Պուտինը զրուցել է Հռոմի պապի և Թրամփի հետ

  • 23:37 04.06.2025

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապ Լեո XIV-ի հետ:

«Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մտքերի փոխանակման ընթացքում Պուտինը վերահաստատել է քաղաքական և դիվանագիտական միջոցներով խաղաղության հասնելու իր շահագրգռվածությունը և ընդգծել, որ ճգնաժամի վերջնական, արդար և համապարփակ լուծման համար անհրաժեշտ է վերացնել դրա արմատական պատճառները», – հայտնել է Կրեմլը։

Պուտինն այսօր նաև ԱՄՆ նախագահի հետ է հեռախոսազրույց ունեցել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քննարկել Ուկրաինայի կողմից Ռուսաստանի վրա վերջերս իրականացված դրոնային հարձակումները և Իրանի հետ կապված զարգացումները։

Թրամփի խոսքով՝ զրույցի ընթացքում Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանը ստիպված կլինի արձագանքել ուկրաինական հարձակումներին։

«Զրույցը լավն էր, բայց ոչ այնպիսի զրույց, որը կարող է անմիջապես խաղաղության բերել», – գրել է նա Truth սոցիալական հարթակում:

«Ես հայտարարեցի նախագահ Պուտինին, որ Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք, և կարծում եմ՝ այս հարցում մենք համակարծիք էինք», – նշել է ԱՄՆ նախագահը:

Զրույցը տևել է մոտ մեկ ժամ 15 րոպե։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին մանրամասներ է հայտնել։

Ուկրաինա. հարվածներ, բանակցություններ և դրանց խափանման փորձեր

Ինչպես նշել է Ուշակովը, զրույցը սկսվել է Ուկրաինայում հակամարտության քննարկմամբ։ Պուտինը մանրամասն խոսել է Կիևի կողմից ռուսական օդանավակայանների վրա վերջերս կատարված հարձակումների մասին։
«Թրամփի համար շատ օգտակար էր լսել մեր գնահատականները տեղի ունեցածի վերաբերյալ… Երկու կողմերն էլ վճռական էին քննարկել այս ահաբեկչական հարձակումները», – ասել է Ուշակովը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը հաստատել է, որ Միացյալ Նահանգները նախապես տեղեկացված չի եղել Կիևի կողմից այդ հարվածները իրականացնելու ծրագրերի մասին։ Բացի այդ, ըստ ռուսական կողմի, քննարկվել են Ստամբուլում բանակցությունները խափանելու Ուկրաինայի փորձերը։
«Ընդգծվել է, որ Ուկրաինան փորձել է խափանել բանակցությունները՝ քաղաքացիական օբյեկտների վրա թիրախային հարձակումներ իրականացնելով», – պատմել է նախագահի օգնականը։
Պուտինը Թրամփին տեղեկացրել է Ստամբուլում տեղի ունեցած ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլի բովանդակության մասին։ Նա դրանք անվանել է «օգտակար» և հույս հայտնել շարունակել երկխոսությունը՝ վերլուծելով Մոսկվայում և Կիևում պատրաստված հուշագրերը։
Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում կողմերը համաձայնության են եկել գերիների, այդ թվում՝ ծանր վիրավորների և 25 տարեկանից փոքր գերիների լայնածավալ փոխանակման վերաբերյալ։ Որոշվել է նաև ժամանակավոր հրադադար հայտարարել որոշակի տարածքներում՝ զոհվածների մարմինները հավաքելու համար։
Ինչ վերաբերում է Պուտինի և Զելենսկու միջև հնարավոր հանդիպմանը, Ուշակովը ընդգծել է, որ «այս հարցը երբեք գործնական հարթության վրա չի եղել», և Մոսկվան շարունակում է պնդել, որ միայն պատվիրակությունների միջև բանակցությունների պետք է կայանան։
Ուկրաինական թեմայից բացի Պուտինը և Թրամփը քննարկել են միջազգային օրակարգը, մասնավորապես՝ Իրանի միջուկային ծրագիրը։ Ուշակովն ասաց, որ առաջնորդները ուշադրություն են դարձրել Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունների շուրջ ստեղծված «լճացած իրավիճակին»։ Թրամփը, իր հերթին, կրկին հայտարարել է, որ անընդունելի է համարում Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը։

Պետությունների ղեկավարները նաև մտքեր են փոխանակել ռուս-ամերիկյան համագործակցության վերականգնման հեռանկարների վերաբերյալ։ Ուշակովի խոսքով՝ նախագահները համաձայնել են, որ երկկողմ հարաբերությունները հսկայական ներուժ ունեն տարբեր ոլորտներում։