Step1.am-ի զրուցակիցն է Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը։
-Պարոն Շահինյան, Շվեյցարայի խորհրդարանի ստորին եւ վերին պալատները բանաձեւ ընդունեցին՝ Արցախի համար խաղաղության համաժողով կազմակերպելու հարցով։ Այնուհետեւ շվեյցարացի պատգամավորներից բաղկացած հանձնախումբ ձեւավորվեց, որն այս հարցով աշխատանք է իրականացնում։ Կներկայացնե՞ք, ի՞նչ աշխատանք է տարվում։
-Ինչ վերաբերում է օրենսդիրի գործունեությանը, այն օժանդակ մարմինը, որը հիմնվեց մայիսի 26-ին՝ 19 պատգամավորների ներկայությամբ, նպատակ ունի բաց չթողնել այս հարցը եւ պետք եղած ձեւով հետեւել դրան։ Պատգամավորներն ունեն որոշ հնարավորություններ, որոնք հասարակ անձինք չունեն, այսինքն՝ նախ խոհրդարանի ներսում գործել։ Այնուհետեւ զանազան մակարդակի հայցերով պետք է փորձեն այս խնդրին հետեւել։ Մյուս կողմից, կա հնարավորություն, որ խորհրդարանական այն պատվիրակությունները, որոնք արտաքին քաղաքականության մեջ ընդգրկված են, իրենց ձայնը լսելի պետք է դարձնեն անհրաժեշտ ատյաններում, օրինակ՝ ԵԱՀԿ-ում, Եվրոպական խորհրդում։ Այդ հնարավորությունները պետք է գործածվեն, մինչեւ կարողանանք հասնել նպատակին։ Միեւնույն ժամանակ, իրենք նաեւ լրատվամիջոցների հասանելիությունը պետք է օգտագործեն, որպեսզի կարողանան անհրաժեշտ հոդվածներ հրապարակել։ Սա մի աշխատանք է, որն իրենք նախատեսում են իրականացնել։
Միեւնույն ժամանակ, չպետք է բաց թողնվի հնարավորությունը՝ կապեր ստեղծելու այլ երկրների խորհրդարանների հետ, որոնք կարող են նպաստել հակամարտությանը, որը, սակայն, բավականին վտանգի տակ է, քանի որ առաջինը՝ ուժի հարաբերակցությունը շատ մեծ է։ Երկրորդ՝ Հայաստանի պետական դիրքորոշումը մեղմ ասած հստակ չէ, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի գործոնը բարձր պահելու հարցին։ Սա մի կետ է, որը հստակ չի հզորացնում մեր դիրքերը, որովհետեւ նույն անձնավորությունները, որոնք դեմ են, առաջին արգումենտը, որը ներկայացնում են, հենց Հայաստանից եկող անորոշություն է, եթե չասեմ՝ ժխտողական դիրքորոշումը։ Եվ այս հակառակորդների մեջ ընդգրկված է նաեւ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը, որն այս պահին հետաքրքրված չէ այս խնդիրն առաջ տանելու հարցով։
-Այսինքն՝ իրենք ասում են՝ եթե Հայաստանի իշխանությունը չի բարձրացնում այս հարցերը, Շվեյցարիայի գործադիր մարմինը եւս շահագրգռվա՞ծ չէ։
-Դա, իհարկե, մի մեկնաբանություն է, որը ձերն է, եւ չեմ կարծում, որ իրականությունից հեռու լինի։ Կարեւոր է, որ դուք կարդաք Շվեյցարիայի արտգործնախարարության երեկվա պատասխանը, որը տրվել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Էրիխ Վոնտոբելի հարցին։ Ինքը, լինելով այդ հայցի հեղինակներից մեկը, հարց է ուղղել արտգործնախարարությանը, որ պարզի, թե ինչ քայլեր են նախաձեռնվել մարտի 18-ից հետո։ Հիշեցնեմ, որ մարտի 18-ն այն օրն է, երբ Վերին պալատը վերջնականապես ընդունեց այդ բանաձեւը։
–Ինչո՞ւ է կարեւոր Արցախի հարցով խաղաղության համաժողովի անցկացումը, ի՞նչ հնարավորություն կտա դա։
-Եթե այդ համաժողովը կազմակերպվի, հսկայական նշանակություն կունենա, որովհետեւ դրա շնորհիվ հստակեցվում է, որ Արցախի հայության իրողությունը չպետք է թաղվի։ Չպետք է լինի այն նույն ճակատագիրը, որն ունեցավ Նախիջեւանի հայությունը։ Նկատի ունեմ՝ թե Նախիջեւանի հայաթափումը, թե մշակութային կոթողների ոչնչացումը։
–Ի՞նչ հնարավորություն եք տեսնում արցախցիների՝ իրենց հայրենիք վերադառնալու հարցում։
-Հնարավորությունը, իհարկե, կա, եւ նույնիսկ Ադրբեջանը չի ժխտում, որ այդ հնարավորությունը կա։ Իհարկե, իրենց պայմաններն են դնում, որոնք արցախցիների համար անընդունելի են կամ առնվազն իրենց կենցաղի պահանության համար ընդունելի չեն կարող լինել։ Եվ սա ոչ միայն Ադրբեջանը պետք է հասկանա, այլ բոլոր այն երկրները, որոնք մտահոգված են տեղաշրջանի ճակատագրով։ Հետեւաբար, անհրաժեշտ քաղաքական քայլեր պետք է ցուցաբերվեն, որոնք եղան։ Մայիսի վերջին երկու կարեւոր նախաձեռնություններ տեղի ունեցան, որոնք անտարբեր չթողեցին հետաքրքիր ձեւով առաջին հերթին Ադրբեջանին, իսկ խնդիրը բարձրացնելուց հետո՝ նաեւ Հայաստանին։
–Այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ այս զարգացումները ցույց են տալիս, որ միջազգային հարության համար Արցախի հարցը փակ չէ, եւ եթե ՀՀ իշխանությունն աշխատանք տանի այդ ուղղությամբ, հնարավոր է հայանպաստ լուծումների հասնել։
– Դա քաղաքականության օրենքն է։ Եվ եթե դուք աշխատեք եւ խելացի աշխատեք, նույնիսկ չնչին հնարավորություն ունեցող մի առարկա կարող է մարդկանց ուշադրության կենտրոնում հայտնվել։ Ինչպե՞ս պետք է դա արվի, այս հարցին չեմ կարող պատասխանել։ Կան որոշ հնարավորություններ, կան որոշ կանալներ, պետք եղած ուժը պետք է հայթայթել եւ գործի դնել։ Պետք է նաեւ ձեզ շատ անկեղծ ասեմ, որ առաջին գործոնը, որը կարեւոր է, որպեսզի այդ հարցում համախոհ լինի, դա հայկական պետականությունն է։
Ռոզա Հովհաննիսյան