Հունիսի 23-ին արցախցիները կհայտարարեն պայքարի երկրորդ փուլի մասին։ Այս մասին այսօր ասուլիսում ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը։
«Մենք համաձայնեցինք սոցիալական հարցերի մասով քննարկումներ ունենալ ՀՀ կառավարության հետ։ Մեր նախապայմանն այն էր, որ կենսական նշանակության սոցիալական խնդիրները պետք է լուծվեն։ Եվ դիրքորոշումը հստակ է, որ մինչեւ արցախահայությունը բնակարանով չապահովվի, մինչեւ բնակարանային ծրագիրը մատչելի չլինի մեր բոլոր հայրենակիցների համար, պետք է բնակվարձի աջակցության ծրագիրը շարունակվի»,- նշեց նա։
Ապրես Մարգարյանն ասաց, որ կառավարությունում իրենց ասել էին, թե 1-2 ամսում բացթողումները կկարողանան շտկել։ «Բանակցությունները շարունակվում են, այսինքն՝ փակուղի չեն մտել, բայց մենք ունենք հետեւյալ խնդիրը՝ մեկ ամիս հետո մեր հայրենակիցների զգալի հատվածը բախվելու է շատ լուրջ խնդիրների։ Այսինքն՝ բնակվարձը չեն կարողանալու տալ եւ սոցիալական ծանր վիճակի առջեւ են կանգնելու։ Եվ այդ առումով հստակ ունենք դիրքորոշում՝ կառավարության հետ քննարկումների այս արդյունքները բավարար չեն, մենք հունիսի 23-ին հայարարելու ենք պայքարի երկրորդ փուլի մասին եւ ասելու ենք՝ ինչ ճանապարհով ենք պայքարելու։ Այն հրապարակային հայտարարությունները, որոնք արել ենք, եթե կառավարությունն իր խոստումը չկատարի, դա ուժի մեջ է։ Բայց եկեք մի բան արձանագրենք՝ խորհուրդը կարող է հաջողության հասնել, եթե մենք այս հարցերի շուրջ, ոչ միայն սոցիալական հարցերի շուրջ, արցախցիների իրավունքների, Արցախի հարցի շուրջ ունենանք լայն համախմբվածություն»,- հավելեց նա։
Մարգարյանը նշեց, որ մինչեւ հունիսի 23-ը քննարկումներ են անցկացնելու արցախցիների, նաեւ այն միավորումների հետ, որոնք աջակցում են իրենց օրակարգը։ Այդ ամենի արդյունքում հունիսի 23-ին խորհուրդը հայտարարելու է իր գործողությունների մասին։ «Այսինքն՝ եթե կարճ ամփոփենք, համարում ենք, որ այս արդյունքները բավարար չեն եւ հավաստիացնում ենք, որ պայքարելու վճռականություն ունենք»,- նշեց նա։