Երուսաղեմում հայկական համայնքին պատկանող տարածքների նկատմամբ ոտնձգությունները շարունակվում են

  • 19:45 10.06.2025

Երուսաղեմում հայկական համայնքին պատկանող տարածքների նկատմամբ ոտնձգությունները շարունակվում են։ Օրթոդոքս հրեաների մի խումբ կիրակի օրը փորձել է առանց թույլտվության մտնել Երուսաղեմի հայկական թաղամասի փակ տարածք՝ Սուրբ Հակոբ տաճար։ Հայերը, զգուշանալով սադրանքներից, թույլ չեն տվել նրանց դա անել։

Հայ համայնքի ներկայացուցիչ Բեդիգ Գիրագոսյանը step1.a-ի հետ զրույցում ներկայացրեց իրավիճակը։

«Սադրանքները միշտ էլ կան, մեկ շաբաթ առաջ տոն էր իրենց մոտ, շատ էին գալիս-գնում մեր թաղ։ Մի երկու դեպք տեղի ունեցավ, մեկ անգամ գիշերով, մեկ անգամ էլ առավոտյան ուզում էին վանք մտնել։ Պահակը դուրս է եկել, իրենց ասել է՝ արգելված է, սա եկեղեցու տարածք է։ Ասել են՝ ոչ, սա մեր երկիրն է, կմտնենք։ Մեր թաղամասից մեկը փողոցով անցնում էր, որը եբրայերեն շատ լավ գիտի, կարողացավ իրենց խոսելով հեռացնել։ Եթե ուրիշ մարդ անցած լիներ տարածքով, կարող էր շատ ուրիշ ձեւով վերջանալ այս հարցը։ Իրենք ուզում են ամեն տեղ մտնել, իրենց ասում են՝ սա արգելված տարածք է, բայց իրենք ուզում են մտնել»,- ասաց Գիրագոսյանը։

Ըստ նրա՝ եթե, օրինակ, հրեաները գան մոտ 10 հոգով ու փորձեն մտնել հայկական տարածք, ավելի մեծ խնդրի առաջ կկագնի հայ համայնքը, պետք է զգոն լինել։ Գիրագոսյանն ասաց, որ հայկական համայնքը վճռական է տրամադրված, շարունակում են պաշտպանել հայկական տարածքները։ «Մենք մեր տարածքները պաշտպանում ենք այստեղ եւ ոչ ոքի թույլ չենք տա մեր 1600 տարվա պատմության հետ խաղալ»,- ասաց նա։

Բեդիգ Գիրագոսյանի խոսքով՝ հայկական թաղամասի վերաբերյալ դատական գործերից դեռ նորություն չկա։ Նա հույս հայտնեց, որ մինչեւ տարվա վերջ դատական նիստ կլինի, ասաց, որ շատ են հետաձգում գործի քննությունը։

Հիշեցնենք, որ Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տարածքը հայոց պատրիարքարանը 99 տարով վարձակալության էր հանձնել իսրայելական ընկերությանը: Հետագայում հայ համայնքի ճնշման ներքո պատրիարքարանը չեղարկել է այս պայմանագիրը՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքն իսրայելական «XANA CAPITAL» ընկերությանը նամակ է ուղարկել վարձակալության պայմանագիրը չեղարկելու մասին։ Հայկական թաղմասի վրա մի քանի հարձակումներ են եղել անցած մեկ տարվա ընթացքում։ Այս գործը դատարանում է։ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանն էլ վերջեչս մեկ այլ խնդրի մասին էր ահազանգել․ Երուսաղեմի քաղաքապետարանը ձգտում է բռնագրավել դարեր շարունակ Հայոց պատրիարքարանին պատկանող գույքը և այն աճուրդի հանել՝ 1994 թվականից ի վեր իբր գոյացած համայնքային պարտքերը բռնագանձելու համար։ Պատրիարքարանը վարչական հայց էր ներկայացրել քաղաքապետարանի այս որոշման դեմ։

Ռոզա Հովհաննիսյան