«Քեզ այնտեղ չեմ տեսել»․ Արցախի նախկին զինվորականը պատասխանում է մեղադրանքներին

  • 09:35 11.06.2025

2023 թվականի Արցախից հայ բնակչության բռնի տեղահանումից հետո հայկական հասարակության որոշ շրջանակներում սկսեցին տարածվել գնահատումներ ու կարծիքներ, որոնք մեղադրող երանգներով անդրադառնում էին թե՛ տեղահանված բնակչությանը, թե՛ ռազմաճակատում կռվողներին։ Հնչեցին պնդումներ՝ իբր արցախցիները չեն կռվել, չեն դիմադրել, չեն պահել իրենց հողը, իսկ որոշ դեպքերում՝ անգամ մեղադրանքներ հայաթափումը «իրենց մեղքով» իրականացնելու վերաբերյալ։

Այսպիսի խոսույթները՝ հաճախ հենված անձնական կարծիքների, հատուկ տարածվող խոսույթի, ոչ թե փաստերի կամ փորձագիտական գնահատականների վրա, վնասում են թե՛ Արցախի թեմայով հանրային պատկերացմանն ու քննարկմանը, և թե՛ այն մարդկանց արժանապատվությանը, ովքեր պատերազմի ժամանակ արել են հնարավոր ամեն ինչ՝ երկիրն ու ժողովրդին պաշտպանելու համար, վստահ է «Արցախի պահեստազորի սպաների միության անդամ» Գրիգորի Սահակյանը։

Որպեսզի նման թեզերի իրական անհիմն բնույթը պարզ դառնա, կարևոր է լսել նրանց, ովքեր իրապես եղել են այնտեղ՝ առաջնագծում, բախվել պատերազմին, անցել դրա բոլոր փուլերով։

– Ինչպե՞ս եք վերաբերվում այն կարծիքներին, թե արցախցիները չեն կռվել, չեն պաշտպանել իրենց տունը։

– Նախ, պետք չէ պանիկայի մեջ ընկնել ու սկսել քննարկել, թե ինչ են ասում մեր մասին։ Բազմիցս պատասխան է տրվել։ Այս խոսույթները տարերային չեն, դրանք որոշ շրջանակների կողմից օգտագործվում են քաղաքական նպատակներով։ Դրանք անհատների ստեղծած խոսույթներ են, որոնց մեջ մասնագիտական որևէ հիմք չկա։

Այն, ինչ տեղի է ունեցել՝ դա պատերազմից առաջ տարիներ շարունակ ձևավորված պատճառների հետևանքն է։ Պետք չէ ավելորդ խոսակցություններ ստեղծել։ Եթե չեք տիրապետում իրականությանը՝ նստեք, կարդացեք, ուսումնասիրեք։

Ես այնտեղ եմ եղել, կռվել եմ, որքան կարողացել եմ։ Իմ հնարավորություններն այդքան են ներել։ Իսկ ճիշտն ասած՝ քեզ այնտեղ չեմ տեսել։ Գայիր, օգնեիր։

Այս խոսքերը ոչ թե արդարացում են, այլ փաստերի արձանագրում։ Քննադատելուց առաջ պետք է հիշել՝ յուրաքանչյուր մարդ պատերազմի ժամանակ կանգնել է կյանքի ու մահվան առաջ։ Արցախում հազարավոր մարդիկ մինչև վերջ մնացին իրենց հողի վրա, մինչև վերջին հնարավորությունը պայքարեցին, և այդ պայքարի ժառանգությունը երբեք չպետք է խեղաթյուրվի հապճեպ դատողություններով։

Մարիամ Սարգսյան