ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, և Վաշինգտոնը դեռևս հույս ունի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։
Ամերիկացի առաջնորդն այս մասին ասել է Fox News-ին տված հարցազրույցում՝ Իրանի վրա Իսրայելի կողմից ավիահարվածների սկսվելուց հետո, հաղորդում է ցանցի թղթակից Ջենիֆեր Գրիֆինը X սոցիալական ցանցում։
«Իրանը չի կարող միջուկային ռումբ ունենալ, և մենք հույս ունենք վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Կտեսնենք։ [Իրանական] ղեկավարության մեջ կան մի քանի մարդիկ, ովքեր չեն վերադառնա», – մեջբերել է նա Թրամփի խոսքերը հեռախոսով ձայնագրված հարցազրույցում։
Գրիֆինի խոսքով՝ Թրամփը նաև ասել է, որ ԱՄՆ-ն նախապես գիտեր հարվածների մասին, բայց չի մասնակցել դրանց։
Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև բանակցությունների հաջորդ փուլը, որը ապրիլից ի վեր վեցերորդն է, պետք է տեղի ունենար այս շաբաթավերջին Օմանում։
Սուլթանության իշխանությունները, որը բանակցային գործընթացում միջնորդ է, հայտարարել են, որ դատապարտում են Իսրայելին Իրանի տարածքին հարվածների համար։
Օմանը այս գործողությունները անվանել է վտանգավոր սրացում և ասել, որ դրանք կարող են սպառնալ տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը։