«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից իրականացվող «Կանանց առաջնորդության ակադեմիա» կրթական ծրագրի շրջանակներում օրեր առաջ Արցախից բռնի տեղահանված կանանց մասնակցությամբ կազմակերպվեց մասնագիտական եռօրյա դասընթաց:
«Հունիսի սկզբին տեղի ունեցավ մասնագիտական եռօրյա դասընթաց «Կրթություն և վերականգնում. Արցախից բռնի տեղահանված կանանց կարողությունների զարգացում» ծրագրի շահառու կանանց համար։
Հանդիպման առաջին օրը հոգեբան Նարինե Խաչատրյանի հետ ողջ օրվա ընթացքում հոգեբանական տրավմաների հաղթահարման խմբային թերապիա եւ յոգա իրականացրեցին, սովորեցին, թե ինչպես հաղթահարել հոգեբանական դժվարությունները յոգայի միջոցով, ինչպես հետագայում յոգայի միջոցով ինքնուրույն կարողանան կառավարել սթրեսային իրավիճակներն ու դրանց հետեւանքները հասցնել նվազագույնի։
Երկրորդ օրը շահառուները ֆինանսիստ, հաշվապահ և վարկային մասնագետ Նարինե Ասլանյանի հետ քննարկեցին ֆինանսական գրագիտության առանձնահատկությունները, ձեռք բերեցին գիտելիքներ ֆինանսական անվտանգության, վարկային հնարավորությունների և ռիսկերի ճիշտ գնահատման, բիզնես փաստաթղթավորման, հարկատեսակների, վարչական իրավախախտումների և մի շարք այլ թեմաների վերաբերյալ։
Երրորդ օրը մասնակիցները շատ հետաքրքիր և բովանդակալից հանդիպում ունեցան հաղորդակցության մասնագետ Գեղամ Հակոբյանի հետ։ Արդյունքում կանայք ձեռք բերեցին սեփական արտադրանքը և ծառայությունները սոցիալական ցանցերի միջոցով հանրայնացնելու հմտություններ, ծանոթացան SMM գործիքակազմին և սոցիալական ցանցեր վարելու գաղտնիքներին, ինչպես նաև դրանց արդյունավետ կիրառման մեթոդաբանությանը։
«Կանանց առաջնորդության ակադեմիա» կրթական ծրագիրն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ»:
Այս մասին հաղորդում է «Հոդված 3» մարդու իրավունքների ակումբը: