2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում և դրանից հետո լրագրության դերը, սահմանները և պատասխանատվությունը հայտնվեցին հանրային քննարկման կիզակետում։ Մեդիափորձագետ Հարություն Մանսուրյանը, տարիներ շարունակ Արցախի կյանքը վավերագրելով՝ ֆիլմեր նկարելով «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» եւ «Ստեփանակերտի մամուլի ակումի» հետ համատեղ, խոսել է լրագրողի առաջ կանգնած էթիկական ու մասնագիտական մարտահրավերների մասին։
«Ինչ-որ մի պահի ակնհայտ դարձավ, որ վատ խաղ են խաղում մեր գլխին։ Ավելի լավ է իմանաս դառը ճշմարտությունը եւ ապրես այդ ճշմարտությունը, քան այդ լավ սուտը, որ թմրանյութի նման քեզ քնեցնում է՝ մինչև նոյեմբերի 9-ը, երբ կարող էիր կաթված ստանալ»,- ասում է փորձագետը։
Մեդիա դաշտում ճշմարտությունն ասելը հաճախ դիտարկվում է որպես վտանգավոր քայլ, հատկապես պատերազմի ժամանակ, երբ նույնիսկ լրագրողները կարող են ընկալվել որպես թշնամի։ Կային նաեւ պատերազմի ժամանակ լրագրողներ, ովքեր իրենց տեսած իրականությունն էին մատուցում եւ որպես թշնամի էին ընկալվում, պետական քարոզչության հերքողներ էին համարվում։
Մանսուրյանը պատմում է դեպք Հադրութից․ « Հիշում են ինչպես էր «Բարս մեդիա»-ի մեքենան գնացել Հադրութ։ Ասում էին՝ իջնում եմ ներքեւ, իսկ իրենց պատասծանել են՝ մի իջեք, էլ մերը չէ»։ Նա ընդգծում է, որ այդ օրերին Հադրութից ստացած կադդրերը իրավական հիմքեր էին՝ քաղաքացիական անձանց գնդակահարությունները, ռազմական հանցագործությունները ներկայացնելու համար։
Նա նաեւ կարեւորում է նախորդ տարիների վավերագրական աշխատանքը՝ ասելով․ «Մենք մարդկանց ճակատագրեր ենք վավերագրել, Արցախի կյանքն ենք վավերագրել։ Վավերագրությունը կոնյակի նման է․ որքան գնում է, այնքան թանկ է դառնում»։
Մանսուրյանի խոսքով՝ կոնֆլիկտային լրագրությունը պահանջում է ճշմարտության բացահայտում՝ պահպանելով էթիկական սահմանները․ «Արժե բացահայտել ճշմարտությունը և տալ այդ ճշմարտությունը։ Մարդիկ իրավունք ունեն լսել ճշմարտությունը։ Կոնֆլիկտային լրագրությունը հենց դա է՝ տալ ճշմարտությունը էթիկայի սահմանների մեջ»։
Լրագրողը, ըստ Մանսուրյանի, կանգնած է երկակի ինքնության մեջ՝ քաղաքացի և մասնագետ․ «Դու և քաղաքացի ես, և լրագրող։ Մեզ հաճախ ասում են՝ թշնամու ջրաղացին ջուր մի լցրեք։ Ամենահեշտը լրագրության մեջ տալն է այն, ինչ մարդը ուզում է լսել։ Բայց ճշմարտության հետևից գնացող լրագրողը չպիտի վախենա։ Եթե զորքը հետ է գալիս, իսկ մենք լսում ենք, թե «հաղթելու ենք», վերջում միեւնույն է առերեսվելու ենք նոյեմերի 9-ին»,- ասում է նա։
Հարություն Մանսուրյանի խոսքերը նորից բարձրացնում են այն կարեւոր հարցը, թե ինչ է նշանակում լինել լրագրող ճգնաժամային իրավիճակում։ Երբ իրականությունը սուր է, ճշմարտությունը ցավոտ, իսկ լսարանը՝ հոգնած, լրագրողն էլ ստիպված է որոշում կայացնել՝ ծառայել հարմարավետ մոլորեցնո՞ւմին, թե՞ իրականությանը՝ անկախ դրա դառնությունից։
Մարիամ Սարգսյան