Մարիամ Աբրահամյանն ու Տաթեւիկ Խաչատրյանը հայտարարել են «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդից» դուրս գալու մասին

  • 11:24 12.06.2025

Արցախցիների սոցիալական և քաղաքական իրավունքների պաշտպանության ոլորտում գործող ակտիվ քաղաքացիական գործիչներ Մարիամ Աբրահամյանն ու Տաթեւիկ Խաչատրյանը հունիսի 11-ին հայտարարել են, որ դուրս են գալիս «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդից»՝ հիմնավորելով որոշումը խորհրդի ներսում ձևավորված անվստահության մթնոլորտով, ոչ թափանցիկ որոշումներով և արցախցիների խնդիրների լուծման արդյունավետության պակասով։

«Արցախի մայրիկների աջակցման կենտրոնի» հիմնադիր Մարիամ Աբրահամյանը և համահիմնադիր Տաթեւիկ Խաչատրյանը պարզաբանել են, որ իրենց մասնակցությունը խորհրդին բխում էր հավատից, որ հնարավոր է համատեղ ուժերով բարձրաձայնել արցախցիների սոցիալական խնդիրները։

«Երբ միացանք խորհրդին, կանգնած էինք կարևոր որոշման առաջ։ Չնայած խորհրդի որոշ անդամներին չէինք ճանաչում, իսկ մյուսների՝ Արցախում նախորդ գործունեությունը հարցեր էր առաջացնում, այնուամենայնիվ կարծում էինք, որ պետք է փորձենք օգտակար լինել», — նշել է Տաթեւիկ Խաչատրյանը։

Մարիամ Աբրահամյանի խոսքով, վրանն Ազատության հրապարակից հեռացվել էր այն պայմանով, որ կառավարությունը պետք է ձեռնարկեր սոցիալական ծրագրերի բարելավում՝ արցախցիներին հնարավորություն տալով ձեռք բերել սեփական տներ։ Սակայն, ինչպես նշում է նա, երկու ամսվա ընթացքում ակնկալվող փոփոխություններ տեղի չունեցան, իսկ պայքարը փաստացի կանգ առավ։

«Ես բավականին կոռեկտ ձևով բարձրաձայնեցի, որ կառավարության առաջարկած ծրագրերը բավարար չափով կարիքահեն չեն։ Սակայն դա ընկալվեց որպես պրովոկացիա։ Նույնիսկ լսեցի արտահայտություն, թե փոխվարչապետի հետ հանդիպումը պետք է համարել «երազանքի իրականացում», — պատմում է Աբրահամյանը։

Ըստ Խաչատրյանի, ընթացքում սկսեց խաթարվել նաև ներքին աշխատանքային փոխվստահությունը։ «Շատ հաճախ նախաձեռնությունների և հանդիպումների մասին տեղեկանում էինք մամուլից կամ ասուլիսներից։ Մարիամին սկսեցին չհրավիրել գործընթացներին, իսկ որոշ անդամների պահվածքը մեզ համար դարձավ առաջին մեծ հիասթափությունը»։

Համալիր հիասթափության ֆոնին լրացուցիչ վրդովմունք առաջացրեց խորհրդի վերջին ասուլիսի ընթացքում հնչած հայտարարությունը՝ այն մասին, որ խորհրդի անդամներից մեկին առաջարկվել է Արցախի պետնախարարի պաշտոնը, և նա համաձայնել է։

Աբրահամյանը և Խաչատրյանը նշում են՝ նման որոշումները պետք է ընդունվեն թափանցիկ և հանրային քննարկման արդյունքում, հատկապես երբ խոսքը գնում է կառույցի մասին, որը ներկայացնում է հանրային շահը։

Մարտ ամսին Խորհուրդը կազմակերպել էր 10 հազարանոց ցույց, ինչը մեծ հույսեր էր արթնացրել՝ կարծես թե սկսվել էր մի գործընթաց, որը կկարողանար լուծել կամ գոնե բարձրաձայնել արցախցիների ամենահրատապ խնդիրները։ Սակայն այս սպասումները, ինչպես նշում են ակտիվիստները, չեն արդարացել։

Մարիամ Աբրահամյանն ու Տաթեւիկ Խաչատրյանը վստահեցնում են, որ խորհրդից դուրս գալը չի նշանակում պայքարի դադարեցում։ «Մենք կարող էինք մնալ չեզոք, բայց եթե ազնիվ ես մղումներումդ, չես կարող աչք փակել։ Երբ տեսնենք, որ կան առողջ ուժեր, պատրաստ ենք համագործակցել եւ օգտագործել մեր լծակները՝ առանց ստվեր գցելու հանրային նախաձեռնությունների վրա։ Սակայն այս պահին մենք այլևս չենք հավատում խորհրդի արդյունավետությանը», – եզրափակել են «Արցախի մայրիկների աջակցման կենտրոնի» ներկայացուցիչները։

Մարիամ Սարգսյան