Կիևի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին ուկրաինական կարգավորման համատեքստում որպես օրինակ բերել է Լեռնային Ղարաբաղը։ «Եթե մենք դադարեցնենք հակամարտությունը ռազմաճակատի երկայնքով, կնքենք ինչ-որ հրադադար, ապա այս տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի», – RT-ին տված հարցազրույցում ասել է Մեդինսկին։
Նա կարծում է, որ նման սցենարի դեպքում Ուկրաինան որոշ ժամանակ անց կմիանա ՆԱՏՕ-ին, կփորձի վերագրավել տարածաշրջանը, և դա կլինի մոլորակի վերջը։ «Մենք չենք ուզում պատրվակ ունենալ՝ հսկա Ղարաբաղ, որը ոչ մեկի կողմից չի ճանաչվել, որի պատճառով կարող է սկսվել միջուկային պատերազմ», – հավելել է նա։ Ռուսաստանը ցանկանում է լիարժեք խաղաղություն կնքել նոր տարածքների ճանաչմամբ։
Դարեր շարունակ Կրեմլը փոքրիկ Ղարաբաղը համարում էր Ռուսական կայսրության տակ դրված ական՝ սկսած 1813 թվականից, երբ ռուս-պարսկական պատերազմից հետո տարածաշրջանը միացվեց Ռուսաստանին։ Այն միակ հայկական մարզն էր, որտեղ պահպանվել էին պետական կառավարման մարմինները՝ մելիքությունները, և հայոց կաթողիկոսը նստած էր Գանձասարում։ Ռուսաստանին միանալուց հետո կաթողիկոսությունը անմիջապես վերացվեց, և հայ ազնվականությունը, որն ուներ հողի ժառանգական իրավունք, ջարդուփշուր արվեց։
Խորհրդային տարիներին Ստալինը Նախիջևանը և Ղարաբաղը հանձնեց հանկարծակի ձևավորված Ադրբեջանին՝ դրանք որպես հայկական պետականության կենտրոններ վերացնելու համար։ Նախիջևանը հայաթափվեց, բայց Ղարաբաղը՝ ոչ, և 1990-ականների սկզբին Ղարաբաղում հայկական պետականության արմատները կրկին ամրապնդվեցին, վեր վարձրացան և քանդեցին անսասան թվացող խորհրդային ասֆալտը։ Այս արմատներից կրկին աճեց հայկական պետությունը Խորհրդային Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Շահումյանի տարածքում։
Մոսկվան ամեն ինչ արեց հայկական մեծ պետության ստեղծումը կանխելու համար՝ նախ անջատելով Արցախը նոր Հայաստանից և անվանելով այն «ինքնահռչակ չճանաչված հանրապետություն», իսկ 30 տարի անց՝ 2020-2023 թվականներին, օկուպացնելով Ղարաբաղը և վտարելով այս հողերի նկատմամբ անքակտելի իրավունք ունեցող բնակչությանը։
Ղարաբաղյան վերքը դեռ երկար ժամանակ ցավոտ կլինի Ռուսաստանի համար, և Մեդինսկին դեռ կհամեմատի Ղարաբաղի հետ Հյուսիսային Կովկասը, այն ամենը, ինչ Ռուսաստանը կարողացել է նվաճել Ուրալից այն կողմ վերջին 300 տարիների ընթացքում, չխոսելով Կալինինգրադի մասին։ Ղարաբաղը ազգային պետականության, նստակյացության և դիմադրության խորհրդանիշ է, իսկ դա անբուժելի վերք է Ռուսաստանի համար։
Ռուսաստանը կվճարի Ղարաբաղի համար մինչև վերջին Մուսկովիան։
Նաիրա Հայրումյան