Մոսկվան աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանը և պատրաստ է օգնել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։ «Ռուսաստանի համար շատ կարևոր է, որ Հարավային Կովկասում խաղաղություն լինի։ Եվ Իլհամ Ալիևի իմաստության և Վլադիմիր Պուտինի հետ նրա հարաբերությունների շնորհիվ այդ խաղաղությունն այժմ վերականգնվել է», – ասել է Եվդոկիմովը BakuTV հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
Դեսպանը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տրանսպորտային երթուղիների զարգացման, նրանց միջեւ սահմանազատման շարունակման համար։
Բաքուն բազմիցս հայտարարել է, որ իր համար «տրանսպորտային ուղիների զարգացում» նշանակում է «Զանգեզուրի միջանցքի» բացում: Ռուսաստանի դեսպանը, ըստ էության, հայտարարում է Մոսկվայի պատրաստակամության մասին՝ խլել Մեղրիի ճանապարհը Հայաստանից՝ հայ-իրանական սահմանի հետ միասին, և «ազնվորեն» բաժանել այն Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև «սահմանազատումը» կարող է իրականացվել Երասխ-Նախիջևան-Մարգարա գծով կամ, լավագույն դեպքում, Զանգելան-Մեղրի-Նախիջևան գծով:
Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները օրերս հայտարարեցին, որ Թեհրանին հաջողվել է կանխել «Զանգեզուրի միջանցքի» բացումը, որը կոչված է Հայաստանը մասնատելու, հայ-իրանական սահմանը վերացնելու, Իրանի ճանապարհը դեպի Եվրոպա փակելու և, ինչպես Իրանում են ասում, «Ռուսաստանը հարավից մեկուսացնելու»։ Չնայած ակնհայտ է, որ Ռուսաստանը այս նախագծում Իրանի և Հայաստանի կողմից չէ, այլ Թուրքիայի և Ադրբեջանի, և Ռուսաստանի դեսպանը դա ուղղակիորեն ասում է։ Սակայն դեսպանի «առաջարկը» ենթադրում է, որ ոչ ոք այլևս Ռուսաստանին չի հարցնում։
Տարածաշրջանում իրավիճակը սրվում է. Թրամփը խոսում է Իրանի հետ բանակցություններում գրեթե փակուղու մասին, Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանին, Թեհրանը խոստանում է հարվածել տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին, Թրամփը դուրս է բերում իր քաղաքացիներին Իրաքից, Թուրքիան և Ադրբեջանը զորավարժություններ են անցկացնում Նախիջևանում՝ չթաքցնելով իրենց մտադրությունները՝ անաղմուկ օկուպացնել ինչպես հայկական Սյունիքը, այնպես էլ հյուսիսային Իրանը։
Եվ այս ֆոնին ռուսները Ալիևին առաջարկում են Սյունիքում կրկնել այն, ինչ նրանք հաջողությամբ արեցին Արցախում՝ ագրեսիա, ռուսական զորքեր, իսկ մի քանի ամիս անց՝ բաղձալի Զանգեզուրը հանձնել Ադրբեջանին։ Բայց Ռուսաստանը ավելի լավ կանի մտածի իր սեփական հարավի՝ Դաղստանի մասին։