DW
ԱՄՆ դաշնային կառավարությունը որոշել է կրկնապատկել Լոս Անջելեսում տեղակայված Ազգային գվարդիայի զորքերի թիվը՝ հակամիգրացիոն ռեյդերի դեմ բողոքի ցույցերի ֆոնին, մինչև 4000 մարդ: Այս մասին երկուշաբթի՝ հունիսի 9-ին, X սոցիալական ցանցում հայտարարել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը։
Ազգային գվարդիայի նոր ստորաբաժանումներից բացի, Լոս Անջելես կուղարկվի նաև Կալիֆոռնիայի Քեմփ Փենդլթոն բազայից 700 ծովային հետևակային: ԱՄՆ նախագահի վարչակազմը որոշումը հիմնավորել է «դաշնային աշխատակիցների և շենքերի նկատմամբ սպառնալիքների աճով», գրում է AFP-ն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Լոս Անջելեսում շարունակվող բողոքի ցույցերը, անկարգություններ ստեղծելու համար մեղադրել է «պրոֆեսիոնալ խռովարարներին և անկարգությունների կազմակերպիչներին»: Նա սպառնացել է Կալիֆոռնիա ուղարկել դաշնային կենտրոնին, այլ ոչ թե տեղական իշխանություններին ենթարկվող ավելի շատ ուժայիններ: Իսկ իր Truth Social սոցիալական ցանցում գրառման մեջ Թրամփը սպառնացել է բռնությամբ այն ցուցարարների նկատմամբ, ովքեր «անհարգանք» կցուցաբերեն իր ուղարկած զինվորների նկատմամբ:
Կալիֆոռնիայի նահանգապետ և Դեմոկրատական կուսակցության անդամ Գևին Նյուսոմը Լոս Անջելեսում բողոքի ցույցերը ճնշելու համար ծովային հետևակի ուժեր օգտագործելու Թրամփի որոշումը անվանել է «ոչ ամերիկյան»: Նյուսոմը կարծում է, որ նման ստորաբաժանումները պետք է պայքարեն արտաքին սպառնալիքների դեմ, այլ ոչ թե գործեն երկրի ներսում: «Նրանք չպետք է ուղարկվեն ամերիկյան հող՝ մեր սեփական քաղաքացիների դեմ պայքարելու և բռնապետ նախագահի խելահեղ ֆանտազիան իրականացնելու համար», – հայտարարել է Կալիֆոռնիայի նահանգապետը։
Միևնույն ժամանակ, Նյուսոմը խոստացել է դատի տալ Թրամփին։