Ստեփանակերտ մեդիա ակումբի ծրագրի շրջանակում վերջերս «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Մարիամ Աբրահամյանը պատրաստել էր վերլուծական հոդված, որում ներկայացված թվերը փաստում են՝ Երևանում այսօր շուրջ 16,509 երեխա հերթագրված է մանկապարտեզի համար: Այս ցուցանիշն ավելացել է վերջին երկու տարում՝ կապված Արցախի հայաթափման հետևանքով երեխաների թվի ավելացման հետ։ Այնուամենայնիվ, ընդգրկման մակարդակը չի աճել, ինչը ցույց է տալիս, որ համակարգը չի հարմարվել նոր իրողություններին։
Լրացուցիչ պատկերացում է տալիս մեր նախաձեռնությամբ անցկացված հարցումը, որին մասնակցել են 700-ից ավել արցախցի ծնողներ, որոնց 67%-ը նշել են, որ կարողացել են տեղավորել իրենց երեխաներին պետական մանկապարտեզում, իսկ 33%-ը՝ ոչ։ Թվացյալ մեծամասնությունը, սակայն, չի ստվերում այն փաստը, որ յուրաքանչյուր չընդգրկված երեխայի հետևում կա գործազուրկ ծնող, բռնի տեղահանությամբ պայմանավորված սոցիալական ու հոգեբանական ընկճվածություն, բարդ ադապտացիա։
Ինչպես հոդվածում, այնպես էլ հասարակական արձագանքներում նշվում են մի շարք համակարգային խնդիրներ՝
Բոլոր այս խնդիրները ոչ միայն խոչընդոտում են բռնի տեղահանված ծնողների զբաղվածությունը, այլ նաև խաթարում են երեխաների առողջ սոցիալական և հուզական զարգացումը։
Տեղահանված ընտանիքները չեն պահանջում արտոնություններ։ Նրանք պարզապես ասում են՝ բոլոր երեխաները պետք է ունենան հավասար հնարավորություն՝ ստանալու նախադպրոցական կրթություն։ Այս համակարգային ճգնաժամը չի առնչվում միայն տեղահանվածներին․ այն Հայաստանի բոլոր երեխաների խնդիրն է։
Քանի դեռ քաղաքական կամքը չի վերածվում կարճաժամկետ լուծումների՝ մասնավոր մանկապարտեզների սուբսիդավորում, ադապտացիոն մեխանիզմների ներդրում, բռնության կանխարգելման գործիքակազմի զարգացում, տեղահանված մանկավարժների ներգրավում՝ համակարգը կշարունակի վերարտադրել անհավասարություն։
«Ստեփանակերտ» մեդիա ակումբ