Մոնթեն Մարտունուց հեռու, բայց մարտունեցիների սրտում

  • 19:04 12.06.2025

Այսօր՝ հունիսի 12-ին, նշվում է Մոնթե Մելքոնյանի հիշատակի օրը։ Մարտունու համար այս օրը տասնամյակներ շարունակ եղել է խոնարհման, պարտքի զգացումով լցված հիշողության և մաքառման խորհրդանիշ օր։

Արցախի հերոսի արձանը՝ կանգնած քաղաքի սրտում, կարծես զգուշացում էր ու լուռ վկայություն անցած ու դեռ սպասվող պայքարի մասին։

Արդեն երկրորդ անգամ, մարտունեցիները խնկարկում են Մոնթեի հիշատակը իրենց հայրենիքից հեռու՝ արտահայված ցավով ու կորուստով։ Մոնթեի արձանի մարմարի մի կտորը, ձեռագրով մի թուղթ, որն արժեքով հավասար է անձնագրի, ու մարդկային հիշողությունը՝ դառնում են այն սակավ, բայց ծանրակշիռ բաները, որոնք մարտունեցիներն այսօր սրորեն պահպանում են։

Մարտունուց բերած եզակի իրերի մեջ մարտունեցի Արթուր Դադայանը առանձնացնում է Մոնթեի ձեռագիրը, որը սրբորեն պահում է արդեն 30-ից ավել տաիներ։

«Հարյուրավորները կերազեին գոնե մի անգամ տեսած լինեին Ավոյին, ձեռքը սեղմած լինեին․․․ Այս գրությունը, որով թույլ էր տալիս գնայի որդուս հետևից, սրբորեն պահում էի ծոցագրպանում։ Հետո դարձավ ամենանվիրական փաստաթուղթը, որը միշտ անձնագրիս մեջ էի պահում»- պատմում է Արթուր Դադայանը։

Մարիամ Նալբանդյանը, ով Մարտունուց դուրս եկած վերջին քաղաքացիներից է Մարտունում տեղադրված Մոնթե Մելքոնյանի արձանի մարմարից մի կտոր է բերել։ Արձանը ապամոնտաժվել եւ թաքցրել են, որպեսզի ադրբեջանական վայրագության զոհ չդառնա։

Մարտունուց բռնի տեղահանվածների համար Մոնթեն այլևս միայն պատմություն չէ. նա կենդանի հիշողություն է, որը շարունակում է առաջնորդել անգամ հայրենի հողի կորուստից հետո։ Եռաբլուրում այսօր նրանք լուռ խոսում են Մոնթեի հետ՝ որպես վերջին զինակցի, ում չեն լքում անգամ փախստական դարձած։

Մարիամ Սարգսյան