն ուղղված քաղաքականության իրագործմանը։

Բնաիրային աջակցություն․ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի եւ առանձին պետությունների կառավարությունների ու մասնավոր նախաձեռնությունների կողմից ՀՀ-ին տրամադրվել են նաեւ բնաիրային աջակցություն, որի բաշխումն իրականացվել է ՀՀ կառավարության որոշման պահանջներին համապատասխան։

Բյուջետային աջակցության վարկերի արտոնյալության աստիճանը բարձրացնելուն ուղղված միջոցներ․  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման նպատակով հնարավոր աջակցության ուղղությամբ առկա գործիքակազմի բացահայտման եւ դրանց կիրառման հնարավորությունների շուրջ միջազգային ֆինանսական գործընկեր կառույցների հետ տարված աշխատանքների արդյունքում՝ 2023 թվականի դեկտեմբերի 11-ին Հայաստանը դարձել է Համաշխարհային բանկի «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» (Global Concessional Financing Facility) շահառու։ 2024 թվականի մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրվել է «Կանաչ, կայուն եւ ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը, որի շրջանակներում տրամադրվող 92․3 մլն ԱՄՆ դոլար վարկային միջոցները լրացվել են «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» շրջանակներում հավաքագրված 16 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհային միջոցներով։

Գործընկեր կառույցների միջոցով․ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի եւ «Փախստականների կարիքների արձանագրման» ծրագրի շրջանակներում վերջինիս գործընկեր կառույցների միջոցով հավաքագրվել է շուրջ 52 մլն ԱՄՆ դոլար։ Բացի այդ, շուրջ 50 մլն դոլարի աջակցություն հատկացվել է ԿԽՄԿ-ի, Հայկական կարմիր խաչի, առանձին պետությունների զարգացման գործակալությունների եւ Հայաստանում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների միջոցով։

Ինչ վերաբերում է այս ուղղությամբ, ինչպես նաեւ այլ միջազգային եւ տեղական գործընկերներ կառույցների կողմից ստացված աջակցության մանրամասներին, տեղեկացնում ենք, որ վերջիններիս ուղղակիորեն փոխկապակցված միջոցների վերաբերյալ հավելյալ մանրամասներ ստանալ նպատակով անհրաժեշտ է դիմել տվյալ կազմակերպությունների։ Կառավարության լիազորությունների տիրույթում է վերոնշյալ աջակցության այն հատվածի մասին տեղեկատվության տրամադրումը, որն իրականացվել է կառավարության կողմից հաստատված սոցիալական աջակցության ծրագրերի համար ֆինանսավորման եղանակով։

Մասնավորապես, առանձին միջոցառումների ուղղությամբ համագործակցության շրջանակներում ՀՀ կառավարության կողմից հաստատված դրամական աջակցության 5 ծրագրերից միջազգային կամ տեղական գործընկերները միացել են երկուսին։ 100 հազարական դրամ միջոցառման համար 11․4 մլրդ դրամ աջակցությունը տրամադրվել է բացառապես ՀՀ պետբյուջեից։ 50 հազարական դրամական աջակցության միջոցառման շրջանակում տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից վճարվել է շուրջ 1 մլրդ դրամ, ՀՀ պետական բյուջեից՝ շուրջ 8․5 մրդ դրամ։

ՀՀ կառավարության 2013 թվականի N 1763-Լ որոշմամբ սահմանված սոցիալական աջակցության միջոցառման շրջանակում 2025 թվականին տեղական եւ միջազգային կազմակերպությունների կողմից վճարվել է շուրջ 17 մլն դրամ, ՀՀ պետական բյուջեից՝ շուրջ 15 մլրդ դրամ։ Այս միջոցառման շրջանակում 2013 և 2014 թվականների ընթացքում տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից վճարվել է շուրջ 5.8 մլրդ դրամ, ՀՀ պետական բյուջեից՝ շուրջ 85 մլրդ դրամ»

ՀՀ կառավարության 21․11․2024 թվականի N1833-L որոշմամբ սահմանված սոցիալական աջակցության միջոցառման շրջանակում ավելի քան 19 մլրդ դրամ աջակցությունը տրամադրվել է բացառապես ՀՀ բյուջեից։

ՀՀ կառավարության 11.04.2025 թվականի N 417-Լ որոշմամբ սահմանված ԼՂ-ից բռնի տեղավորված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության տրամադրման շրջանակներում ֆինանսավորումը կիրականացվի հուլիս ամսից՝ հունիսին տրամադրված գնումների հիման վրա»։

Հարցին՝ եթե միջազգային հանրությունը ֆինանսական միջոցներ հատկացնում է փախստականներին, ինչո՞ւ է ՀՀ կառավարությունը որոշել Արցախից բռնի տեղահանվածների սոցիալական ծրագրերը կրճատել, հետեւյալ պատասխանն են տվել։

Կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ուղղված ծրագրերն իրականացնում է կարճաժամկետից երկարաժամկետ միջոցառումների անցման տրամաբանությամբ, ուստի, աջակցությունները ոչ թե կրճատվում են, այլ դառնում են առավել հասցեական, թիրախային եւ միտված ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների երկարաժամկետ կարիքների հասցեագրմանը։

Ռոզա Հովհաննիսյան