Բախումներ Լոս Անջելեսում՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո

  • 21:08 07.06.2025

Լոս Անջելեսի կենտրոնում երեկ երեկոյան բախումներ են բռնկվել ոստիկանության ու ցուցարարների միջև, որոնք փողոց են դուրս եկել ապօրինի ներգաղթյալների դեմ իրավապահների լայնածավալ ռեյդերից հետո։

«Ռոյթերզ»-ի հաղորդմամբ, ոստիկանությունը հատուկ միջոցներ, այդ թվում՝ մահակներ ու արցունքաբեր գազ է կիրառել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են։
Ավելի վաղ՝ օրվա ընթացքում ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության աշխատակիցները ստուգումներ էին անցկացրել քաղաքի մի շարք շրջաններում: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների, իրավապահնեը ձերբակալել են 40-ից ավելի անձանց, որոնք առաջիկայում պետք է վտարվեն երկրից։

Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը դատապարտել է այս խուզարկությունները, պնդելով, թե այդ քաղաքականությունը «սարսափ է սերմանում համայնքներում և խաթարում է անվտանգության հիմնական սկզբունքները»։